Քաղաքապետ Մարությանը 1,8 միլիոն դրամի չափով պարգևատրում է պաշտոնը թողնող աշխատակիցներին. ինչ նպատակ է դա հետապնդում

article-image

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի վերջին աշխատանքային օրն էր: Դեռևս օգոստոսի 14-ին՝ Մեսչյանի պաշտոնաթողությունից երեք օր առաջ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 837-Ա կարգադրությամբ վերջինս Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին պարգևատրվել էր 1,800,000 դրամի չափով:  

 

 

Մարությանի պաշտոնավարման օրոք սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքապետարանից հեռացող աշխատակիցները պաշտոնաթողությունից երեք օր առաջ ճոխ պարգևատրումներ են ստացել:

Մարությանի՝ դեռևս մարտի 3-ի 216-Ա կարգադրությամբ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին 1.700.000 դրամի չափով պարգևատրում էր ստացել Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Հարություն Թունյանը: Թունյանն ազատման դիմում էր ներկայացրել այլ աշխատանքի անցնելու նպատակով:

 

 

Մարությանի՝ հուլիսի 15-ի 715-Ա կարգադրությամբ էլ Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգևատրվել էր քաղաքապետի արդեն նախկին տեղակալ Հայկ Սարգսյանը: Հետաքրքիր է, որ Սարգսյանը հուլիսի 13-ին կրկին պարգևատրվել էր` ստանալով 480 հազար դրամ: Պաշտոնաթողությունից հետո մասնավոր ոլորտ տեղափոխված Սարգսյանը 3 օրում ընդհանուր առմամբ ստացել էր 2.280.000 դրամի պարգևավճար:

 

 

Հետաքրքիր է, որ քաղաքապետարանից հեռացող պաշտոնյաները պաշտոնաթողությունից երեք օր առաջ 1,7-1,8 միլիոն դրամի չափով պարգևատրումներ են ստանում: Այս ամենը, կարծես թե, օրինաչափություն է դառնում:

Միլիոնավոր դրամների հասնող պարգևատրումների բաժանումը, բնականաբար, բացասաբար է ընկալվում հասարակության շրջանում, քանի որ այդ գումարները մեծամասամբ տրամադրվում են իրենց պաշտոնավարման ընթացքում հանրային բողոքի ալիքների պատճառ հանդիսացող պաշտոնյաներին: Թե ինչու է քաղաքապետ Մարությանն իրենից հեռացող պաշտոնյաներին այսպես շռայլորեն «բաց թողնում», մասնավորապես այն պայմաններում, երբ Երևանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, հարցական է մնում։ 

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն