
Եվրոպական խորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալիանսի փոխնախագահ Քաթի Փիրին հայտարարություն է տարածել` դատապարտելով Ադրբեջանում ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումները և մարդու իրավունքների խախտումները:
«Մենք մտահոգված ենք Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլիի դաժան խոշտանգումների վերաբերյալ հավաստի զեկույցներով: Պարոն Ղահրամանլին ընդդիմադիր այն տասնյակ գործիչներից մեկն է, որ հեղաշրջում նախապատրաստելու շատ թույլ մեղադրանքներով ներկայումս ապօրինի կերպով փաստացի տնային կալանքի ենթարկված կուսակցության նախագահ Ալի Քարիմլիի հետ ձերբակալվել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից:
«Այս դատապարտելի գործողությունները ընդդիմության անդամների կողմից ահաբեկման, ոտնձգությունների և ձերբակալությունների համակարգային ձեռագրի մաս են կազմում, որոնք հրահրվում են նախագահ Ալիևի կողմից, որը իր ելույթներում բազմիցս հորջորջում է նրանց որպես «հինգերորդ շարասյուն» և «դավաճաններ»: Ադրբեջանի օրենսդրության և երկրի միջազգային պարտավորությունների խախտմամբ` նրանք զրկված են իրենց հիմնարար իրավունքներից, ինչպիսիք են նրանց փաստաբանների և ընտանիքների հետ շփումը: Անթույլատրելի է, որ նախագահ Ալիևը օգտագործում է կորոնավիրուսային համավարակը և վերջերս Հայաստանի հետ ռազմական լարվածության աճը` որպես արդարացում` երկրի քաղաքական ընդդիմության մնացյալ հատվածը վերացնելու համար:
Հաշվի առնելով Ադրբեջանում տիրող իրավիճակի լրջությունը` կոչ ենք անում Եվրոպական միության արտաքին և անվտանգային քաղաքականության գերագույն հանձնակատար Ջոզեֆ Բորրելին անհապաղ նախաձեռնություն սկսել ԵՄ կողմից մարդու իրավունքների մասով պատժամիջոցներ սահմանելու ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատվություն են կրում պետության քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ դաժան ճնշումների համար»:
English version of the Statement
Աղբյուր` AntiFake.am