(PHOTO) Ո՞ր տեխնոլոգիաներն են, որ, 2018թ. հաջողությամբ օգտագործվելով Հայաստանում, լայնորեն կիրառվում են Բելառուսում ցուցարարների կողմից

article-image

Բելառուսում շարունակվում է անկայուն ներքաղաքական իրավիճակը: Օգոստոսի 9-ին քաղաքացիները ընտրում էին իրենց երկրի նախագահին: Արդյունքում` ըստ պաշտոնական տվյալների` ընտրություններում դարձյալ հաղթել է երկիրը 1994 թվականից ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն:

Այս տարի նախագահական ընտրությունները այնքան էլ հարթ չընթացան: Քաղաքացիները փողոցներում էին` վիճարկելով նախագահական ընտրությունների արդյունքները և իրենց անվստահությունը հայտնելով Լուկաշենկոյին: Սակայն ցուցարարներին դիմավորում էին հատուկ ջոկատայինները` ռետինե փամփուշտներով, արցունքաբեր գազով  և լուսաձայնային նռնակներով: Արդեն այսօր առավոտյան, երբ ուժայիններին առանձնակի դաժանությամբ հաջողվել է ցրել ցույցերը, հայտնի դարձավ, որ մեկ մարդ մահացել է, կան մի քանի տասնյակ վիրավորներ: «Մայդան չի լինելու», - հայտարարել է Լուկաշենկոն:

Իսկ Հայաստանում արդեն «զարմանում են», թե ինչպես Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Լուկաշենկոյին հաղթանակի կապակցությամբ, ինչպես նաև զարմանալի «զուգադիպությամբ» ցույցերի մասնակիցների շրջանում նկատում տարրեր, որոնք հստակ տեխնոլոգիաներ էին, որոնք օգտագործվել էին 2018թ. ապրիլ-մայիսին տեղի ունեցած «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը»:

Արդեն խոսվել է, թե ինչ հետաքրքիր տեխնոլոգիաներ կիրառվեցին Հայաստանում իշխանազավթման ընթացքում, դրանք երևում են նաև այս դեպքում: Օրինակ` երթևեկությունը կաթվածահար անող գործողություններ և գործադուլներ, վիրակապով մարդիկ, Աշոտի տատի պատմության «շարունակությունը», սիրահար զույգեր, ատելության քարոզը, լոզունգները, միֆեր ռուսական հատուկ ջոկատայինների մասին, մարդիկ, որոնք ուժային կառույցներից դուրս գալով, կոչ են անում միանալ ժողովրդին և այլն:

Փորձենք վերհիշել և զուգահեռներ տանել Հայաստանում և Բելառուսում տեղի ունեցած գործընթացների միջև:

Հասարակության շրջանում շարժման նկատմամբ մեծ հետաքրքրություն հարուցող երևույթներ. ընտանիքի անդամների` բարիկադի տարբեր կողմերում գտնվելը, սիրո ցուցադրությունը` ոստիկանական զորքերի ֆոնին

«Մենք բոլորս մարդ ենք: Մենք բոլորս բելառուսներ ենք». գոռում է ցուցարարը` դիմելով ոստիկանական զորքերին, մեկ ուրիշը կոչ անում ոստիկանական ուժերին միանալ «ժողովրդին»:

Կարելի է այս պարագայում հիշել «Աշոտի տատիկին», երբ Հայաստանում ցուցարարներից մեկը դիմում էր ոստիկաններից «Աշոտին»` ասելու, որ նույնիսկ իր տատն է մասնակցում հեղափոխությանը: Մտաբերենք նաև գեղեցիկ զույգերին, որոնք գրկախառնվում էին փշալարերի դիմաց ու փակ փողոցների մեջտեղում:

Մասսայական անհնազանդության պատրանք, հասարակական կարգի խախտումներ, գործադուլներ և գործադուլների կոչեր

Հիշում ենք, թե ինչպես էր 2018թ. ապրիլի 16-ին Նիկոլ Փաշինյանի կոչով և անմիջական մասնակցությամբ ցուցարարների կողմից կաթվածահար արվում երթևեկությունը: Նույն տեխնոլոգիան օգտագործվեց նաև Մինսկում:

Կարելի է նաև հիշել, թե ինչպես էր մեծ ոգևորությամբ ընդունվել այն հանգամանքը, որ զորամասից ժամկետային զինծառայողներ էին փախել և միացել, ցույցերին, ևս մի քննիչ էր ազատվել աշխատանքից` դարձյալ միանալով շարժմանը: Նման դեպք նաև Բելառուսում է եղել, երբ բելառուսական ԱԻՆ աշխատակիցը «կոչ է անում իր գործընկերներին հավատարիմ մնալ իրենց երդմանը և կանգնել ժողովրդի կողքին»:

Բելառուսում ցուցարարները օգտագործում էին նաև բարիկադներ ստեղծելու «հայկական եղանակը »` աղբամաններով, նստարաններով, ձեռքի տակ եղած հնարավոր բոլոր առարկաներով:

Անձնազոհություն և ոստիկանական ահասարսուռ «բռնության» կադրերի պարբերաբար ցուցադրություն

Բոլորս ենք հիշում, թե ինչպես վիրավորվեց Նիկոլ Փաշինյանը, որը օրեր շարունակ կրում էր նույն «սրտիկով» վիրակապը, թե ինչպես էր վիրակապ կրում նաև ներկայիս պատգամավոր Արեն Մկրտչյանը: Նման դեպքերը հանրայնացվեցին ու մեծ աժիոտաժ ստեղծեցին նաև Մինսկում:


 

Լեգենդ, որ հյուսվում է մարդկանց մոտիվացնելու համար

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապի տեխնոլոգիան օգտագործվեց նաև Բելառուսում:

Կոչեր, կարգախոսների վանկարկումներ, մեքաների ազդանշաններ

Հայաստանյան շարժման հետ գրեթե նույնական էին նաև կարգախոսները` «Мир и любовь» ( գրեթե նույնը` «Սեր և համերաշխություն»), «Мы — белорусы — мирные люди», «Уходи», «Жыве Беларусь», «Мы требуем честных выборов», «Милиция с народом» («Ոստիկանը մերն է»), «Один за всех и все за одного»:

Ցուցարարները, ինչպես Հայաստանում, այնպես էլ Բելառուսում օգտագործում էին նաև մեքենայի ազդանշանները:

Ատելության քարոզ, ԶԼՄ-ների և տարբեր քարոզչական հարթակների ներգրավում

Ինչպես տեղի ունեցավ նաև Հայաստանում, երբ Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավորները չընտրեցին Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում: Ցուցարարների շրջանում տարածվեցին պատգամավորների բնակության հասցեները, անձնական հեռախոսահամարները, ակցիաներ էին կազմակերպվում` ահաբեկելով ու ճնշելով քաղաքական գործիչներին:

Պարզվում է նման դեպքեր էլ գրանցվել են Բելառուսում: Տելեգրամյան ալիքներով տարածվում էին ուժային կառույցների պաշտոնյաների անձնական հեռախոսահամարները:

Հետաքրքիր է, որ այստեղ ևս մեծ դեր ունեցավ համացանցը, ի դեմս Telegram-ի, և հատկապես` «Ազատություն» ռադիոկայանի Բելառուսի ծառայությունը:

Օրինակ, մի քանի տասնյակ, հարյուրհազարավոր, նույնիսկ` միլիոնավոր հետևորդներ ունեցող տելեգրամյան ալիքները կոչ են անում քաղաքացիներին զանգվածային անկարգությունների, մետրոն փակելու մասին, ինչպես նաև բազմաթիվ ստահոդ և կեղծ տեղեկություններ տրամադրում:

Դրանցից գլխավորը «NEXTA Live» կոչվող տելեգրամյան ալիքն է: Հենց այս ալիքն է, որ ամենից շատն է տեղեկատվություն ապահովում, կոչեր անում հանրությանը` օգտագործելով իր մեծ լսարանը:  Հայտնի ալիքներից ևս մի քանիսը. «Беларусь головного мозга», «Euroradio», «ГА "Беларуская асацыяцыя журналістаў"», «МАЯ КРАІНА БЕЛАРУСЬ», «Чай з малинавым варэннем», «Радыё Свабода — Беларусь» և այլն:

Իր դիրքերը ևս չի զիջում «Ազատություն» ռադիոկայանը, որը ևս հետ չի մնում ոստիկանության առանձնահատուկ դաժանության կադրերը անընդհատ տարածելու գործում:

Կեղծ լուրեր մարդկանց ագրեսիվ գործողությունների մղելու համար

Եվս մեկ հետաքրքիր հանգամանք. ինչպես «հեղափոխության» օրերին հասարակության շրջանում տարածվում էր միֆ, թե ռուսական «Ալֆա» հատուկ ջոկատայինների խումբը ժամանել է Հայաստան և պատրաստվում է միջամտել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, նույն մեխանիզմը գործել է նաև բելառուսական սցենարում: Ընդդիմադիր տելեգրամյան կայքերով տեղեկատվություն տարածվեց, թե Մինսկում ռուսական հատուկ ջոկատայիններ կան: Այնուհետև լուրը խմբագրվեց, «ռուսական» բառը հանվեց, սակայն այն տպավորությունն ու աժիոտաժը, որ ստեղծվել էր, մնաց:

Հետաքրքիր է, թե ինչ սցենարով է առաջ շարժվելու բելառուսական ընդդիմադիր պայքարը, սակայն փաստն այն է, որ նման տեխնոլոգիաներ կիրառվում են բազմաթիվ պետություններում, այդ թվում` Հայաստանում, և հետաքրքիր ձևով շատ դեպքերում նույնանում են` ունենալով գաղափարական ու ուղղորդվող նույն հիմքը: Պարզապես պետք է հետևել, թե օրինակ Հայաստանում հայտնի շրջանակները, որոնք հաջողեցին իշխանափոխությունը Հայաստանում, ինչպիսի հիվանդագին ձևով են հետևում Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին:

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն