Այսօր՝ օգոստոսի 12-ին, արտահերթ նիստի ժամանակ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշմանը։
Հայաստանում արտակարգ դրությունը կերկարաձգվի 5-րդ անգամ` մինչև սեպտեմբերի 11-ը։
Միևնույն ժամանակ որոշում ընդունվեց մի շարք սահմանափակումներ մեղմացնելու մասին։ Մասնավորապես, վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը՝ որոշակի կանոնների պահպանմամբ, մասնավորապես` անհրաժեշտ է դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը առնվազն 1.5 մետր։
Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու և դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից ներկայացված անվտանգության կանոնները։
Վերացվում է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։
Հարցը դրվեց քվեարկության և միաձայն ընդունվեց։
Աղբյուր` AntiFake.am