Անհայտ հանգամանքներով պաշտոնավարող տնօրենի ժ/պ, ԽԾԲ-ական բարքեր և համակարգերի կազմաքանդում Ազգային գրադարանում

article-image

2011 թվականի հունիսից Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի  պաշտոնը զբաղեցնող գրադարանավար, ճարտարագետ Տիգրան Զարգարյանը 2019 թվականի փետրվարին հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Փետրվարի 27-ին Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց արձակագիր, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի սփյուռքի բաժնի վարիչ, ՀԳՄ և ՀԺՄ անդամ Հրաչյա Սարիբեկյանը: Նախկինում Սարիբեկյանը զբաղեցրել է Ազգային գրադարանի գրականության հանրահռչակման բաժնի վարիչի պաշտոնը:

AntiFake.am-ին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ Սարիբեկյանի՝ Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակումը անսպասելի է եղել և զարմանք առաջացրել գրադարանի աշխատակիցների շրջանում:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Սարիբեկյանի պաշտոնավարումը ՀԱԳ  տնօրենի ժ/պ պաշտոնում ԿԳՄՍ նախարարության կողմից երկու անգամ վեցամսյա ժամկետով երկարացվել է: 2020թ. մարտին ԿԳՄՍ նախարարությունը օրենսդրությամբ նախատեսված կարգով գրադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է անցկացրել: Մրցույթի հինգ մասնակիցները, այդ թվում նաև` շուրջ մեկուկես տարի ՀԱԳ տնօրենի ժ/պ Հրաչյա Սարիբեկյանը, չեն հաջողել: Չնայած մրցույթը չհաղթահարելու փաստին՝ Սարիբեկյանը անհայտ հանգամանքներով մինչ օրս շարունակում է ղեկավարել Ազգային գրադարանը և ինչ-որ ծրագրեր իրականացնում, որը, մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, գրադարանը վերջինիս կողմից բառիս բուն իմաստով քանդելու շարունակությունն է:

Անդրադառնալով Սարիբեկյանի՝ գրադարանին հասցված վնասներին՝ մեր աղբյուրները հայտնել են, որ վերջինս շուրջ մեկ ամիս առաջ, չապահովելով հակահամաճարակային պայմանները, գրքերի տեղափոխման աշխատանքները ավարտին հասցնելու համար առանց պարետի թույլտվության գլխավոր գրապահոցի աշխատակիցներին աշխատանքի է հրավիրել: Վերջիններս կատարել են ոչ իրենց աշխատանքային գործառույթը հանդիսացող գրքերի տեղափոխման աշխատանքներ, ինչի համար պարգևատրվել են: Խոսքը մշակութային արժեք ներկայացնող Թամանյանական մասնաշենքում գտնվող գրապահոցային տարածքի մասին է, որը, Սարիբեկյանի ծրագրերի համաձայն, պետք է քանդվի ու միացվի քարտարանների տեղափոխման համար նախատեսված սրահին: Նշենք, որ քարտարանների տեղափոխման արդյունավետության և նշված տարածքում շինարարական աշխատանքներ սկսելու թույլտվության առկայության շուրջ կան որոշակի տարակարծություններ: Չնայած դրան` Սարիբեկյանի պլաններն անփոփոխ են. շինարարական աշխատանքները չեն կասեցվում:

Բացի այդ, գրադարանի գրիդ տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնին  կից՝ Թամանյանական մասնաշենքում, գործում էր ինտերնետի ազատ մուտքի սրահը, որտեղ ընթերցողները անվճար օգտվում էին համացանցից: Նշված սրահը «Հայաստան»  համահայկական հիմնադրամի նվիրատվություններով  համալրվել էր վերջին սերնդի բարձրորակ 15 համակարգիչներով: Հիմնադրամի նվիրատվությունը համակարգիչ չունեցող ընթերցողներին թվայնացված գրականությունից օգտվելու հնարավորության ընձեռնման նպատակ էր հետապնդում: 

Սրահի բացման պատմությունը վերհիշելով` տեղեկացնենք, որ Հայաստանի ազգային գրադարանի թվայնացման կենտրոնը բացվել է 2013 թվականին: Սրահի բացումը հնարավոր է եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի և արգենտինահայ բարերար Հովսեփ Թահթայի անմիջական ֆինանսական աջակցությամբ: Սրահի բացմանը զուգահեռ` գրադարանային նյութերը ընթերցողներին առցանց տարբերակով հասանելի դարձնելու համար ձեռք են բերվել համապատասխան ժամանակակից սարքավորումներ՝ սերվերների, լայնաֆորմատ սքաներների և 15 համակարգիչների շնորհիվ՝ 2 միլիոն մամուլի էջ, 6650 անուն գիրք /1.7 միլիոն էջ/ առցանց հասանելի է հասարակության լայն շերտերին: Հովսեփ Թահթան իր ընտանիքի հետ երբեմն այցելում է Հայաստանի Ազգային գրադարան և ստուգում` արդյո՞ք ձեռք բերված և պարբերաբար համալրվող սարքավորումները նպատակին ծառայու՞մ են, թե՞ ոչ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` մի քանի ամիս շարունականհայտ հանգամանքներով պայմանավորված նշված սրահը չի գործում: Հայտնի չէ, թե որ սրահում են գտնվում նվիրաբերված համակարգիչները, և ի՞նչ նպատակի են ծառայում: 

AntiFake.am-ին հայտնի է դարձել, որ գրադարանին նվիրաբերված թերթերի սկանավորում իրականացնող «Կիրտաս» սարքավորումը ամիսներ շարունակ գտնվում է անսարք վիճակում: Քանի որ ոչ մի քայլ չի արվում «Կիրտասի» վերանորոգման համար, թերթերի թվայնացումը չի իրականացվում:

Սարիբեկյանի պաշտոնավարման ընթացքում գրադարանին հասցված վնասները այսքանով չեն սահմանափակվել: Նրա պաշտոնավարման վերջին երեք ամիսների ոչ հետևողական աշխատանքի արդյունքում սերվերային սարքերի, այդ թվում` նվիրատվությամբ ձեռք բերված սերվերի խափանումը գրադարանին մեծ վնաս է հասցրել: Գրադարանի էլեկտրոնային շտեմարանները շուրջ մեկ ամիս հասանելի չեն եղել ընթերցողների համար: Այս պահին էլ կայքը աշխատում է հաճախակի խափանումներով, որի հիմնական պատճառը տեխնիկական խնդիրներն են:

Սերվերային սարքերի խափանման պատճառները ոչ միայն տեխնիկական բնույթի խնդիրների առկայության, այլ նաև անուշադրության, մասնագետների կողմից մշտական հսկողության սահմանման բացակայության հետևանք են: Տեղեկացնենք, որ սերվերներով զբաղվող երկու աշխատակիցները սեփական դիմումների համաձայն դեռևս 2019 թվականից ազատվել են աշխատանքից: Մինչ օրս նրանց փոխարեն համապատասխան մասնագետներ ՀԱԳ-ում աշխատանքի չեն անցել, ինչը նշանակում է, որ գրադարանում սերվերներով զբաղվող մասնագետներ չկան ու նրանց աշխատանքային պարտականությունը դրված է գրադարանի՝ այդ ոլորտում մասնագետ չհանդիսացող աշխատակիցների ուսերին:

Տեղեկացնենք, որ օրեր առաջ Սարիբեկյանը աշխատանքից ազատել է սարքերի վերանորոգման աշխատանքներում մեծ նշանակություն ունեցած գրադարանային գրիդ տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնի վարիչ Էդգար Սարգսյանին։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Սարգսյանին աշխատանքից ազատման պատճառը հանդիսանում է այն, որ վերջինս նախարարին իր մտահոգությունն է հայտնել՝ ասելով, թե վերանորոգված սերվերները կրկին վտանգված են, քանի որ դրանց մուտքերի գաղտնագրերը փոխանցվել են գրադարանի հետ առնչություն չունեցող այլ մասնագետների: Սարգսյանի  մտահոգությունների պատասխանը նախարարության կողմից դատարան դիմելու առաջարկն է:

AntiFake.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ գրադարանը վնասներ է կրում նաև Սարիբեկյանի կառավարման փորձի պակասի և գրադարանում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով նշանակումներ անելու հետևանքով: Այս ամենն իր հերթին հանգեցրել է ծանր և անառողջ մթնոլորտի ձևավորմանը:

Աղբյուրը հայտնում է, որ իր պաշտոնավարման ընթացքում Սարիբեկյանը անհիմն կերպով աշխատանքից ազատել է ֆինանսատնտեսական գծով տնօրենի տեղակալին, գիտական գծով տնօրենի տեղակալին և պարետներից մեկին:

Բացի այդ, մի քանի բաժինների վարիչներ ճնշումների ներքո ինքնակամ են դիմում գրել և հրաժարվել իրենց պաշտոններից: Նրանցից մեկը Սարիբեկյանին ՀԱԳ տնօրենի ժ/պ պաշտոնում չշնորհավորած և դրա համար նիստի ընթացքում բանավոր նկատողություն ստացած հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի արդեն նախկին վարիչն է, մյուսը՝  համալրման բաժնի վարիչը:

Որոշ աշխատակիցներ՝ Սարիբեկյանի ընտրությամբ, ուղարկվել են տարիքային կենսաթոշակի: Օրինակ` 63 տարեկանում տարիքային կենսաթոշակի հիմքով աշխատանքից ազատվել է պարետներից մեկը, այնինչ 72-ամյա մեկ այլ պարետ շարունակում է իր աշխատանքը:

Սեփական դիմումի համաձայն էլ աշխատանքից ազատվել են աշխատակազմի կառավարման ղեկավարը, մի քանի տնտեսագետներ, տնօրենի գործավարուհին, տնտեսական մասի բաժնի վարիչը, գրադարանային գրիդ տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնի վարիչը և նույն բաժնի երկու աշխատակիցներ:

Ազգային գրադարանի` աշխատանքից ազատված աշխատակիցների փոխարեն ՀԱԳ-ում աշխատանքի են անցել Սարիբեկյանի ընկերներն ու ծանոթները, բոլորն՝ առանց բացառության: Մասնավորապես, Սարիբեկյանի իրավաբանը և խորհրդականը նրա մտերիմ ընկերներն են, աշխատակազմի կառավարման ղեկավարը՝ ընկերոջ՝ խորհրդականի քենին, գնումների գործակալ-տնտեսագետը՝ մտերիմ ընկերուհու ընկերուհին, տնտեսական մասի բաժնի վարիչ, պարետ և փաստաթղթային արխիվի պատասխանատուն՝ մտերիմ ընկերոջ կուսակից ընկերը, համալրման վարիչ է հանդիսանում Սարիբեկյանի ընկերոջ կինը, գրադարանային գրիդ տեխնոլոգիաների գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցը նրա մտերիմ ընկերն է, ով արդեն զբաղեցնում է բաժնի վարիչի պաշտոնը՝ Էդգար Սարգսյանի փոխարեն, նույն բաժնի աշխատակցուհին՝ ընկերոջ բարեկամուհին է, գրականության հանրահռչակման բաժնի վարիչը մտերիմ ընկերուհին է, նույն բաժնի մեկ այլ աշխատակցուհի հանդիսանում է Սարիբեկյանի ընկերոջ կինը, գործավարուհին՝ ընկերուհու ընկերուհին, համայնքային գրադարանների հետ կապերի բաժնի վարիչը՝ մոտ ընկերուհին, նույն բաժնի մեկ այլ աշխատակցուհի ընկերոջ դուստրն է, ֆինանսատնտեսական գծով փոխտնօրենը և հանրության կապերի և միջոցառումների բաժնի վարիչը նույնպես Սարիբեկյանի մտերիմ ընկերուհիներն են: Գրադարանի էլեկտրիկն անգամ Սարիբեկյանի ազգականն է:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Հրաչյա Սարիբեկյանը ողջունել է երկրում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունը՝ որպես իր ընկերոջ, շոշափելու առիթը բաց չի թողնում:

Այս ամենի ֆոնին հետաքրքիր է այն հանգամանքը, որ դեռևս 2018 թվականին նորընտիր վարչապետ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում «գովազդել է» Սարիբեկյանի՝ «Այնտեղ աչքերդ երբ բացես» ժողովածուն: Բացի այդ, հանրակրթական դպրոցի 7-12-րդ դասարանների համար գրականության ցանկի աշխատանքային լրամշակվող առաջին տարբերակում ներառված են նաև Սարիբեկյանի «Հավերժական շարժիչը» և «Երկվորյակների արևը» աշխատությունները:

Տեղեկացնենք, որ ԿԳՄՍ նախարարության կողմից օգոստոսի 21-ին Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է անցկացվելու, ինչը աշխատակիցներին հուսադրում է, որ Ազգային գրադարանը նոր տնօրեն կունենա, ով կկարողանա շտկել վերջին մեկուկես տարվա ընթացքում Սարիբեկյանի կողմից թույլ տված սխալները:
 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն