«ԱԶԳ-ԲԱՆԱԿ» քննադատող նախկին ընդդիմադիրները առաջ են քաշում աշխարհազոր ունենալու օրենքի նախագիծը

article-image

Այսօր` օգոստոսի 25-ին, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարկվել է օրենքի նախագիծ, որը հեղինակել է ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Նախագծով սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Նախագծի հեղինակները իրենց առաջարկը հիմնավորում են նրանով, որ «ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում»: Նրանք շեշտում են, որ «անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները»:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ քաղաքային համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է, իսկ գյուղական համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքի աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարը (հրամանատարը): Քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների տեղակալների կողմից համապատասխան համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:

Հետաքրքիր է, որ դեռևս 2017 թվականին, երբ Պաշտպանության այն ժամանակվա նախարար Վիգեն Սարգսյանը առաջ քաշեց «Ազգ-բանակ» հայեցակարգը, տարբեր հասարակական գործիչների կողմից բարձրացվում էր այն հարցը, թե իշխանությունները պետությունը տանում են առավել խորը միլիտարիզացման: Իսկ այն, ինչ մի քանի տարի առաջ համարվում էր միլիտարիզացում, այսօր արվում է քաղաքացու մասնակցությունը երկրի պաշտպանությանը ավելի համակարգելու, կազմակերպելու և նպատակաուղղելու համար: 

Իսկ այդ ընթացքում նման զգայուն թեմաների «լուսաբանման» առաջամարտիկ «Հայկական Ժամանակ» թերթում ներկայացվում էին այն բոլոր քննարկումները, որտեղ քննադատվում էր հայեցակարգը, մյուս կողմից էլ` ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում բոցաշունչ ելույթներ էր ունենում` խորհրդարանական նիստերի ընթացքում քննարկելով ամեն ինչ` բացի հայեցակարգից: «Հայկական Ժամանակ»-ում խմբագրականներ էին գրվում, որտեղ հեղինակը պաշտպանում էր «Հանուն գիտության զարգացման» շարժմանը, որը դեմ էր ակադեմիական տարկետումների վերացմանը և դասադուլներ էր կազմակերպում: Խմբագիրը գրում է. «Խնդիրն այն է, որ իշխանությունները հերթական անգամ ռազմահայրենասիրական կոչերի ծխածածկույթի տակ փորձում են չնկատելու տալ այն իրականությունը, որ տիրում է բանակում ծառայելու ոլորտում»: Նկատենք, որ դեռևս 2017թվականին «Հանուն գիտության զարգացման» պայքարող ուսանող երիտասարդները, որոնք ամենաակտիվ մասնակցությունն ունեցան 2018թ. ապրիլյան իշխանափոխությանը, և ովքեր հենց գիտությամբ զբաղվելու հիմքով օգտվեցին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից, այսօր և՛ գիտությամբ չեն զբաղվում, և՛ պետական պաշտոններ են զբաղեցնում, ինչպես, օրինակ, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանը:

Տարատեսակ քննարկումների մասնակիցները նշում էին, որ Հայաստանը տարածաշրջանի ամենառազմականացված երկիրն է, իսկ այդ ծրագիրը առավել կխորացնի խնդիրը: Այդ օրերին նրանք նույնիսկ մերժում էին «1000 դրամների» հիմնադրամը` կասկածի տակ դնելով նախաձեռնության հաջողությունն ու արդիականությունը: Կարծիք էին հայտնում, թե «եթե 5 մլն դրամ փող ունեն (խոսքը «Ես եմ» ծրագրի մասին է), ինչո՞ւ են մարդկանցից 1000 դրամ ողորմություն հավաքում, որ հաշմանդամություն ունեցող զինծառայողների կարիքները հոգան»:  Այնինչ այսօր ներկայիս իշխանությունները իրենք են անընդհատ բարձրաձայնում հիմնադրամի հաջողությունների մասին և շեշտում դրա անհրաժեշտությունը: «1000 դրամների» անարդյունավետության մասին էր խոսում դեռ 2018թ. Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա ընդգծում էր, որ Վիգեն Սարգսյանն իր թիմի հետ ձախողել են, և «Ազգ-բանակի» նրանց մոտեցումն այդ ձախողման մի մասն է կազմել։ Փոխվե՞լ է այսօր Արմեն Գրիգորյանի կարծիքը թե՞ ոչ, կարելի է միայն ենթադրել:

2017 թվականի նոյեմբերին հայեցակարգով մտահոգված ազգագրագետ Հրանուշ Խառատյանը գրում է. «Չկա այդպիսի բան, բանակն ինքը հասարակական արժեքներ չի ձևավորում, չի ստեղծում, ոչ մի հասարակությունում, եթե այն մաքուր ռազմական չէ, բանակն այդպիսի գործառույթներ չի կարող իրականացնել և չի իրականացնում: Բանակն ինքնին «կրթող, դաստիարակող, ուսուցանող ներուժ» չի ունենում, առավել ևս՝ բանակն ինքը «ժողովրդին փոխանցելու» արժեքներ չունի և չի կարող ունենալ՝ գիտություն, լուրջ կրթություն, վարքի նորմեր, օրենքներ, դատարան, ընտանիք, ներընտանեկան և ներհասարակական հարաբերություններ, քաղաքացիական, առավել ևս ժողովրդավարական կառավարման հմտություն, արվեստ, մշակույթ և, շատ կարևոր՝ տնտեսվարում,- սրանցից ո՞րը պիտի բանակը փոխանցի ժողովրդին և ինչպե՞ս պիտի փոխանցի: Բանակն այս դեպքում ի՞նչ կարգավիճակով պիտի հանդես գա՝ փաստացի իշխանությա՞ն: Եվ դեռ նախարարի ծրագրով «Դա նշանակում է բանակի ստեղծածն ու ձևավորածը ծառայեցնել ողջ հասարակությանն ու պետությանը, իսկ քաղաքացիական կյանքի բոլոր ձեռքբերումներով ամրապնդել երկրի Զինված ուժերը», ինչը պարզապես նշանակում է, որ հասարակությունը իր գոյությունը պիտի պայմանավորի բանակով և ծառայի բանակին»:

Հետաքրքիր է, թե հիմա ինչ կարծիք կունենա Հրանուշ Խառատյանը` քաղաքային և գյուղական բնակավայրերում աշխարհազոր ստեղծելու իշխանությունների մտադրության մասին, և ի՞նչ դեր ունի այսօր բանակը ազգագրագետի համար:

Որոշ հասարակական կազմակերպություններ էլ ուսումնասիրում էին «Ազգ-բանակ» հայեցակարգի տարածումը հասարակության մեջ և գալիս այնպիսի եզրահանգումների, ինչպիսիք են` «Հայեցակարգը նպատակ էր հետապնդում ստեղծելու այնպիսի հասարակություն, որտեղ սպայի մասնագիտությունն ամենահարգվածն է: Սա հասարակության ռազմականացման անուղղակի միջոց է: Պետության պարտականություններն՝ ապահովելու քաղաքացիների անվտանգությունը բանակի միջոցով, փորձ է արվել որոշ չափով թողնել հասարակության վրա, հասարակության գիտակցության մեջ կանոնակարգային դարձնել սահմանին զոհվելը և բանակի պատասխանատվությունը դարձնել հասարակության պատասխանատվություն, հասարակությանը փորձել է ներկայացվել, որ «ազգ-բանակն» այլընտրանք չունի, այն ոչ թե ընտրություն է, այլ պարտադրանք, որը կենսական նշանակություն ունի և ժամանակի մարտահրավեր է, հայեցակարգը միտված է եղել երկրում մոբիլիզացիայի մթնոլորտի ստեղծմանը»:

Ներկայումս ընթացքող իրադարձություններից կարելի է փաստել. այն, ինչ նախկին ընդդիմադիրները քննադատում էին, այսօրվա իշխանությունները քայլ առ քայլ իրագործում են:

 

Աղբյուր` AntiFake.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն