Ոստիկանությունն առաջնորդվում է ArmLur.am-ի հերքված տեղեկություններով, իսկ Արթուր Իսպիրյանը չի կողմնորոշվում՝ հայհոյել ու քաշքշե՞լ են, թե՞ ոչ

article-image

Երեկ ArmLur.am կայքում հոդված է հրապարակվել «Կասկադում հայհոյել ու քաշքշել են Արթուր Իսպիրյանին» վերնագրով, որում նշվել է. «ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ այսօր մի խումբ անձիք Կասկադի տարածքում մոտեցել են «Իմ քայլը» խմբակցության ավանագու անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին։ Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել Իսպիրյանից, որն էլ մեզ հետ զրույցում չհերքեց, որ միջադեպ է տեղի ունեցել»։

Այս հոդվածը տեղ է գտել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթի առաջին էջում՝ «Սպառնալիքներ» բաժնի տակ:

Լրատվականը իր հոդվածի վերնագիրն ընտրելիս դիմել է պարզ մանիպուլյացիայի և առաջնորդվել անլուրջ լրատվականներին բնորոշ «clickbait» սկզբունքով, քանի որ լրատվականը տեղի ունեցածի վերաբերյալ Արթուր Իսպիրյանից մեկնաբանություն վերցնելիս պարզել էր, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ հենց Արթուր Իսպիրյանը հերքել էր հայհոյանքի և քաշքշուքի հանգամանքը, ինչը, ի դեպ նույն հոդվածի շարունակության մեջ նշված է՝ «Ուրիշ բան չի եղել` կռիվ, հայհոյանք»։ 

Որոշ  ժամանակ անց լրատվականը նյութի վերնագիրը փոխարինել է «Կասկադում միջադեպ է տեղի ունեցել. ովքեր են սպառնացել Արթուր Իսպիրյանին» վերնագրով։

Արդեն այսօր Ոստիկանությունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը. «Զանգավածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար:

Կարճ ժամանակում ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը:

Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»:

Ոստիկանության հաղորդագրությունից ակնհայտ է դառնում, որ ոստիկանության աշխատակիցները լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների հիման վրա քայլեր ձեռնարկելիս կամ առաջնորդվում են միայն նյութի վերնագրով, կամ բովանդակությունը մինչև վերջ չեն կարդում, հակառակ դեպքում՝ նյութը բացելու և մինչև վերջ կարդալու պարագայում ոստիկանության աշխատակիցների համար ակնհայտ կլիներ, որ Իսպիրյանը հերքել է ArmLur.am-ի տարածած ապատեղեկատվությունը հայհոյանքների և քաշքշուքների վերաբերյալ, կամ էլ  իմանալով, որ չեն եղել հայհոյանքներ և քաշքշուքներ, ամեն դեպքում պարզաբանում են վերցրել ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱԾ դեպքի հանգամանքների վերաբերյալ, ինչը որակում են որպես ՄԻՋԱԴԵՊ։

Քանի որ ոստիկանության հաղորդագրությունից ակնհայտ է դառնում նաև, որ Արթուր Իսպիրյանից պարզաբանումներ ստանալուց հետո ոստիկանության աշխատակիցները «հետամուտ են եղել միջադեպի մասնակիցների ինքնության պարզմանը և միջոցառումներ ձեռնարկել դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար», կարող ենք հետևություն անել, որ ոստիկանությունում Արթուր Իսպիրյանը վերահաստատել է այն, որ եղել են հայհոյանքներ և քաշքշուքներ, ինչը հերքել էր մեկ օր առաջ։

Իսկ արդեն այսօր Ոստիկանություն է հրավիրվել Արթուր Դանիելյանը`միջադեպի մասին  պարզաբանումներ տալու համար: Արթուր Դանիելյանը պնդում է, որ չնայած իսկապես տեսել է Իսպիրյանին Կասկադում, նրան չի մոտեցել և որևէ միջադեպ չի եղել:

Ոստիկանության տարածած հաղորդագրությունից հետո Aysor.am-ը մեկնաբանություն է վերցրել Արթուր Իսպիրյանից, ով նշել է. «Քաշքշուկ չի եղել, խոսակցություն է եղել՝ շատ կարճ ու շատ տգեղ»:

Ստացվում է, որ Ոստիկանությունը, հիմք ընդունելով մեկ լրատվամիջոցի տեղեկությունները, որոնք հերքվում են հենց այդ հոդվածում և Արթուր Իսպիրյանի կողմից, անհասկանալի հիմքերով պարզաբանումների է կանչում Արթուր Դանիելյանին, տարածած հաղորդագրության մեջ էլ նույնությամբ կրկնում Իսպիրյանի կողմից հերքված հատվածը, այն է. «.. մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին»:  

Վերջիվերջո, ինչի է ուզում հասնել Արթուր Իսպիրյանը. նրան քաշքշե՞լ են, թե՞ հայհոյել, թե՞ ընդհանրապես ոչինչ չի եղել: Ինչու՞ չի կողմնորոշվում Արթուր Իսպիրյանը:

Իսկ ինչ գնահատական կարելի է տալ ոստիկանությանը, որը միջոցառումներ է ձեռնարկում արդեն իսկ հերքված տեղեկությունների հիման վրա։

Ի դեպ, Արթուր Իսպիրյանի հրապարակային վարքագիծը ևս չի խոսում իր օգտին, քանի որ վերջինս սոցցանցերում զերծ չի մնում հայհոյանքներ տեղալուց և վիրավորանքներ հնչեցնելուց՝ չնայած հանրային գործիչ լինելուն, ով պարտավոր է հրապարակային տիրույթում դրսևորել զսպվածություն և հավասարակշռվածություն։

Մի քանիսը ներկայացնում ենք ստորև.

 

 

 

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն