Ալեքսեյ Գրոմովը ՀՀ չի ժամանել. դիլետանտի՞զմ, թե՞ անգրագիտություն ԱԺ աշխատակազմի կողմից

article-image

Մայիսի 17-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում հրապարակվել է «Քննարկվել է 2018թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության զեկույցը» վերնագրով հաղորդագրությունը, որի մեջ նշված է. «ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մայիսի 17-ին հանդիպել է Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) ընտրական հարցերի վարչության ղեկավար Ալեքսանդր Շլիկի եւ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովի հետ»:

Հանդիպումից հրապարակվել է  3 լուսանկար, որոնք ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Գրոմովը լուսանկարներում չկա։

Այս տեղեկությունը ճշտելուց հետո պարզեցինք, որ Ալեքսեյ Գրոմովը ոչ միայն ներկա չի եղել նշված հանդիպմանը, այլև անգամ Հայաստանում չի եղել։

Ալեքսեյ Ալեքսեևիչ Գրոմովը ունի հարուստ կենսագրություն և պետական գործչի երկարատև տարիների փորձ։ Գրոմովը իր գործունեությունը սկսել է 1982 թվականից Արտաքին գործերի նախարարությունում։ 2000 թվականից զբաղեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարի պաշտոնը, 2008 թվականից՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ 2012 թվականից՝ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։

Գրոմովը և Պուտինը, 15 դեկտեմբերի 2000թ.

Այսպիսով, հերթական անգամ մենք գործ ունենք պետական կարևորագույն ինստիտուտներից մեկում տիրող դիլետանտիզմի հետ, որն ուղղակիորեն վնասում է ՀՀ միջազգային հեղինակությանը: Սակայն ներկայացվածը դեռ ամենը չէ։ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված նյութի ռուսերեն թարգմանության մեջ էլ գտանք հաջորդ դիլետանտիզմի դրսևորումը։ Հաղորդագրության ռուսերեն թարգմանության մեջ էլ Ալեքսեյ Գրոմովը ներկայացված է որպես «ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրական հարցերի վարչության ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ»։ Արդյունքում, հանդիպմանը ներկաներից որևէ մեկի ոչ անունը, ոչ պաշտոնը ռուսերեն բաժնում ճիշտ գրված չեն։

Այս ամենից հետո տրամաբանական հարց է առաջանում. Ալեքսեյ Գրոմովին անհարկի հիշատակելը ՀՀ ԱԺ աշխատակազմի հերթական անփութությու՞նն է, անգրագիտության դրսևորու՞մ, թե՞ ցանկությունը իրականության տեղ ներակայացնելու փորձ։

Յուրաքանչյուր պարագայում, ինչպե՞ս պետք է վերաբերվի Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը և դրա օրենսդիր մարմնին՝ նման անլուրջ վերաբերմունք ցուցաբերելու և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալին ինչ-որ պաշտոնյայի հետ շփոթելու և պաշտոնական կայքում դա հրապարակելու համար։ Ինչո՞վ է զբաղված ՀՀ ԱԺ Նախագահը, աշխատակազմի ղեկավարը, միթե՞ այս մարդիկ դեռ չեն գիտակցում իրենց զբաղեցրած պաշտոնների լրջության աստիճանը և միթե չեն գիտակցում, որ իրենց դիլետանտիզմի պատճառով տուժում է ՀՀ միջազգային հեղինակությունը:

Հոդվածի ռուսերեն և անգլերեն տարբերակը։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն