(VIDEO) Զարեհ Սինանյանը հետ է կանգնում Հայաստանը արաբների և ասորիների համար հայրենիք դարձնելու մասին իր նախկին խոսքերից

article-image

Օգոստոսի 7-ին «Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով տեսակապով քննարկման ժամանակ Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, խոսելով ժամանակավոր տարհանումից և ընդհանուր հայրենադարձության օրակարգից, նշել է, որ դրանք պետք է տարբերել իրարից, քանի որ մեկը կարճաժամկետ խնդիր է, մյուսը ավելի երկարաժամկետ և ռազմավարական խնդիր:

«Կա նաև երրորդ նուրբ կետն այստեղ, որ արժե մտածել, գիտեմ, որ հիմա պատրաստ չենք այդ ուղղությամբ, բայց նաև, գիտեք, որ աղետի գոտիից հետո հումանիտար գործողություններին ընդհանրապես հետևում է նաև տարբեր երկրների միգրացիոն ծրագրերի իրականացումը, այս պարագայում նման աղետից դուրս գալու փափագ ունեցող մարդկանց ընդունելու խնդիրը, միջազգային պրակտիկան նկատի ունենալով՝ միայն հայերին կարող է չվերաբերել»,- միտքը շարունակելով նշել է վերջինս ու ընգծել, որ հայության հետ կապ չունեցող շատ լիբանանցիներ Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար այսօր իրենց ծագումնաբանության մեջ հայ արմատներ են փնտրում: «Նման մարդկանց ներհոսքի հեռանկարային խնդիրը կարող է երևալ»,- հավելել է Գանտահարյանը:

Անդրադառնալով Շահան Գանտահարյանի մեկնաբանությանը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել էր, որ սկզբունքայնորեն համաձայն է Հայաստանում ոչ շատ հեռավոր ապագայում այնպիսի իրականության ստեղծմանը, որտեղ բոլորը կկարողնան մտածել ոչ միայն հայերի հայրենադարձման, այլ նաև Հայաստանը մեզ նման ազգերի համար հայրենիք դարձնելու համար: Մեզ նման ազգեր ասելով՝ Սինանյանը հիշատակել էր քրիստոնյա արաբներին, ասորիներին և այն ազգերին, որոնք ազգային անվտանգության վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար և ըստ Սինանյանի կարող են հեշտորեն ինտեգրվել Հայաստանում: «Նման ձևերով՝ խելացի, մտածված, քաղաքակիրթ ձևերով, մենք կարող ենք դեմոգրաֆիկ իրավիճակը Հայաստանում փոխել, և դրանից պետք չի ամաչել, դա ճիշտ քայլ է: Դա արդեն հաջողություն կլինի։ Պատկերացրեք՝ մենք Հայաստանը դարձնում ենք մի երկիր, որը գրավիչ է նաև ոչ հայերին», - խոսքը եզրափակել էր Սինանյանը:

Սինանյանի խոսքերի վերաբերյալ հասարակական-քաղաքական շրջանակներից կոշտ քննադատություններ էին հնչեցվել: Շատերը բարձրաձայնել էին այն մասին, թե Հայաստանը ինչպիսի անվտանգության խնդիրների առաջ կարող է կանգնել այն դեպքում, եթե քրիստոնյա արաբների, ասորիների և այլ ազգերի համար Հայաստանը հայրենիք դառնա:

Երեկ էլ՝ օգոստոսի 14-ին, Զարեհ Սինանյանը ասուլիսով ամփոփել է ՀՀ կառավարության պատվիրակության՝ օգոստոսի 9-11-ը Լիբանան կատարած այցը: Բացի այդ, ասուլիսի ընթացքում Հայաստանը քրիստոնյա արաբների, ասորիների և այլ ազգերի համար հայրենիք դարձնելու հայտարարությունների վերաբերյալ Սինանյանին նույնաբովանդակ հարցեր են ուղղվել «Hraparak.am»-ի և «168.am»-ի լրագրողների կողմից:

«Hraparak.am»-ի լրագրողը հարցրել էր. «Պարոն Սինանյան, դուք հայտարարել եք, որ պետք է մտածել այն մասին, որպեսզի Հայաստանը մեր նման ազգերի հայրենիքը դառնա: Խոսքը քրիստոնյա արաբների, ասորիների և այլ ազգերի մասին է,  որոնք ազգային անվտանգության տեսանկյունից սպառնալիք չենք ներկայացնում, և կարող են հեշտությամբ ինտեգրվել Հայաստանում. խնդրում եմ պարզաբանեք՝ սա Ձե՞ր դիրքորոշումն է, թե՞ ՀՀ կառավարությանն ու վարչապետինը ևս, և արդյո՞ք այս ճանապարհով ՀՀ բնակչությունը պետք է դառնա 4 մլն և ավելի:  Խնդրում եմ նաև բացատրեք, թե ի՞նչ է նշանակում «մեզ նման ազգերի» ձևակերպումը. ինչո՞վ են ասորիները կամ արաբները նման հայերին»:

«168.am»-ի լրագրողը հարցրել էր. «Քրիստոնյա արաբների մասին Ձեր վերջին հայտարարությունը միանշանակ չընկալվեց: Արդյո՞ք ազգային անվտանգության տեսանկյունից վտանգներ չեք տեսնում նման հայտարարությունների մեջ: Արդյո՞ք դա դեմոգրաֆիկ տեսանկյունից վտանգներ չունի»:

Հայերի՝ քրիստոնյա արաբներին, ասորիներին և այն ազգերի հետ նմանությունների վերաբերյալ հարցադրումները Սինանյանի կողմից անպատասխան մնացին: Փոխարենը Սինանյանը լրագրողներին խորհուրդ տվեց մեկ-երկու գիրք կարդալ և հասկանալ, որ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր տարիներ Հայաստանը սահմանակցել է Սիրիային և նոր բան չէ նրանց՝ հայերի հետ ապրելը:

Անդրադառնալով հնչեցված մյուս հարցադրումներին էլ Սինանյանը հույս էր հայտնել, թե հարցը տվողները գոնե մեկ անգամ նայել են, ոչ թե խմբագրված  տեսաժապավենը, այլ այն տեսաժապավենը, որի մեջ միտք արտահայտողը՝ լիբանանահայ, ամբողջ կյանքն արաբների մեջ ապրած Շահան Գանտահարյանն է, որի խոսքերի հետ նա համաձայանվել է: «Նախ՝ ոչ ոք չի ասել՝ «պետք է մտածել», խոսքը գնացել է նրա մասին, որ երնեկ Հայաստանը դառնա այնպիսի երկիր, որտեղ կուզենան ապրել նաև, ասենք, հայերի նման ազգեր»,- նշել է Սինանյանը՝ մանիպուլացնելով իրականությունը:

Փաստենք, որ Հայաստանը արաբների և ասորիների համար հայրենիք դարձնելու մասին մտքերը պատկանում են հենց Զարեհ Սինանյանին, քանի որ լիբանանահայ Շահան Գանտահարյանը բառացիորեն նման միտք չի արտահայտել: Նկատենք նաև, որ Սինանյանը իր խոսքերից հետ կանգնելուց և դրանք ուրիշին վերագրելուց բացի նաև «թիրախավորել է» լրագրողներին, ինչն այս իշխանության ներկայացուցիչների համար դարձել է օրինաչափություն:

Սինանյանի մանիպուլյացիան առավել պատկերավոր ներկայացնելու համար ստորև ներկայացնում ենք օգոստոսի 7-ին տեղի ունեցած «Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» քննարկման և Սինանյանի օգոստոսի 14-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հնչեցված մտքերը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն