Իրարամերժ պարզաբանումներ Արցախից՝ նախագահի և Արթուր Վանեցյանի հանդիպման չկայացման պատճառների վերաբերյալ

article-image

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ու նրա կուսակիցները երեկ՝ օգոստոսի 17-ին, մեկնել են Արցախի Հանրապետություն, որտեղ մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՀ մի շարք նախկին և ներկա պաշտոնյաների, իշխանական և ընդդիմադիր գործիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Արթուր Վանեցյանը հանդիպել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ։

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մերժել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպման առաջարկը: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Արցախ մտնելուն պես Արթուր Վանեցյանը մի քանի անգամ զանգահարել է Արայիկ Հարությունյանին, հանդիպում խնդրել, սակայն Արայիկ Հարությունյանը մերժել է՝ պատճառաբանելով, որ Վանեցյանի բռնած քաղաքական կուրսն իր համար անընդունելի է, և իր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներն Արցախի անվտանգության, զարգացման վերաբերյալ նույնական են, ու նման հանդիպումը կարող է տարընկալումների, տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ։

168.am-ը կապ էր հաստատել ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ՝ տեղեկության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, ինչին ի պատասխան` խոսնակը ժխտել էր, որ Վանեցյանի հանդիպման առաջարկը մերժվել է։

«Հանդիպման առաջարկի հետ կապված որևէ մերժում չի եղել նախագահի կողմից: Ընդամենը կա ծանրաբեռնված  օրակարգ, այդ օրակարգի ընթացքում, եթե կարողանանք ժամանակ գտնել, անպայման հանդիպումը կայանալու է»,- ասել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Վահրամ Պողոսյանը նշել էր, որ հանդիպման չկայանալը որևէ կապ չունի տվյալ լրատվամիջոցի բերած պնդումների հետ:

«Պարոն Վանեցյանի նկատմամբ պարոն նախագահն ունի շատ դրական վերաբերմունք, այս առումով որևէ խնդիր չկա: Բացի դրանից, պարոն Վանեցյանի ղեկավարած պատվիրակությանն արդեն հանդիպել է Խորհրդարանի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարն է ընդունել, այնպես որ, այստեղ  քաղաքական որևէ ենթատեքստ փնտրել ես ուղղակի անիմաստ եմ համարում»,- հավատացրել էր Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը:

Այս հավաստիացումներից կարճ ժամանակ անց Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տրամագծորեն հակառակ պնդումներ անելով հանդիպման չկայացման պատճառների վերաբերյալ։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ...»։

Ինչպես կարելի է նկատել, ավելի վաղ լրատվամիջոցին տված պարզաբանումներով ԱՀ նախագահի մամուլի խոսնակը հավաստիացրել էր, որ հանդիպման չկայացման մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելն ուղղակի անիմաստ է, մինչդեռ կարճ ժամանակ անց նշել է, թե նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը կասկածի տակ դնող քաղաքական ուժերի հետ հանդիպումները։

Հետաքրքիր է, թե ի՞նչը և/կամ ո՞վ է ստիպել Արցախի նախագահի մամուլի խոսնակին հանդես գալ իր՝ ավելի վաղ տված պարզաբանումից տրամագծորեն տարբերվող պարզաբանմամբ։ Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի ընդգծված բացասական վերաբերմունքը Արթուր Վանեցյանի ընդդիմադիր գործունեության նկատմամբ, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի անունը առանձնահատուկ կերպով ընդգծելը ԱՀ նախագահի կողմից Արթուր Վանեցյանին չընդունելու պատճառների մասով, կարելի է ենթադրել, որ Արայիկ Հարությունյանը Երևանից զանգ է ստացել և պահանջ՝ «արագ կերպով ուղղելու» մամուլի խոսնակի՝ լրատվամիջոցին տված պարզաբանումը, թե հանդիպման չկայացման պատճառ ներքաղաքական հանգամանքները չեն կարող լինել։

Սա կարելի է դիտարկել նաև Արցախի նախագահի կողմից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հավատարմության ցուցադրման ևս մեկ դրսևորում, ինչպես նաև ակնարկ՝ ուղղված Արցախի իշխանությունների այն ներկայացուցիչներին, որոնք արդեն իսկ հանդիպել են Արթուր Վանեցյանի հետ։

Աղբյուր՝ AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն