Քաղաքացիները գրավե՞լ են ՊՆ նախկին վարչական շենքը

article-image

Մեր տեղեկություններով` Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի տարածքում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքը մոտ երկու շաբաթ առաջ գրավվել է Պռոշյանի բնակիչների կողմից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ շենքը մինչ օրս գտնվում է այդ անձանց վերահսկողության տակ, որտեղից նրանք հանում են գույքը, պատուհանները, անգամ վաճառում են և շենքի հետ կապված պահանջներ են ներկայացնում Կոտայքի մարզպետարանին։

Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է կազմակերպել այդ անձանց հետ՝ նրանց հետ համաձայնություն ձեռք բերելու համար, որի արդյունքում համաձայնության չեն եկել։

Երեկ էլ քաղաքացիները տեղեկացրին, որ Պաշտպանության նախարարության շենքը գրաված պռոշյանցիները երկկողմանի փակել են Երևան-Աշտարակ մայրուղին իրենց պահանջները ներկայացնելու համար։ Ճանապարհը բացելու համար ժամանել են Ոստիկանության և Ռազմական ոստիկանության աշխատակիցներ։

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Կոտայքի մարզպետարանի հետ։ Մարզպետարանից նախ մեզ ասացին, որ կոմպետենտ չեն պատասխանելու հարցերին և տվեցին մարզպետի օգնականի հեռախոսահամարը։ Վերջինս նույնպես մեզ փոխանցեց, որ կոմպետենտ չէ, և խնդրեց կապ հաստատել լրատվության բաժնի պատասխանատուի հետ, ում հետ երեկվանից մինչ այս պահը չի ստացվել կապվել։

Մեր ունեցած տեղեկությունները ճշտելու համար կապվեցինք նաև Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանի հետ։

Մեզ հետ զրույցում Մուրադյանն ասաց, որ մոտ 10 օր առաջվանից սկսած Պռոշյանի բնակիչները պահանջում են, որ ՊՆ ենթակայության տակ գտնվող ՊՆ նախկին վարչական շենքը փոխանցվի համայնքին։ Մուրադյանը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է կազմակերպել պահանջ ներկայացնող պռոշյանցիների հետ, որի ընթացքում նրանք պնդել են իրենց պահանջը։ Իսկ ՊՆ նախկին շենքը զավթելու, այնտեղից գույք հանելու և վաճառելու հետ կապված նշեց, որ նման տեղեկություն չի կարող փոխանցել, քանի որ չի տիրապետում. «Ոչ մտել - դուրս եմ եկել, ոչ էլ տեղյակ եմ», - նշեց Մուրադյանը։

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կապ հաստատեցինք Ոստիկանության հետ, որտեղից մեզ փոխանցեցին, որ երեկ՝ մայիսի 23-ին, պռոշյանցիները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին, սակայն բանակցությունների արդյունքում ճանապարհը բացվել է։ Նշենք, որ այս կապակցությամբ համայնքապետը մեզ փոխանցել էր, որ փողոց չի փակվել, այլ մի պահ խոչընդոտվել է երթևեկությունը։

ՊՆ նախկին շենքը զավթելու հետ կապված Ոստիկանությունից նշեցին, որ մոտ 10 օր առաջ ժողովուրդն իր պահանջով ինչ-որ հավաք է անցկացրել։ Սակայն զավթելու, գույք հանել-վաճառելու հետ կապված ահազանգ չեն ստացել։ Ոստիկանության աշխատակիցը մեզ փոխանցեց, որ ոչ միայն շենքը, այլ նաև այդ ամբողջ տարածքը պահպանվող տարածք է և գտնվում է ՊՆ ենթակայության տակ, ուստի այդ հարցերը ոստիկանության իրավասության տակ չեն։

Կապվեցինք նաև Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով ՊՆ նախկին վարչական շենքում տեղի ունեցող դեպքերի հետ կապված պատասխանեց, որ մեկնաբանություններ չունի, իսկ շենքում քաղաքացիների ելք ու մուտքի, գույք հանել-վաճառելու հետ կապված նշեց, որ եթե ահազանգ լինի էլ, Պաշտպանության նախարարությունը որևէ բան չի պատրաստվում անել, որովհետև ՊՆ-ը ոչ զորք ունի այնտեղ, ոչ ստորաբաժանում կա տեղակայված, ոչ էլ զորամաս է շենքը, ուստի դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը։ «Գուցե Պաշտպանության նախարարութունում տեղյակ են բողոքից, բայց էլի եմ ասում, ՊՆ-ն այստեղ անելիք չունի ընդհանրապես», - հավելեց Հովհաննիսյանը։

Այսպիսով՝ թե՛ համայնքապետը, թե՛ Ոստիկանությունը և թե՛ ՀՀ ՊՆ մամլո խոսնակը ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին մեր այն տեղեկությունը, որ չնայած պահպանվող տարածք լինելուն՝ ՊՆ նախկին վարչական շենքը մոտ 10 օր առաջ գրավվել է Պռոշյանի բնակիչների կողմից, գտնվում է նրանց վերահսկողության տակ, որտեղ նրանք ունեն ազատ ելք ու մուտք, այնտեղից գույք է դուրս հանվում և վաճառվում։

Իսկ այն, որ Ոստիկանությունը շենքի պահպանության հարցը «գցում է» ՊՆ-ի վրա, իսկ Պն-ն` Ոստիկանության, փաստում է այն մասին, որ պետական մարմիններում, մասնավորապես` իրավապահ կառույցներում, բարձիթողի իրավիճակ է տիրում։

AntiFake.am-ը հետևողական է լինելու այս դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն