Ֆինանսական չարաշահումներ Ազգային գրադարանում

article-image

Ինչպես տեղեկացրել էինք նախորդ հրապարակմամբ, օրերս AntiFake.am-ին տեղեկություններ էին փոխանցվել այն մասին, որ անհայտ հանգամանքներով պաշտոնավարող տնօրենի ժ/պ Հրաչյա Սարիբեկյանը գրադարանում ԽԾԲ-ական բարքեր է հաստատել և իր անփորձությամբ վնասներ է հասցնում գրադարանին:

Լայն արձագանք գտած այս հրապարակումից հետո AntiFake.am-ին նոր տեղեկություններ են փոխանցվել, համաձայն որոնց` Սարիբեկյանի թողտվությամբ Ազգային գրադարանում ֆինանսական չարաշահումներ են տեղի ունենում: 

Աղբյուրի փոխանցմամբ` մոտ ընկերուհուն ֆինանսատնտեսական գծով տեղակալի պաշտոնում նշանակելուց և գնումների ծանոթ գործակալին աշխատանքի ընդունելուց հետո Հրաչյա Սարիբեկյանը սկսել է «փող աշխատել»: «Գրադարանի բակի բարեկարգման» անվան տակ` առանց սահմանված ընթացակարգերը պահելու` օտարվել են ջեռուցման համակարգի արդիականացման արդյունքում տարիներ առաջ ապամոնտաժված և պետական սեփականություն համարվող հին թուջե մարտկոցները, որոնք նախկինում երեք անգամ «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից աճուրդի էին դրվել, բայց չէին վաճառվել գնորդ չունենալու պատճառով:

Աղբյուրը հայտնում է, որ «բարեկարգման» քողի ներքո գրադարանի բակում ոռոգման ջրի խողովակներ են անցկացվել, որոնց արդյունքում էլ վնասվել են Գրատպության թանգարանի գազատար խողովակները: Չնայած ոռոգման ջուրը բակ է հասել, բակում ծառեր և ծաղիկներ չեն ավելացել. ամեն ինչ ունի նախկին տեսքը:

Շարունակելով Սարիբեկյանի օրոք տեղի ունեցող ֆինանսական չարաշահումների դեպքերի թվարկումը` մեզ հայտնում են, որ ձեռք են բերվել մոտ 900.000 դրամ արժողությամբ նոր պտուտադռնակներ, ինչը կարելի էր բացառել նախկինում տեղադրված պտուտադռնակների արդիականացմամբ: Բացի այդ, մոտ 320 աշխատակցի համար ձեռք են բերվել 2000-ական դրամ արժողությամբ չիպեր, որոնց կորստի դեպքում աշխատակիցները պարտավորվում են գումար վճարել և նորը ձեռք բերել:

Աղբյուրը հայտնում է նաև, որ 2019թ. հոկտեմբերից անսարք վիճակում գտնվող «Կիրտաս»-ը՝ թերթերի սկանավորման սարքավորումը, չի վերանորոգվում «ֆինանսների սղության» պատճառով, մինչդեռ նույն ժամանակահատվածում մոտ 900.000 դրամ է հատկացվել վարչական մասնաշենքի նախամուտքի հատակի սալիկապատման և փայլեցման աշխատանքների համար:

Հրդեհի պատճառով թվայնացված տվյալների ոչնչացումից առաջ, ինչպես նշում է աղբյուրը, Սարիբեկյանը համապատասխան բաժնի ղեկավարից զեկուցագրեր էր ստացել սերվերների վերազինման, հզորացման և նոր «UPS»-ի ձեռքբերման հարցով, սակայն դրանք պատշաճ ուշադրության չեն արժանացել: Փոխարենը գումար էր հատկացվել աշխատակիցների պարգևատրման, նոր բաժիններ` գրքափոխանակության անկյուն, համայնքային գրադարանների հետ կապերի բաժին, բացելու և նոր աշխատողներ ընդունելուն:

AntiFake.am-ին տեղեկություններ են հասել նաև այն մասին, որ շուրջ մեկ տարի է, ինչ բոլոր գնումները՝ բացառությամբ մեկի,  խիստ կասկածելի հանգամանքներում կատարվել են առանց մրցույթի:

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն