Ո՞վ է ստորագրել Արթուր Մեսչյանին պաշտոնից ազատման մասին որոշումը՝ արձակուրդում գտնվող քաղաքապե՞տը, թե՞ նրա տեղակալը

article-image

Երեկ` օգոստոսի 13-ին, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակվել է Արթուր Մեսչյանին սեփական դիմումի հիման վրա Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից ազատելու մասին որոշումը: Որոշումը ստորագրվել է օգոստոսի 12-ին:

Հետաքրքիր է, որ հայկական լրատվականներում Արթուր Մեսչյանի ազատման հրամանը տարածվեց երկու ձևով:

Լուրը առավել վաղ տարածած լրատվականները, հղում անելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված որոշմանը, նշում էին, որ քաղաքապետ Հայկ Մարությանն է ստորագրել որոշումը:

Օրինակ, «Sputnik Արմենիա» լրատվական գործակալությունը, որը լուրը տեղադրել է օգոստոսի 13-ին ժամը 18:24-ին, փաստում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։… Մարությանը փաստաթուղթը ստորագրել է օգոստոսի 12-ին։ Սա փոքր–ինչ տարօրինակ է, քանի որ այդ ընթացքում քաղաքապետը գտնվել է արձակուրդում...»:

Մյուս լրատվականը` «Փաստինֆո»-ն, որը լուրը տեղադրել է 18:31-ին, գրում է. «Արձակուրդի մեջ գտնվող քաղաքապետն աշխատանքից ազատել է Երևանի գլխավոր ճարտարապետին...»` նշելով, որ Հայկ Մարությանը օգոստոսի 11-ից, ինչպես հայտարարել է վերջինիս մամուլի խոսնակը, մեկնում է արձակուրդի:

Մեկ այլ լրատվական` «168.am»-ը, լուրը տեղադրելով 18:55-ին, նշում է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է կայացրել:…Ի դեպ, որոշումը Հայկ Մարությանը ստորագրել է օգոստոսի 12-ին, այսինքն՝ իր արձակուրդի օրերին»:

Նույնիսկ նորահայտ իշխանական լրատվամիջոցներից freenews.am կայքը, որը պատկանում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կնոջը, գրել է` «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է կայացրել»:

Այլ լրատվամիջոցներ, որոնցից է նաև «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը, համեմատաբար ավելի ուշ տեղադրելով լուրը, հղում են արել փաստաթղթին, որը ստորագրված է քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի կողմից:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական yerevan.am կայքում տեղադրված որոշումը ստորագրված է քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի կողմից:

Այս դեպքում հարց է առաջանում. արդյո՞ք հրապարակված որոշումը նախապես ստորագրել է Հայկ Մարությանը` գտնվելով արձակուրդում, ինչն անօրինական է, սակայն ԶԼՄ-ների հրապարակումից հետո փաստաթուղթը փոփոխվել է և հրապարակվել քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանի անունով:

Լրատվականների հրապարակումները, որտեղ նշվում է, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին աշխատանքից ազատելու որոշումը օգոստոսի 12-ին ստորագրել է արձակուրդում գտնվող քաղաքապետը՝ ստորև.

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն