Վլադիմիր Կարապետյան. քաղաքական ձախողա՞կ, թե՞ հաճախակի ճամբարներ փոխած անձ

article-image

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի քաղաքական կենսագրության ուսումնասիրությունը շատ բան է պատմում նրա ներկայումս դրսևորած վարքագծի, իրար անընդմեջ հակասող հայտարարությունների և ընդհանրապես նրա քաղաքական սկզբունքների մասին։

Կարապետյանի դիվանագիտական կարիերան սկսվել է 1995 թվականից։ Իսկ դիվանագիտական առաջընթացը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։ Շուրջ 10 տարի աշխատելով ՀՀ ԱԳՆ Վարդան Օսկանյանի թիմում՝  Կարապետյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում։ Մինչև 1999 թվականը նրա հիմնական գործառույթներն առնչվել են ԱՊՀ-ի հետ։

Կարապետյանն իր մամուլի խոսնակի կարիերան էլ է սկսել Օսկանյանի թիմում՝ սկզբում ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի բաժնի պետի, ապա ՀՀ ԱԳՆ խոսնակի և մամուլի և տեղեկատվության վարչության պետի պաշտոններում։

2008 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում փետրվարի 25-ին Օսկանյանն ազատել է Կարապետյանին՝ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը խախտելու հիմնավորմամբ։

Դրանից հետո Կարապետյանը ցանկանում էր վերականգնվել պաշտոնում, ինչի համար դիմել էր դատարան։ Նա հայտարարում էր, որ օրենք չի խախտել, և իր դիրքորոշումը համընկնում է Օսկանյանի և ժամանակի իշխանությունների դիրքորոշումների հետ։

Այնուամենայնիվ, Կարապետյանին չի հաջողվում վերականգնվել իր պաշտոնում, և նա նույն թվականին միանում է Հայ Ազգային Կոնգրեսին և զբաղեցնում արտաքին հարաբերությունների պատասխանատուի պաշտոնը։

10 տարի Օսկանյանի հետ ճանապարհ անցած և իր քաղաքական առաջին քայլերն արած պաշտոնյան, ով անգամ պաշտոնից ազատվելուց հետո պատրաստ էր վերադառնալ ու շարունակել աշխատանքը Օսկանյանի հետ՝ 2009թ.-ին արդեն նրան համարում էր 2008թ.-ին տեղի ունեցած իրադարձությունների հիմնական պատասխանատուներից մեկը։

Հայ Ազգային Կոնգրեսի անդամի կարգավիճակում Կարապետյանը լծվում է ժամանակի իշխանություններին քննադատելու գործին, հատկապես արտաքին քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ կապված հարցերում։ Այս ընթացքում Կարապետյանը հասցնում է մի քանի անգամ դիրքորոշումներ փոխել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ իշխանությունների վարած քաղաքականության և հիմնահարցի լուծման մասով։

Օրինակ՝ 2012թ.-ին Կարապետյանը գտնում էր, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շրջանակներում Կազանում տեղի ունեցած հանդիպումից հետո մեզ համար ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծվել. «Մենք չկարողացանք օգտվել Կազանի ձախողումից և հատկապես Ադրբեջանի ոչ կառուցողական կեցվածքից»,- նշում էր Կարապետյանը։ «ԱԳՆ էդվարդ Նալբանդյանը չի ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբին հայկական դիրքորոշումը, և փաստաթուղթը հրապարակվել է առանց մեր առաջարկների»,-հավելում էր նա։

Կարապետյանը նշում էր նաև, որ Եվրոպական միությունը հայտարարում է, որ սեղանի վրա կրկին դրված է Մադրիդյան փաստաթուղթը։ «Այսինքն 2007 թվականից որևէ փոփոխություն չկա։ Այն հին փաստաթուղթը, որը ներկայացվել է 5 տարի առաջ, հիմա էլ սեղանի վրա է»,- նշում էր Կարապետյանը։

Սակայն դրանից 5 տարի անց՝ 2017 թվականին՝ ԱԺ խորհրդարանական հերթական ընտրությունների ընթացքում, Կարապետյանը Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը համարելու էր ԼՂ հակամարտության միակ լուծումը և խաղաղության հասնելու հիմնական միջոցը։ Վլադիմիր Կարապետյանն արդեն վստահություն էր հայտնում, որ «հենց Մադրիդյան փաստաթղթով նախատեսվում են անվտանգության լայն միջոցառումներ» և նշում անվտանգության ուժեղացման, թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ երկաթգծի և ճանապարհների բացման անհրաժեշտության մասին։ 2012թ.-ին իր կողմից քննադատության արժանացած Մադրիդյան սկզբունքների փաստաթղթով 2017թ.-ին Կարապետյանն արդեն հիմնավորում էր մեկ այլ իրականություն, մեկ այլ երկիր ունենալու հնարավորությունը։

Հետաքրքիր է նաև, որ Կարապետյանը, որը ակտիվությամբ քարոզում, պաշտպանում ու հիմնավորում էր Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած արտաքին քաղաքական և ԼՂ հիմնահարցի լուծման թեզերը և համարում էր, որ միակ քաղաքական ուժը, որ պատկերացում ունի, թե ինչպես շարժվել այդ ուղղությամբ և ինչպես երկարատև խաղաղություն բերել տարածաշրջան, Կոնգրես - ՀԺԿ դաշինքն է, հեշտությամբ դուրս էր գալու ՀԱԿ-ից։

Սակայն առավել հետաքրքրական է այն, որ Կարապետյանը հանգրվանելու էր մի թիմում, որին քննադատում, մեղադրում էր իրենց սկզբունքներին հավատարիմ չմնալու, տարբեր ուժերի հետ համագործակցելու, անգամ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին նմանվելու մեջ։ 

Եվ այսպես, 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների դեբատներից մեկի ժամանակ Վլադիմիր Կարապետյանը, մատնանշելով Արարատ Միրզոյանին, մեղադրում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն այն բանում, որ վերջինս մի բան է ասում, հետո փոխում է իր դիրքորոշումը, գնում է մի դաշինքով, ում քննադատել է նախկինում, միգուցե ընտրություններից հետո էլ դաշինք կազմեն այն քաղաքական ուժերի հետ, որոնց շատ խիստ քննադատում են հիմա։ Կարապետյանն իր անվստահությունը հայտնելով նշում էր, որ չի ցանկանում համագործակցել այնպիսի ուժերի հետ, որոնք վաղը գուցե վերանայեն իրենց դիրքորոշումը և համագործակցության գնան այլ ուժերի հետ։ Վերջինս, Արարատ Միրզոյանին մատնացույց անելով, նշում էր, որ Միրզոյանի քաղաքական ուժն այդպես է վարվել։

Հատկանշական է, որ բանավեճի վերջում Կարապետյանը, դիմելով Միրզոյանին, նշեց, որ հաճելի է լսել, որ նորաստեղծ քաղաքական ուժի ներկայացուցիչը նույն տերմինաբանությամբ է խոսում, ինչ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ հավելելով, որ ոչ մի տարբերություն չի տեսնում հանրապետականների և նրանց միջև։

Իսկ 2019թ.-ին Կարապետյանն արդեն մի թիմում էր, ում անխնա քննադատում ու մեղադրում էր հանրապետականներին նման լինելու մեջ։

Կարապետյանն աչքի է ընկնում նաև իր քաղաքական ձախողակ լինելով. 2008թ.-ին պաշտոնից հեռացվելուց հետո Կարապետյանը փորձեց վերականգնվել, սակայն հաջողություն չունեցավ։

2012թ. ՀԱԿ կազմում ակտիվ կերպով զբաղվելով խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավով և մեծամասնական ընտրակարգով առաջադրվելով թիվ 2 ընտրատարածքում՝ չնայած նրան, որ ՀԱԿ-ն անցավ խորհրդարան, այնուամենայնիվ Կարապետյանը չկարողացավ անցնել Ազգային ժողով։ Ընտրակեղծիքի մեքենան թույլ չտվեց պատգամավոր ընտրվել»,- իր ձախողման մասին նշելու էր Կարապետյանը տարիներ անց՝ 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։

2015 թվականին ակտիվորեն մասնակցելով սահմանադրական բարեփոխումների դեմ ՈՉ-ի կամ «Չեք անցկացնի» շարժմանը՝ մասնակիցներին խոստանում էր, որ շարժումը հաղթելու է։ Այնուամենայնիվ, շարժումը Կարապետյանի պատկերացրած հաջողությունը չգրանցեց, և հանրաքվեի արդյունքում Սահմանադրության փոփոխություններն ընդունվեցին։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը մասնակցեց ՀԺԿ-ի հետ դաշինքով։ Առաջադրվեց նաև Կարապետյանը։ Ընտրությունների արդյունքում ՀԱԿ-ը, հետևաբար նաև՝ Վլադիմիր Կարապետյանը, չանցան խորհրդարան, սակայն ի տարբերություն նախորդ ընտրության՝ այս անգամ Կարապետյանը իր ձախողումը չկապեց ընտրակեղծարարությունների հետ։

Կարապետյանի 2008, 2012, 2015 և 2017 թվականներին արձանագրած ձախողումները և մի քանի ճամբարափոխությունները «գնահատվեցին» 2019թ.-ի հունվարին՝ ՀՀ վարչապետի մամլո խոսնակի նշանակմամբ։

Այս պաշտոնյան, ում ողջ քաղաքական ուղին ընթացել է ճամբարափոխություններով և քաղաքական ձախողումներով, նոր պաշտոնում էլ է շարունակում իր հակասական և «սկզբունքային» գործունեությունը և զերծ չի մնում տարբեր սկանդալներում հայտնվելուց։ Կարապետյանը, քաղաքական ձախողակ լինելով հանդերձ, իրեն թույլ է տալիս բացասաբար արտահայտվել քաղաքական և ռազմական հաջողություններ գրանցած պաշտոնյաների մասին։

Բացի այդ, վերջերս վարչապետի աշխատակազմում տեղի ունեցած ազատումների հետ կապված Կարապետյանը տարբեր լրատվամիջոցների տվել էր իրարամերժ պարզաբանումներ։ Իսկ օրեր առաջ պարզ դարձավ, որ Կարապետյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի կազմակերպել է վերջինիս քննադատներին «ռուսական գործակալ» դարձնելու և Ռուսաստանից ուղղորդման մեջ մեղադրելու քարոզչական հարձակումը։

Գուցե սա պայմանավորված է նրանով, որ Կարապետյանը ըստ արժանվույն չի գնահատվում իր պատկերացրած մերիտոկրատական սկզբունքներին համապատասխան և համարում է, որ արժանի է ավելիին, ինչն էլ ստիպում է նրան իր ձախողումների մեջ անընդհատ մեղավորներ գտնել։

Հոդվածի ռուսերեն տարբերակը։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն