HARDtalk. Նիկոլ Փաշինյանի խոցելի հայտարարությունները և դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

article-image

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC գործակալության HARDtalk հաղորդաշարի շրջանակներում Սթիվեն Սակուրի հետ զրուցել է Հայաստանի ներքաղաքական կյանքի, կորոնավիրուսի համավարակի դեմ հայկական իշխանությունների պայքարի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: 

Սթիվեն Սակուրի հետ Նոր Հայաստանի պաշտոնյաները այնքան էլ հաճելի խոսակցություն չեն ունենում: Ապացույցը նախորդ տարի Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցն էր:

Կարելի է ասել, որ ևս մեկ անգամ ապացուցվեց այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների էությանը և, ընդհանրապես, գաղափար չունի հակամարտությունից:

Հենց հաղորդաշարի նպատակը այն է, որ հյուրը պետք է պատրաստ լինի պատասխանել ամենաբարդ և ամենաանսպասելի հարցերին, որոնցից շատերին պատասխանելը բնավ իր ցանկությամբ չեն լինի, քանի որ հաղորդավարը բավական լավատեղյակ է տվյալ խնդրից և տալու է ամենացավոտ հարցերը:

Սակայն դժվար թե Սթիվեն Սակուրը երկար պատրաստված լինի Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցին, քանի որ, ինչպես տպավորություն ենք ստանում այս և նախկին հաղորդումներից, նա ավելի լավ գիտի հակամարտությունը և նրա նրբությունները, քան Հայաստանի բանակցող ղեկավարները:

Սթիվեն Սակուրը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է, որ վերջինս իշխանության է եկել` խոստանալով Ադրբեջանի հետ խաղաղության ուղի գտնել, սակայն «անցած ամիս մենք Լեռնային Ղարաբաղում նոր կոնֆլիկտ տեսանք: Մենք տեսանք երկու կողմից նվազագույնը 17 զինվորականի մահը: Այս գործելակերպը չի փոխվել»:

Նախ Նիկոլ Փաշինյանը չի ուղղում Սակուրին, կամ հարցնում, թե ի՞նչ նոր կոնֆլիկտի մասին է խոսքը, այն դեպքում, երբ ռազմական գործողությունները ընթանում էին Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան` Տավուշի սահմանային գոտում, այլ ոչ թե Արցախում, որտեղ հայ-ադրբեջանական պետական սահմանային գոտում առկա լարվածության ֆոնին հակառակորդի կողմից արձակված կրակոցները անհամեմատ քիչ էին, իսկ այս ճակատը աչքի ընկավ միայն Պաշտպանության բանակի կողմից ադրբեջանական անօդաչու թռչող սարքի խոցմամբ:

Ինչպես և կարելի է սպասել, Նիկոլ Փաշինյանը խոսում է իր հայտնի բանաձևի մասին. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի կողմից, Արցախի ժողովրդի կողմից և Ադրբեջանի ժողովրդի կողմից»` դարձյալ նշելով, որ նա առաջին հայ առաջնորդն է, որ ասել է, թե լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար: Նիկոլ Փաշինյանը ցավում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը չի փոխադարձում իր այս առաջարկը:

Բազմիցս է խոսվել Նիկոլ Փաշինյանի այս աբսուրդ հայտարարության մասին, որը ադրբեջանական իշխանությունները ծաղրում են և առաջ են տանում իրենց քարոզչական թեզերը, որոնք վերջին ժամանակաշրջանում հաջողություն են ունենում, իսկ հակամարտության կարգավորմանը ներգրավված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնիսկ ուշադրություն չեն դարձնում Փաշինյանի անբովանդակ հայտարարությանը:

Սակայն այստեղ էլ Սթիվեն Սակուրի հարցը հստակ էր և շատ հեշտ պատասխան ենթադրող, որը Նիկոլ Փաշինյանը, ինչպես և սպասվում էր, չարեց: Սակուրը հարցնում է. «…Բայց գործողությունները ավելի խոսուն են: Հուլիսի կեսերին հայկական ուժերը հրետակոծում էին սահմանամերձ գյուղերը: Համաձայն ադրբեջանական կողմի` 76 տարեկան խաղաղ բնակիչ է սպանվել, որն էլ պատասխանի է բերել»:

Այս հարցի պատասխանը ակնհայտ էր: Դեռևս սահմանային լարվածության օրերին Ռազմ.info մասնագիտացված կայքի ուսումնասիրությունը հիմնավորապես տվել էր այս հարցի պատասխանը` ցույց տալով, որ ադրբեջանական իշխանությունները սեփական ժողովրդին կենդանի վահան է դարձնում` գյուղերում և դրանց մերձակա տարածքներում տեղակայելով  հրետանային մարտկոցը: Այս մասին խոսեցին նաև միջազգային հեղինակավոր լրատվական գործակալությունները: Իսկ ադրբեջանական իշխանությունների նման գործելակերպը նորություն չէ, և այդ օրերին հենց Ադրբեջանն էր տարբեր եղանակներով թիրախավորում հայկական քաղաքացիական ենթակառուցվածքները: Մասնավորապես, սահմանամերձ գյուղերից Չինարիում վնասվել էր հացի փուռը, Այգեպար գյուղի մանկապարտեզը, տուն էր հրդեհվել, վնասվել էին գյուղերին սնուցող գազատարը, ջրագիծը, ականանետերից կրակ էր բացվել Բերդ քաղաքում գտնվող «Տավուշ տեքստիլ» գործարանի ուղղությամբ և այլն: Հուլիսի 16-ին հակառակորդի հերթական կրակի հետևանքով վիրավորվել էր Չինարի գյուղի բնակիչը: Այս ակնհայտ փաստերը, ՄԻՊ գրասենյակի, Քննչական կոմիտեի կողմից ներկայացված զեկույցները կարող էին օգտագործվել ՀՀ վարչապետի կողմից, ինչը, սակայն, չարվեց:

Սակայն Նիկոլ Փաշինյանը իր ընտրությամբ զրկվեց ևս մեկ անգամ միջազգային հանրությանը Ադրբեջանի ագրեսիվ, ռազմատենչ քաղաքականությունը ցույց տալու փայլուն հնարավորությունից:

Նիկոլ Փաշինյանը նախ չի նշում, որ հայկական պետական սահմանի նկատմամբ հենց ադրբեջանական զինված ուժերն են եղել ագրեսորի դեպքում, և հենց նրանք են, որ սկսել են ռազմական բախումները Տավուշում:

Այնուհետև նա վերադառնում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք բանակցային սեղանին դրված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին. այն է` միջազգային հետաքննական մեխանիզմների ներդրում:

Մի՞թե Նիկոլ Փաշինյանից պահանջվեց ավելի քան երկու տարի` բանակցային գործընթացը տապալելուց և աբսուրդային հայտարարություններից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իրական հայանպաստ օրակարգը հասկանալու համար, որն էլ նույնիսկ հարց է դեռ. հասկացե՞լ է, թե՞ ոչ:

Եվս մեկ սխալ/ վրիպում Նիկոլ Փաշինյանից. Սթիվեն Սակուրը խոսում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբելայի ընդունած բանաձևերի մասին, որտեղ խոսվում է «օկուպացված տարածքների վերադարձման մասին»: Նիկոլ Փաշինյանը նրան պատասխանում է, որ նշյալ բանաձևերում խոսվում է ոչ թե ՀՀ զինված ուժերի, այլ «Լեռնային Ղարաբաղի հայկական ինքնապաշտպանական ուժերի» մասին (Nagorno-Karabakh[i] Armenians’ self-defending forces): Այնինչ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 (822, 853, 874, 884) բանաձևերից միայն մեկում են հիշատակվում զինված ուժերը, այն էլ` «local Armenian forces» տերմինը, իսկ Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևում նշվում է` «Armenian forces»: Ուստի, Նիկոլ Փաշինյանի կողմից ևս մեկ սխալ է թույլ տրվել:

Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ Նիկոլ Փաշինյանի իմացությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ավելի քան թույլ են, իսկ հայտարարված դիրքորոշումները` խիստ խոցելի: 
 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր` AntiFake.am


Կարդացե՛ք նաև՝

► Իշխանությունները թաքցնում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում տեղի ունեցող կարևոր գործընթացները. վերջին հայտարարությունների հետքերով
► Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հակասական հայտարարություններ Մնացականյանի և Մամեդյարովի կողմից
► Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիաները և չիմացությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների մասին
 Նահանջ դեպի Վիեննա, Սանկտ Պետերբուրգ և Ժնև՞. Նիկոլ Փաշինյանին կհաջողվի՞ վերադարձնել Սերժ Սարգսյանի ստեղծած օրակարգը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն