
Այսօր «Russia Today» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցիալական տարբեր ցանցերի իր էջերում հոդվածից հատվածներ էր հրապարակել, որով մեղադրում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշել է. «…Հայաստանը կառավարելու համար նշանակել են այնպիսի մարդու, որը մեղադրում է «հայերին» ցեղասպանությունների և անբարոյականության մեջ».
“...Не знаешь, что Арменией поставили управлять человека, который тебя, ненега, тебя, на чьих глазах ятаганами вырезали всю семью, и только старшая сестра утопилась сама, чтобы не достаться янычарам живой, — он ТЕБЯ, святую, обвиняет 'в геноцидах и безнравственности'…”:
Սիմոնյանը նշում է, որ մեջբերված հատվածի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը հոդվածը գրել է դեռևս 2005 թվականին:
Ինչպես նախորդ դեպքում, այս անգամ ևս սոցիալական հարթակներում մեծ աժիոտաժ ու քննարկումներ սկսվեցին:
Գրառմանը արձագանքել է նաև վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Տեղեկատվության ստուգման կենտրոնը` infocheck.am:
ՊՈԱԿ-ը «տեղեկացնում» է, որ Մարգարիտա Սիմոնյանը «հերթական անգամ մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ չգրված հոդվածի համար»:
«Հիշյալ հոդվածն ունի «Մոռանալ «հերոսական անցյալը»»՝ նզովել նախնիներին» խորագիրը։ Այստեղ հեղինակը քննադատում է իր նախնիներին՝ պատմությունից դասեր չքաղելու համար։ Սակայն պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում այս քննադատության հեղինակը։ Այն տարիներ առաջ հրապարակվել է «Ժամանակ» օրաթերթում, իսկ հոդվածի հեղինակն է ներկայում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը»,- նշում է Կենտրոնը:
Կառույցը հայտարարում է, որ սա ապատեղեկատվություն է, և կոչ անում զերծ մնալ ապատեղեկատվության և չստուգված լուրերի տարածումից։
Մինչդեռ վարչապետին կից ՊՈԱԿ-ի ստորաբաժանումը հենց ինքն է կեղծիք տարածում, քանի որ քննարկվող հոդվածի հեղինակը հենց Նիկոլ Փաշինյանն է, իսկ հոդվածն էլ հրապարակվել է 2005 թվականի դեկտեմբերի 9-ին «Հայկական Ժամանակ» օրաթերթում:
Հոդվածը խմբագրական է` Նիկոլի Փաշինյանի ստորագրությամբ. «Ն.Փ.»:
AntiFake.am-ին հաջողվել է գտնել «Հայկական ժամանակ» օրաթերթի 2005 թվականի դեկտեմբերի 9-ի համարն ամբողջությամբ: Քննարկվող հոդվածը տպվել է թերթի 3-րդ էջում.
«Հայկական ժամանակ» օրաթերթի 2005 թվականի դեկտեմբերի 9-ի համարն ամբողջությամբ՝ այստեղ:
AntiFake.am-ին հաջողվել է նաև գտնել նշված հոդվածը «Հայկական Ժամանակ» օրաթերթի կայքում` armtimes.com-ի արխիվում.
Պետք է նշենք, որ տարբեր լրատվական կայքեր տարբեր ժամանակահատվածներում նույնպես արտատպել են հոդվածը (օրինակ` 1, 2)` նշելով բնօրինակի հրապարակման տարեթիվը, աղբյուրը և հեղինակին:
Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացրել է, որ այս հոդվածի հեղինակը իբր ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն է, սակայն վերջինս այս հոդվածի հետ կապ ունի այնքանով, որ 2011 թվականին արտատպել է ամբողջական հոդվածը` պարզապես իր անունը ավելացնելով որպես հեղինակ. հասարակ գրագողություն:
Հետևաբար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կից ՊՈԱԿ-ի Տեղեկատվության ստուգման կենտրոնը ապատեղեկատվություն է տարածել՝ անհաջող փորձ անելով «փրկել» Նիկոլ Փաշինյանի անունը և անհարկի մեղադրել է Մարգարիտա Սիմոնյանին ապատեղեկատվություն տարածելու մեջ։
Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան
Русская версия статьи.
Աղբյուր` AntiFake.am