Արդյո՞ք Ալեն Սիմոնյանը կարող էր գտնվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, և արդյո՞ք ՀՔԾ հայտարարության մեջ նկարագրվածը կարող է քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք հանդիսանալ

article-image

Օգոստոսի 8-ին ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ա. Դանիելյանին հարված հասցնելու պահին Ա. Սիմոնյանը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, որպիսի հանգամանքը հաստատվել է քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: Նման պայմաններում 2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել Ա. Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով»:

Սույն քրեական գործով մեղադրյալ Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը իր ֆեյսբության էջում անդրադարձ կատարեց ապօրինաբար նշանակված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությանը: Նա մասնավորապես նշել էր. «Աֆեկտի մասին հարցադրումով փորձաքննությունկարող է նշանակվել միայն մեղադրյալի նկատմամբԱ. Սիմոնյանի մոտ աֆեկտ չի հաստատվել, այլ փորձագետը նշել է, որ Ա. Սիմոնյանի մոտ աֆեկտի առկայությունը ոչ հաստատել, ոչ հերքել չի կարող: Եթե փորձագետը չի կարող հաստատել աֆեկտի առկայությունը, ապա այն պարզապես չկա»:

Վերլուծելով ՀՔԾ-ի հայտարարությունը և ի լրումն պաշտպան Տիգրանի Աթանեսյանի` կարող ենք ավելացնել հետևյալը.

1. Քրեական իրավունքի տեսության մեջ առանձնացնում են հոգեկան խիստ հուզմունքի երկու տեսակ՝ ֆիզիոլոգիական և պաթոլոգիական: Յուրաքանչյուր տեսակի առկայության դեպքում հանցագործության որակումը փոխվում է: Ֆիզիոլոգիական աֆեկտը հատուկ է հոգեպես առողջ յուրաքանչյուր մարդու, այն հանկարծակիորեն առաջացող և արագ ընթացող հոգեկան խիստ հուզմունքի վիճակ է, որը չի զրկում մարդուն իր գործողությունները գիտակցելու և դրանք ղեկավարելու ունակությունից: Այս դեպքում անձը՝ հանցագործության սուբյեկտը, չի ազատվում քրեական պատասխանատվությունից: Ինչպես բխում է Վճռաբեկ դատարանի որոշումից և Քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածից՝ տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը,  հանդիսանում է պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, որը ինչպես նշվում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ, կապված է հանցավոր անձի աֆեկտի վիճակի հետ: Հետևաբար, տուժողի կողմից հակաօրինականության կամ հակաբարոյականության վարքագիծ դրսևորելու հետևանքով անձի մոտ կարող է առաջանալ հոգեկան խիստ հուզմունք, որը կարող է ճանաչվել որպես պատիժը կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք, եթե կիրառելի չէ սույն հոդվածով նախատեսված 3-րդ մասը (եթե սույն հոդվածի առաջին մասում նշված որևէ հանգամանք սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված է որպես հանցագործության հատկանիշ, ապա դա չի կարող կրկին հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք): Ուստի, անկախ վերը նշված փորձաքննության արդյունքներից` ֆիզիոլոգիական աֆեկտի հաստատման պարագայում պատգամավոր Ալեն Սիմոնյանը որևէ դեպքում չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից, այն կարող է միայն մեղմացնող հանգամանք դիտարկվել: Պաթոլոգիական աֆեկտը մարդու գիտակցությունը խորապես մթագնող հոգեկան հիվանդություն է, որի հետևանքով նա կորցնում է իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու կամ դրանք ղեկավարելու ընդունակությունը: Այդ տեսակի աֆեկտի դեպքում մարդը ճանաչվում է անմեղսունակ և չի կրում քրեական պատասխանատվություն՝ սուբեկտիվ կողմի բացակայության հանգամանքի պատճառով: Այլ բառերով՝ նրա գործողությունների մեջ բացակայում է սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշը՝ մեղքը: Այս 2 տեսակներից մեկի առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար անհրաժեշտ է նշանակել համալիր դատահոգեբուժական-դատահոգեբանական ստացիոնար փորձաքննություն, ինչպես նշում է Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: Այսինքն՝ համալիր փորձաքննություն անցկացնելու պարագայում հաստատվում է 3 հանգամանքներից մեկը՝ ա/ աֆեկտի բացակայությունը, որի դեպքում անձը չի ազատվում քրեական պատասխանատվությունից, բ/ ֆիզիոլոգիական աֆեկտի առկայությունը, որի դեպքում անձը ևս չի ազատվում քրեական պատասխանատվությունից, սակայն այն հանդիսանում է պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք, գ/ պաթոլոգիական աֆեկտի առկայությունը, որի դեպքում անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից և անմեղսունակ է ճանաչվում: Միայն 3-րդ տեսակի դեպքում պատգամավորը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից և ճանաչվել անմեղսունակ:

2. Հոգեկան խիստ հուզմունքի մեջ գտնվող մարդու կողմից բռնության ենթարկված անձը պետք է ճանաչվի տուժող: ՀՔԾ-ի հայտարարության մեջ նշված անձը՝ Արթուր Դանիելյանը, սույն քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա՝ տուժողի կարգավիճակի մասին որևէ բան նշված չէ: Այսինքն` քրեական գործում նշվում է, որ անձը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի մեջ, սակայն բացակայում է տուժող անձը: Այս ամենը չի տեղավորվում քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի տրամաբանության մեջ:

3. Оգոստոսի 5-ին, համացանցում տարածվել էր տեսանյութ, որում ցույց էր տրվում տեղի ունեցածի ողջ եղելությունը, քրեական գործով ներգրավված անձանց գործողությունների հաջորդականությունը և բնույթը, ինչպես նաև միջադեպում ներգրավվածություն ունեցող անձանց շրջանակը: Ինչպես երևում է տեսանյութում, «հոգեկան խիստ հուզմունքի մեջ գտնվող» Ալեն Սիմոնյանն առաջինն է գլխով հարվածել Արթուր Դանիելյանին՝ այդպիսով առաջինը խախտելով ՀՔԾ-ի հայտարարության մեջ հատուկ շեշադրված հասարակական կարգը: Դրանից հետո վեճը շարունակվել է, որը ուղեկցվել է փոխադարձ հարվածներով: Սիմոնյանը հնարավորություն ուներ դադարեցնելու ծեծկռտուքը և հեռանալ միջադեպի վայրից: Սակայն, ինչպես երևում է տեսանյութից, վերջինս շարունակում է պատասխան հարվածներ հասցնել Դանիելյանին: Հաշվի առնելով, որ հոգեկան խիստ հուզմունքը ունի կարճաժամկետ բնույթ` հետագայում Ալեն Սիմոնյանի կողմից կատարվող գործողությունները արդեն իսկ պետք է, որ դրսևորվեին հոգեկան խիստ հուզմունքի վիճակից դուրս: Հետևաբար, ՀՔԾ-ի կողմից սույն քրեական գործի վերաբերյալ ներկայացվող փաստական հանգամանքները ամբողջապես չեն արտացոլում տեսանյութում առկա կարևոր դրվագները:

Այսպիսով, ամփոփելով սույն քրեական գործով ՀՔԾ-ի հայտարարության ուսումնասիրությունը, առկա փաստական տվյալները, տեսության մեջ գոյություն ունեցող տերմինաբանությունը, ինչպես նաև տվյալ իրավիճակում կիրառվող քրեական և քրեական դատավարության օրենսգրքի նորմերը` կարող ենք փաստել, որ ներկայիս ՀՀ իրավապահ մարմիններն առաջնորդվում են քրեական գործերին ոչ թե մասնագիտական գնահատականներ և ճիշտ ու տրամաբանված որակումներ տալով, այլ միակողմանի նախաքննություն իրականացնելով և իշխանության արտոնյալ ներկայացուցիչներին քրեական պատասխանատվությունից ազատելու համար հարմար, այդ թվում՝ հակաօրինական տարբերակներ փնտրելով և գտնելով։

 

Հեղինակ՝ Սոնա Ամիրյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն