ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը դատարանի վրա ճնշում գործադրելու և ապօրինի հավաք իրականացնելու հայտարարություն է անում

article-image

Այսօր՝ մայիսի 18-ին, նախատեսվում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու մասին փաստաբանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու դատական նիստը։

Այսօր առավոտյան մոտ 10։00-ի սահմաններում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում նշված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:
Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատություն հերոսին» ակցիաների ճնշման տակ:
Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:
Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունը նախ և առաջ  կոպտորեն խախտում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։

Երկրորդ, Հայկ Սարգսյանը Քոչարյանին է վերագրում այնպիսի հանցագործություններ, որոնց համար Քոչարյանին մեղադրանք առաջարված չէ (10 քաղաքացիների կյանք խլած):

Երրորդ, Հայկ Սարգսյանը, լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր և իշխող խմբակցության ներկայացուցիչ, հայտարարում է, որ չի կարելի թույլ տալ, որ Ռոբերտ Քոչարյանին դատարանը ազատ արձակի։ Սա դատարանի նկատմամբ կոպիտ և ուղիղ ճնշում է։

Չորրորդ, Հայկ Սարգսյանն իր հայտարարության հաջորդ հատվածում ուղղակի կոչ է անում տապալել սահմանադրական կարգը և զանգվածի միջոցով ճնշում գործադրել դատարանի նկատմամբ. «Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել». – նշված է նրա հայտարարության մեջ։

Այս հայտարարությամբ Հայկ Սարգսյանը նախանշում է, թե որն է իր համար «արդար որոշումը», որը Քոչարյանին կալանքի տակ պահելն է։ «Միայն ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը պետք է ստիպեն» կայացնել այն որոշումը, որը Հայկ Սարգսյանը ակնկալում է։

Հինգերորդ, Հայկ Սարգսյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել դատարանի մոտ, որպեսզի այդ «ահագնացող ցասումը» դրսևորվի դատավորի նկատմամբ, ինչը դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու, ոչ խաղաղ և անօրինական նպատակներով հավաք անցկացնելու կոչ է։

Այս հայտարարության կապակցությամբ մամլո ասուլիս է հրավիրել Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Ասուլիսի ընթացքում նա կոչ է արել Հայաստանի Հանրապետության նախագահին իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սահմանադրական կարգի պահպանման ուղղությամբ։

Փաստաբանը դիմել է նաև ամբողջ իրավապահ համակարգին, մասնավորապես` ՀՀ գլխավոր դատախազին՝ կոչ անելով, որ նա ընդունի հայտարարությունը որպես հաղորդում հանցագործության մասին և քրեական գործ հարուցի այն փաստի առթիվ, որ ճնշում է գործադրվում դատարանի նկատմամբ իրեն ցանկալի դատական ակտը ստանալու նպատակով։

Ալումյանը կոչ է արել նաև ՀՀ ոստիկանապետին և ոստիկանությանը, որպեսզի վերջիններս անհապաղ միջոցներ ձեռնարկեն հավաքը արգելելու նպատակով, քանի որ հավաքի նպատակը խաղաղ և օրինական չէ, քանի որ նպատակը դատավորի նկատմամբ զանգվածի կողմից ճնշում գործադրելն է։

Փաստաբանը կոչ է արել նաև ՀՀ վարչապետին կանխել իր կողմնակիցների, իր անունից և իր թույլտվությամբ հանդես եկող թիմակիցների գործողությունները՝ թույլ չտալով Հայկ Սարգսյանի կողմից հայտարարված գործողությունները։

Ալումյանը կոչ է արել նաև բարձրագույն դատական խորհրդին և դրա նախագահին իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դատական իշխանության անկախությունը երաշխավորելու և հայտարարության մեջ նշված գործողությունները կանխելու համար, ինչպես նաև հետևողական լինել, որպեսզի հայտարարությամբ հանդես եկած անձը ենթարկվի ամենախիստ պատասխանատվության։

Ալումյանը կոչ է արել նաև իրավապաշտաններին և միջազգային կառույցներին ուշադիր հետևել գործընթացին և անկախ համոզմունքներից ու քաղաքական տեսակետներից հանդես գալ համապատասխան հայտարարություններով, որպեսզի դատական համակարգի նկատմամբ ճնշում գործադրելու կոչերը և փորձերը հետագայում երբեք տեղի չունենան Հայաստանում։

Հայկ Սարգսյանի գրառման կապակցությամբ գրառում է կատարել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը.

«ԴԱՏԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՆԿԱԽ ԼԻՆԻ

ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:

Եթե Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է իրեն մեղսագրված արարքներում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվի: Բայց մեղավորության հարցը պետք է լուծի ՄԻԱՅՆ անկախ դատարանը՝ մրցակցության, կողմերի հավասարության, անմեղության կանխավարկածի և այլ սկզբունքների պահպանմամբ իրականացված դատավարության արդյունքով:

Հակառակ դեպքում, այդ գործընթացը կվերածվի վրեժխնդրության ակտի, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:

Իշխանության ներկայացուցիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն դատարանի հասցեին կոնկրետ գործով արտահայտվելու ժամանակ:

Դատարանի գործունեությանը չի կարող միջամտել նաև հասարակությունը»:

ՀՀ ԱԺ պատգամավորի գրառման մասին հայտարարություն է տարածել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Այսօր առավոտյան ՀՀ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորը հրապարակավ մտահոգիչ տեղեկություն է հայտնել այն մասին, որ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործ քննող դատավորը «ենթարկվում է ճնշումների»՝ որպես դրան արձագանք, փաստացի նախաձեռնելով հավաք դատարանի վարչական շենքի առջև։

Նման պատասխանատու հայտարարություն նման պատասխանատու քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կողմից հնչեցնելը լիարժեք հիմք է, որ անհապաղ հարուցվի քրեական գործ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով («Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը»)՝ պարզելու համար թե ինչպիսի ճնշումների է, պատգամավորի պնդմամբ, ենթարկվել դատավորը, որտեղից նրան այդպիսի տեղեկություն, ով է ճնշում գործադրողը։ Եթե քրեական գործի շրջանակներում հաստատվի ճնշումների փաստը, ապա պետք է լրացուցիչ պարզել՝ արդյոք դատավորը կատարել է Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով ամրագրված պարտականությունը՝ իր գործունեության նկատմամբ ցանկացած միջամտության պարագայում այդ մասին իրազեկել Բարձրագույն դատական խորհրդին։

Միևնույն ժամանակ, եթե իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորի ներկայացրած պնդումը չհաստատվի, անհրաժեշտ է Քրեական օրենսգրքի նույն հոդվածով նախատեսված արարքի համար քրեական հետապնդում իրականացնել հենց այդ պատգամավորի նկատմամբ»։

Պատգամավորի հայտարարությանն անդրադարձել է նաև ՀՀ Արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես նշված է.

«Սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն դատախազությունը հարուցում է քրեական հետապնդում։

Ինչ է սա նշանակում։ Նվազագույնը կարդալ պատգամավոր Հայկ Սարգսյանի այսօրվա կոչ-ցասումը դատավորին որոշումներ կայացնելու հարկադրելու վերաբերյալ։ Հարգելի դատախազություն, այսօր պատգամավորը ընդամենը մեկ գրառման մեջ կարողացել է՝ ներառել մի շարք հանցակազմերի բույլ՝ սկսած արադարադատության իրականցման խոչընդոտելուց, սահմանադրական կարգի տապալումից վերջացրած պաշտոնական լիազորությունները չարաշահելը։ Եթե այդքան անաչառ եք, անհապաղ քրեական գործ հարուցեք Հայկ Սարգսյանի նկատմամբ։

Հ.Գ. Անկախ նրանից պատգամավորը գրառումը ջնջել է, թե ոչ անհապաղ պետք է հարուցել քրեական գործ, քանի որ միտումը ակնհայտ է։ Վարչապետը ճիշտ էր, մտածեք, նոր խոսեք»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ևս անդրադարձել է Հայկ Սարգսյանի գրառմանը.

«Չեմ դադարում հիասթափվել ու զարմանալ...

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե իշխանական ուժն առհասարակ իրավունք ունի նման հայտարատություններ կատարել, թե ոչ, արդյոք հասկանում են, որ սա անթաքույց ճնշում է դատարանի վրա, թե ոչ... բայց նախադասությունները, որ ընտրվում են ինչ-որ բան ասելու առավել խնդրահարույց են դարձնում իրավիճակը։
Ինչ է նշանակում. «Տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը»։ Նախ ցավալի է, որ մարդիկ գիտեն, թե դատավորը Ռոբերտ Քոչարյանինն է... Բայց ամենակարևորը. ընկերնե՛ր, դուք որտեղի՞ց ունեք տեղեկություններ, թե ինչ է մտածում խորհրդակցական սենյակում գտնվող դատավորը, ո՞վ է դա իմացել, ինչպե՞ս է ձեզ այդ մասին ասել, այդ ի՞նչ ճնշումներ են... Դուք հասկանում ե՞ք սա ինչ է նշանակում, առհասարակ մտածում ե՞ք, թե հրապարակային ինչ եք խոսում, հասկանում ե՞ք, որ մեկ պարբերության մեջ ներկայացնում եք մի շարք հանցագործությունների մասին տեղեկություններ։
Հ.Գ. Եվրոպական դատարանին միշտ «զարմանալու» առիթներ տվել է Հայաստանը, բայց կարծես հիմա որոշել եք այդ կառույցը շոկային թերապիաի ենթարկել»։

Թարմացված.«Հայկ Սարգսյանի գրառման մասով հայտարարություն է տարածել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որում մասնավորապես ասվում է.

«(...) Դատական արդյունավետ իշխանությունը պահանջում է դատարանի և դատավորի լիարժեք անկախություն ինչպես օրենսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտոնատար անձից, այնպես էլ միջամտության բացարձակ արգելք դրանցից դուրս որևէ այլ մեկից կամ անձից: Օրենքը դատարանին պարտավորեցնում է անկողմնակալ վերաբերմունք ցուցաբերել՝ անկախ քննվող գործի բնույթից կամ ցանկացած այլ ճնշումից կամ ճնշման փորձից:

(...) Հանրային պաշտոն զբաղեցնող և հանրային գործունեություն ծավալող անձինք հատկապես պարտավոր են խստորեն պահպանել երկրի Սահմանադրությամբ, օրենքներով կամ իրավական մյուս ակտերով իրենց վերապահված իրավական կարգավիճակի սահմանները և սեփական վարքագծի օրինակով նպաստել համերաշխության մթնոլորտի ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը: (...)»։»

Պատգամավորի հայտարարությանն անդրադարձել են բազմաթիվ այլ փաստաբաններ, իրավաբաններ՝ քննադատելով օրենսդիր մարմնի իշխող ուժի ներկայացուցչի՝ դատարանի նկատմամբ զանգվածի միջոցով ճնշում գործադրելու կոչը։

Իր սկզբնական գրառումից մոտ մեկ ժամ անց Հայկ Սարգսյանը խմբագրել է գրառումը՝ հեռացնելով իր հայտարարություն-կոչը և թողնելով միայն գրառման կիսումով (share) տարբերակը։

Արժանանալով մի շարք քննադատությունների Հայկ Սարգսյանը 2-րդ խմբագրումից մոտ մեկ ժամ անց կրկին խմբագրել է գրառումը՝ այս անգամ էլ հանդես գալով նոր հայտարարությամբ.

«Երբ մեղադրյալ Քոչարյանի կողմնակիցները դատարանի շենքում և դատարանի դիմաց հարվածում ու հայհոյում են այլ կարծիք հայտնողներին դա ճնշում չէ՞։
Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին՝ դա ճնշում չէ՞։

Իսկ երբ այս մասին այլ էջում տեղադրած գրառումով ես կիսվում եմ՝ դա ճնշում է՞»։

ՀՀ ԱԺ պատգամավորը ամենայն հավանականությամբ չի տիրապետում ոչ միայն իր կարգավիճակից բխող պարտականություններին և սահմանափակումներին, այլ նաև յուրաքանչյուր անձի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված սահմանափակումներին, քանի որ բացի որպես պաշտոնատար անձ դատաքաննության փուլում գտնվող մեղադրյալի անմեղության կանխավարկածը խախտելուց, նա նաև կոչ է արել ճնշում գործադրել դատարանի նկատմամբ և այդ նպատակով հավաքվել դատարանի շենքի մոտ ոչ խաղաղ և ոչ օրինական հավաքի նպատակադրումով։ Բացի այդ, արդեն իր գրառման վերջին խմբագրմամբ պատգամավորը իր անօրինական կոչն ու անօրինական գործողություններ կատարելուն ուղղված կոչը հիմնավորելու համար դատավարական օրինական գործընթացները («Երբ Արցախի նախկին և գործող նախագահները գալիս են դատարան, նստում են մեղադրյալի կողքին՝ դա ճնշում չէ՞») որակել է որպես ճնշում դատարանի նկատմամբ, ինչը խոսում է պատգամավորի կողմից դատավարական իրավակարգավորումներից անտեղյակ լինելու մասին։

Ի դեպ, Հայկ Սարգսյանի գրառումը հավանության է արժանել ՀՀ ԱԺ փոխնախագահ և իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի, վերջինիս խորհրդական Լևոն Սահակյանի, ինչպես նաև Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի առաջին տեղակալ Արամ Մանուկյանի կողմից։

Իշխող ուժի ներկայացուցիչների կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշում գործադրելու, իրենց համար ցանկալի որոշումը պարտադրելու վերաբերյալ հայտարարություններն ու հավանումները վկայում են այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, համաձայն որոնց` Հայաստանի Հանրապետությունում այլևս չկա «զանգովի արդարադատություն» և «դատարաններն անկախ են», չի համապատասխանում իրականությանը։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը