ԱԱԾ-ն ու Ոստկանությունը չեն դառնա նախարարություններ. Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի քաղաքական երկվությունը

article-image

Դեռևս 2018թ. մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի թեկնածու Փաշինյանը հայտարարում էր՝  «միանշանակ է, որ Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ: Իհարկե, սրա համար կան որոշակի օրենսդրական, և հնարավոր է՝ նաև սահմանադրական դժվարություններ, բայց դրանք հաղթահարելի դժվարություններ են»:

Նիկոլ Փաշինյանը, դառնալով ՀՀ վարչապետ, կարծես թե համտեսեց իշխանության համը: Մեկ տարի որպես վարչապետ պաշտոնավարելուց  հետո այլևս հակված չէ մտածելու, որ Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին անհրաժեշտ է նախարարության կարգավիճակ տալ: Ավելին, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա հարթակից ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը տվեց «ասֆալտին պառկեցնելու» հայտնի հրամանը՝ ևս մեկ անգամ հաստատելով այն, որ Նիկոլ Փաշինյանը չի ձգտում փոխել ուժային կառույցների կարգավիճակը և նրանց դնել խորհրդարանական վերահսկողության տակ:

Ազգային ժողովի պատգամավորները ևս տեսակետներ են հայտնել այս խնդրի շուրջ: Մասնավորապես, ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ասել է, որ «ԱԱԾ-ն պետք է շարունակի մնալ վարչապետի ենթակայության ներքո, իսկ ոստիկանության հարցը դեռ կարելի է քննարկել»։ Ի դեպ 2008 թ. մարտին Արարատ Միրզոյանը դեմ էր, որ ուժային կառույցները ենթարկվեն անմիջապես վարչապետին և ոչ թե կառավարությանը կամ խորհրդարանին:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն  հայտարարել է, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների և ունենան քաղաքական ուղղվածություն:

Իմքայլական պատգամավորներից  Մարիա Կարապետյանն էլ կարծիք է հայտնել, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը նախարարություններ դարձնել պետք չէ․ կվնասեն ժողովրդավարությանը: Պատգամավորը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ղեկավարները չպետք է լինեն քաղաքական թիմերի ներկայացուցիչներ, չպետք է իրենց առջև դնեն քաղաքական նպատակներ՝ այնպիսիք ինչպիսիք են իրենց քաղաքական թիմին ընտրությունների ժամանակ իրենց համբավով քվեներ բերելը կամ մի օր իրենց համակարգերի կողմից հանրության տեսանելիությունը կամ լսելիությունը չարաշահելը քաղաքական նպատակների համար»:

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ  ի տարբերություն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի՝ այսօր վերջինս և իր քաղաքական թիմը չի ցանկանում կորցնել ուժային կառույցների նկատմամբ իշխանական վերահսկողությունը: 

 

Հեղինակ՝ Իրինա Դանիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն