«White Shorja» լողափի սպիտակ վրանները պատկանում են պետական միջոցառումներից միլիոնավոր դրամներ ստացած «EX production»-ին. Ընկերության տնօրենը Հայկ և Նաիրի Սարգսյանների ընկերն է

article-image

Իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի անվան հետ կապվող «Սպիտակ Շորժա» («White Shorja») լողափին հակահամաճարակային կանոնների խախտմամբ և վերջինիս ակտիվ մասնակցությամբ անցկացված խնջույքի շուրջ կրքերը չեն հանդարտվում:

Ինչպես կարելի է նկատել լողափնյա խնջույքի՝ մամուլում լայն տարածում գտած հոլովակներից և «White Shorja»-ի սոցիալական ցանցերի էջերում զետեղված լուսանկարներից, լողափին տեղադրված են սպիտակ վրաններ, որոնք նաև օգտագործվել են 2019թ. պետական ֆինանսավորմամբ կազմակերպված որոշ միջոցառումների ընթացքում:


 

Խոսքը 2019թ. հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում կազմակերպված միջոցառումների մասին է:
 


 

Դեռևս նախորդ տարի Ազգային ժողովի աշխատակազմից AntiFake.am-ին հայտնել էին, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների իրականացման համար Ազգային ժողովը պետական բյուջեից հատկացրել է 25,540,300 դրամ: AntiFake.am-ին էին փոխանցվել նաև միջոցառումներն իրականացրած կազմակերպությունների անվանումները, ՀՎՀՀ-ները, ղեկավարների անունները և կնքված պայմանագրերը:
 


 

ԱԺ աշխատակազմից միաժամանակ տեղեկացրել էին, որ միջոցառումների կազմակերպման համար մրցույթ չէր անցկացվել և «կազմակերպություններն ընտրվել էին հաշվի առնելով նրանց` նախկինում կատարած աշխատանքի որակը և միջոցառման գնառաջարկը»:

Ավելի քանի 25 միլիոն դրամ ստացած կազմակերպությունների վերաբերյալ AntiFake.am-ը ուսումնասիրություններ էր կատարել և ուշագրավ բացահայտումներ արել:

Մասնավորապես, հունիսի 1-ի միջոցառումների կազմակերպման համար 11,140,500 դրամ ստացած «Անի Ջուլհակյան» Ա/Ձ-ի ղեկավար Անի Ջուլհակյանը՝ «Radio Van»-ի նախկին աշխատակից է, ով մտերիմ կապեր ունի իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Բադալյանի մտերմուհու Ա/Ձ-ն, ի դեմս «Zilina Event lab»-ի, միջոցառումների կազմակերպման ծառայություններ էր մատուցել: 
 


 

Ավելի ուշ, Բադալյանի մտերմուհու ընկերությունը զբաղվել է նաև 2019թ. հուլիսի 28-ի՝ Վարդավառի տոնի միջոցառումների կազմակերպմամբ: Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում «խալի լվանալու» միջոցառում կազմակերպելու համար «Անի Ջուլհակյան» Ա/Ձ-ն պետական բյուջեից ստացել է 2,526,300 դրամ:

«EX production» անվան ներքո գործող «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ի ներգրավումը հունիսի 1-ի միջոցառումների կազմակերպմանը նույնպես պատահական չէր: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա միջոցառումների կազմակերպման համար 7,770,000 դրամ ստացած ընկերության սեփականատեր Գևորգ Աղաբալյանը մտերիմ կապեր ունի իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի, վերջինիս եղբոր՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի և այլ իշխանավորների հետ: Այս մասին են փաստում նրանց բազմաթիվ համատեղ ջերմ լուսանկարները: Հենց «EX production»-ի սպիտակ տաղավարներն են օգտագործվել «White Shorja» լողափում:


 

Ըստ մամուլում առկա տեղեկություններիԱղաբալյանը նաև հանդիսանում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընկերը, ում Մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնը տալու համար Աղաջանյանը ջանք չի խնայել, սակայն Աղաբալյանին այդպես էլ չի հաջողվել հասնել բաղձալի պաշտոնին: Փոխարենը Աղաջանյանը պետական բյուջեի հաշվին ընկերոջ ընկերությանը ապահովում է ֆինանսական հոսքերով։ 

Աղաբալյանի ընկերությունը 2019թ. Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները Վանաձորում կազմակերպելու համար պետական բյուջեից ստացել է 2,150,000 դրամ, «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպմամբ զբաղվելու դիմաց 17,880,000 դրամ: «EX production event»-ը ներգրավված է եղել 2018թ. ՀՀ Անկախության օրվա, Կառավարության գործունեության 100 օրվա, WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպման և պետական ֆինանսավորմամբ կազմակերպված այլ միջոցառումների տեխնիկական աշխատանքներում:
 


 

Գևորգ Աղաբալյանն ու նրա ընկերությունը ակտիվ մասնակցություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավին, Փաշինյանի ղեկավարած դաշինքի դրամահավաք երեկոյին և «Այո»-ի քարոզարշավին:
 


 

Հիշեցնենք, որ լավագույն ավանդույթների՝ միլիոնավոր դրամների հասնող պետական գնումների պայմանագրեր կնքելու արատավոր և կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործելաոճի համաձայն` ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, օգոստոսի 12-ին նշվող Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների կազմակերպման համար 8 միլիոն 200 հազար դրամի պայմանագիր էր կնքել «Գևորգ Աղաբալյան» Ա/Ձ-ի հետ, ապա կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ պայմանավորված` լուծել այն:

Աղաբալյանի ընկերությունն անգամ զբաղվել է 2018թ. մայիսին կառավարական առանձնատանը շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ սահմանամերձ համայնքների շրջանավարտների վերջին զանգի միջոցառման կազմակերպմամբ: Միջոցառումն անցել է Աղաբալյանի մտերիմների՝ Հայկ և Նաիրի Սարգսյանների ներկայությամբ: Միջոցառմանը ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը:
 


 

Անձամբ հաստատելով լուրերն այն մասին, որ նա իշխանափոխության օրերին տեխնիկական լուրջ աջակցություն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին՝ Աղաբալյանն ասել է. «Այո, նման աջակցություն ցուցաբերել ենք, և այս ամենը դրա տրամաբանական շարունակությունն է: Յուրաքանչյուր անձ, որ այդ օրերին դուրս է եկել հարթակ, ունեցել է իրեն հուզող խնդիրներ ու դրանց լուծումներն է ակնկալել: Նույնը և մենք. ոլորտում տիրող իրավիճակը՝ պետական միջոցառումների մրցույթների մենաշնորհային կարգավիճակը, դաշտում ոչ լիարժեք մրցակցությունը մեզ ստիպեց, որ մենք միանանք շարժմանը և աջակցենք ամենօրյա ռեժիմով: Եվ ես մեծ հույս ունեմ, որ մենք իսկապես կունենանք արդար մրցակցային պայմաններով մրցույթ»

Հետաքրքիր է, որ իշխանափոխությունից հետո պետությունից միլիոնավոր դրամներ ստացած և իր կապերի շնորհիվ արտոնյալ կարգավիճակում գտնվող Աղաբալյանը, ով նախկինում պայքարում էր մրցակցային պայմաններով մրցույթի համար և դեմ էր մենաշնորհային կարգավիճակին՝ 2016թ. անգամ զբաղվել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստանյան այցի միջոցառումների կազմակերպմամբ:
 


 

Ինչպես կարող ենք տեսնել «EX production»-ի և Գևորգ Աղաբալյանի ֆեյսբուքյան հրապարակումներից,  2019թ. հունիսի 1-ի Ազգային ժողովի այգում և Բաղրամյան պողոտայում կազմակերպված միջոցառումների համար օգտագործված և 2020թ. հունիս-հուլիս ամիսներին «Սպիտակ Շորժա» լողափին հայտնված վրանները ներկայացվում են որպես «EX production»-ի նոր նախագիծ:
 


 

Այս ամենը Հայկ Սարգսյան-«White Shorja» կապի մասին հերթական ապացույցն է: Անհերքելի փաստերի համատեքստում ծիծաղելի են իշխանավորների այն արդարացումները, թե Հայկ Սարգսյանը «White Shorja»  լողափի հետ որևէ կապ չունի:

Տեղեկացնենք, որ Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ «White Shorja» հանգստի գոտու գործունեությունը առաջիկայում կասեցվելու է, իսկ «EX production»-ի ապօրինի տաղավարները ապամոնտաժվելու են:

Փաստացի իրեն «White Shorja»-ի տնօրեն ներկայացնող, սակայն լողափի տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունեցող և ափը ապօրինի շահագործող Արտյոմ Մելքումյանը, «White Shorja»-յում ապօրինի տաղավարներ ունեցող ու պետական ֆինանսավորմամբ կազմակերպված միջոցառումներում արտոնյալ կարգավիճակում գտնվող, պետությունից միլիոնավոր դրամներ ստացող Գևորգ Աղաբալյանը հանդիսանում են Հայկ Սարգսյանի ընկերները:

Փաստենք, որ «նոր Հայաստանում» կան արտոնյալներ, որոնց պետական ֆինանսավորմամբ միջոցառումների ընթացքում տրվում է նախապատվություն` պայմանավորված իրենց ընկերական կապերով՝ ինչպես իմքայլական պատգամավորներ Լուսինե Բադալյանի և Հայկ Սարգսյանի ընկերների ու նրանց պատկանող ընկերությունների պարագայում է: Այս ամենը խոսում է ոչ միայն հնարավոր կոռուպցիոն սխեմաների մասին, այլ նաև ցույց է տալիս վերջիններիս արտոնյալ լինելու աստիճանը, երբ փաստացի առկա են ապօրինություններ, որոնք օրեր, ամիսներ շարունակ իրավական գնահատականի չեն արժանացել:

Խոսելով արտոնյալների մասին` չենք կարող շրջանցել «երջանիկ պատահականությանբ» Սևանի ափին ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալողների ընկեր պատգամավոր Հայկ Սարգսյանին, ով, չանսալով իր քաղաքական թիմի առաջնորդների հորդորներին, խախտել է հակահամաճարակային բոլոր կանոները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պարետ Տիգրան Ավինյանի, ԱՆ Արսեն Թորոսյանի հորդորների վրա թքած ունենալու մաստեր կլաս է ցույց տվել ու «փրկվել»  մեկ ներողությամբ:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am


Կարդացե՛ք նաև՝


► ԿԳՄՍՆ-ն Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների պայմանագիր է կնքել յուրային ընկերության հետ, ապա լուծել այն. «Հնարավոր չէր կանխատեսել կորոնավիրուսային հիվանդության տարածման նման աճ»
 Ավելի քան 25 միլիոն դրամ պետբյուջեից ԱԺ-ում հունիսի 1-ի միջոցառման համար. «մտերիմ» կազմակերպություններն ու ԱԺ աշխատակազմի հերթական անփույթ աշխատանքը

 Հայկ Սարգսյանն ու նրա ընկերը՝ «White Shorja»-ի տնօրենը, հակասող «արդարացումներ» են ներկայացրել պատգամավորի՝ համակարգչի մոտ արված լուսանկարի առնչությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն