Օգոստոսի 9-ից 13-ը տեղի ունեցած չարտոնված ակցիաների ընթացքում Բելառուսի իրավապահ մարմինների ավելի քան հարյուր աշխատակիցներ վիրավորվել են: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է պետության ներքին գործերի նախարարությունը։
«Ընդհանուր առմամբ` օգոստոսի 9-13-ը քաղաքացիների անօրինական գործողությունների արդյունքում վիրավորվել է 103 իրավապահ, որոնցից 28-ը հոսպիտալացվել են»,- ինչպես փոխանցում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը, տեղեկացրել են Բելառուսի ՆԳՆ-ից:
Վերջին օրվա ընթացքում Բելառուսի իրավապահ մարմինները ձերբակալել են մոտ 700 մարդու՝ չարտոնված ակցիաներին մասնակցելու համար:
«Մոտ 700 մարդ ձերբակալվել է չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար: Երկրում անկարգությունները կորցրել են իրենց զանգվածային բնույթը, բայց իրավապահների նկատմամբ ագրեսիայի մակարդակը շարունակում է բարձր մնալ», - ասվում է հայտարարության մեջ:
Աղբյուր՝ AntiFake.am