Լենա Նազարյանը սահմանազանցում է իր լիազորությունները և ոտնահարում իշխանությունների տարանջատման և դատավորների անկախության սկզբունքները

article-image

Մայիսի 22-ին Lragir.am-ին տված հարցազրույցում ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանն արտահայտել է հետևյալ միտքը. «Ես կոչ եմ անում հեղափոխությունը պաշտպանող բոլոր քաղաքական ուժերին, իրավապաշտպաններին, փաստաբաններին, լրագրողներին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիներին, որոնք ունեն փաստեր որևէ դատավորի կողմից երբևէ գործած անօրինականության, անօրինական վճռի, եկամուտների հետ անհամեմատ մեծ արժեքի տիրապետած գույքի, նախկին քաղաքական կապերի ու շահերի, պաշտոնին անհարիր պահվածքի և վերաբերմունքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ անկարողությունների մասին տեղեկություններ՝ անհապաղ հրապարակել»:

Այս միտքը տեղադրված է նաև «Իմ քայլը» դաշինքի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Անհրաժեշտ է նշել, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը` որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչ, դատավորների վերաբերյալ նման փաստեր հավաքագրելու որևէ լիազորություն չունի: Դատավորները օրենքով սահմանված կարգով ներկայացնում են հայտարարագրեր, և եթե այդ հայտարարագրերը եկամուտների, ունեցվածքի իրական պատկերը չեն արտացոլում, ապա առաջանում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածով նախատեսված ապօրինի հարստացման հանցակազմը.

«1. Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

2. Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:

Իսկ քրեական գործ հարուցելու և բացահայտելու պարտականությունը կրում են հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը` համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 27-րդ հոդվածի:

Բացի այդ, ՀՀ ԱԺ պատգամավորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Ազգային ժողով կանոնակարգ սահմանադրական օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, իսկ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալների լիազորությունները սահմանվում են նույն օրենքի 6-րդ հոդվածով, որոնց ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ ՀՀ ԱԺ պատգամավորը կամ փոխխոսնակը չունեն դատական իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ տվյալներ հավաքագրելու լիազորություն։

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Ստացվում է, որ ԱԺ փոխխոսնակը ոչ միայն չունի դատական իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ տվյալներ հավաքագրելու իրավասություն, այլև իրականացնում է քրեական հետապնդման մարմիններին վերապահված քրեական հետապնդում իրականացնելու գործառույթներ։

Այսպիսով, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը վերը նշված հայտարարությամբ սահմանազանցում է իր լիազորությունները, ինչպես նաև ոտնահարել է իշխանությունների տարանջատման և դատավորների անկախության սկզբունքները։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Լենա Նազարյանը Նիկոլ Փաշինյանի կոչով մասնակցել էր դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու գործողություններին։

 

Հեղինակ՝ Աիդա Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն