Ռուսաստանի դեմ պայքարի Միացյալ Թագավորութան ծրագիրն անգամ Հայաստան է հասել․ գաղտնազերծված փաստաթղթեր

article-image

Թվիթեր սոցիալական ցանցում Թայլեր Փոփ անվան տակ հանդես եկող օգտատերը հրապարակում է տարիներ առաջ տեղի ունեցած արտահոսքի արդյունքում գաղտնազերծված հարյուրավոր փաստաթղթեր, որոնք վկայում են ՌԴ դեմ Միացյալ Թագավորության կառավարության ձեռնարկած համաշխարհային քողարկված հակաքարոզի մասին. նպատակը մեկն է. փոխել ՌԴ գործող քաղաքական վարչակարգը:

«Ռուսաց լեզվի ռազմավարական հաղորդակցության» ծրագրի շրջանակներում Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը 2 միլիոն ֆունտ ստեռլինգ է հատկացրել  Պետականաշինության ինստիտուտ կոչվող` նախկինում անհայտ մի բարեգործական հիմնադրամի, որպեսզի վերջինս 2017-2019 թվականներին կարողանա երկու փուլով իրականացնել «Ազնվության նախաձեռնություն» ծրագիրը: Անկախ լրագրողները, սակայն, կարճ ժամանակ անց պարզել են, որ դա ոչ թե բարեգործական կազմակերպություն  է, այլ հետախուզական ծառայությանը կից կառույց, որում ներգրավված են ՄԻ-6-ի և ռազմական հետախուզության նախկին և գործող սպաներ։ Կառույցը գլխավորում է ռազմական հետախուզության գնդապետ Քրիստոֆեր Նայջել Դոնելլին:

 





 

Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում Միացյալ Թագավորության կառավարությունը քողարկված կազմակերպություններ է ստեղծել Եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում, որպեսզի այդ երկրներում կարողանա սեփական շահերը սպասարկել: Այս կազմակերպություններում համախմբված են մարդիկ, որոնք քաջատեղյակ են տվյալ պետության քաղաքական, ռազմական, ակադեմիական և լրատվական ոլորտներից: Նրանք կարողացել են ազդեցություն ունենալ այդ երկրների ղեկավարների վրա, որպեսզի վերջիններիս կայացրած որոշումներն ընդունելի լինեն Լոնդոնի համար: Ավելին, հակառուսական վերլուծական կենտրոնները, լրատվամիջոցները և որոշ  հետազոտական ծրագրեր ֆինանսավորում են ստացել Միացյալ Թագավորությունից, որպեսզի այդ երկրների ներքին գործերին ՌԴ միջամտության մասին «զեկույցներ» գրեն և ապահովեն դրանց տարածումը մամուլում: 

 



 

Յուրաքանչյուր երկրում Միացյալ Թագավորության դեսպանատան ներկայացուցիչը վերահսկում է տվյալ կազմակերպության աշխատանքները և աջակցություն ցուցաբերում բոլոր գործողություններին: Մինչդեռ Լոնդոնը խիստ հսկողություն ունի բոլոր քողարկված կազմակերպությունների վրա, սակայն նպատակը գործելու էլ ավելի մեծ ազատություն ապահովելն է՝ Միացյալ Թագավորության գլխավոր գրասենյակը դարձնելով ռազմավարական տեղեկատվական հիմնական գործողությունների համակարգող:

 

 

2016 թվականին ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսի նախընտրական քարոզարշավն իրականացնողների շարքում է հայտնվել բրիտանացի մի երիտասարդ Բրեյսի Լեյն անունով, որն ասել էր, թե ԱՄՆ էր եկել մի երկու ամիս Նյու Յորքում շրջելու համար և որոշել է անվճար հիմունքներով Այովայում միանալ Բերնի Սանդերսի թիմին: Իրականում, սակայն, պարզվել էր, որ նա բրիտանական հետախուզական ծառայությունում է աշխատել: Հենց 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո համաշխարհային աղմուկ բարձրացավ, թե իբր ՌԴ-ն միջամտել է ընտրություններին` օգնելով Դոնալդ Թրամփին դառնալ ԱՄՆ 45-րդ նախագահը:

 

 

Միացյալ Թագավորության կառավարությանը հաջողվել է ստեղծել զուգահեռ իրականություն` գաղտնի ճանապարհով եվրոպական երկրները ՌԴ-ից հնարավորինս հեռու վանելով: Որոշ դեպքերում նրանց հաջողվել է անգամ այդ երկրներին դրդել հակառուսական քայլերի: Հենց նրանք են հորինել այն վարկածը` իբր ՌԴ-ն է միջամտել Կատալոնիայի և Շոտլանդիայի անկախության հանրաքվեների և ԱՄՆ ընտրություններին: Նրանց առաջնային նպատակը «ռուսական ապատեղեկատվություն» պիտակավորելն է ցանկացած տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրենց քարոզչական ուղղությանը:

Հաջորդ գաղտնի նախագիծը, որը հայտնի արտահոսքի արդյունքում բացահայտվել է 2019 թվականին, կոչվում է «Բաց տեղեկատվական գործակցություն», որի շահառու երկրների ցանկում հայտնվել է Հայաստանը: Խոսքն այս ծրագրի շրջանակներում ֆինանսավորում ստացած մի կառույցի մասին է, որն իրեն հռչակել է իրավապաշտպան կազմակերպություն և «ստի բացահայտման» ուղեղային կենտրոն: Այն իբրև թե զբաղվում է ապատեղեկատվություն բացահայտելով և դրան հակազդելով, սակայն իրականում սպասարկում է Մեծ Բրիտանիայի շահերը ՌԴ դեմ սանձազերծած համաշխարհային տեղեկատվական պատերազմում: Այս նախագծի շրջանակներում Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը փնտրել է կապալառուների կոնսորցիում` ստեղծելու դերակատարների ցանց, որոնք կբացահայտեն ապատեղեկատվությունն ամբողջ Եվրոպայում: Հիմնական ֆինանսավորում ստացել են այն ՀԿ-ները, որոնք ունեցել են ազդեցության առավելագույն ներուժ և կարողացել են զարգացնել իրենց կազմակերպությունների իրավական, առևտրային, հաղորդակցության և անվտանգության կարողությունները:

 





 

Ահա այս չափանիշներին է համապատասխանել Դանիել Իոաննիսյանի ղեկավարած` նախկինում sut.am, (որը և կգտնեք գաղտնազերծված փաստաթղթի ցուցակում) այժմ fip.am դարձած փաստերի ստուգման հարթակը, որը մանիպուլյատիվ հրապարակումներով և «սուտ բացահայտելով» թվացյալ անաչառորեն փաստերի ստուգմամբ է զբաղվել` իրականում արդարացնելով ՀՀ գործող իշխանություններին և հակառուսականություն տարածելով:

Հայաստանյան հասարակական–քաղաքական դիսկուրսում տարիներ շարունակ քննարկվել է արևմտյան դոնորներից ֆինանսավորվող մի քանի տասնյակի հասնող հասարակական կազմակերպությունների գործունեությունը հենց այս համատեքստում։ Քննարկումների առանցքում այն միտքն է, որ այդ կազմակերպությունները ստացել են դրամաշնորհներ և դրանք ծառայեցրել օտարերկրյա օրակարգերը Հայաստանում իրականություն դարձնելու համար։ Իրենց քաղաքացիական ինստիտուտներ հռչակած կառույցների միջոցով Հայաստանում օտարերկրյա շահեր սպասարկելու մասին խոսակցությունները սկսել են շրջանառվել 2018 թվականի իշխանափոխությունից հետո: Նշված շրջանակի կազմակերպությունները Փաշինյանի իշխանության գալուց հետո հանկարծ դադարեցին քննադատել գործող իշխանություններին: Ընտրակեղծիքները, ազատ խոսքի և մամուլի դեմ ոտնձգությունները, խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ գործադրված բռնությունները և հակաժողովրդավարական բազմաթիվ դրսևորումներն այլևս խնդիր չէին այդ «ժողովրդավարության ջատագով» կազմակերպությունների համար։ Անփոփոխ է մնացել, սակայն, հակառուսականության քարոզը։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանում իշխանության փոփոխությունը չի եղել այդ կազմակերպությունների հիմնական «խնդիրը»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2014 թվականին։ Կազմակերպության նպատակն է կարևոր հարցերի շուրջ հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, ապատեղեկատվության և դրա՝ հանրային կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա ազդեցության նվազեցումը։ Կազմակերպությունը 2016 թվականին ստեղծել է «Փաստերի ստուգման հարթակ» զանգվածային լրատվական միջոցը՝ fip.am-ը, որի հիմնական նպատակը փաստերի ստուգումն ու ապատեղեկատվության վերհանումն է։ Սակայն կազմակերպության, ինչպես նաև fip.am-ի գործունեության դրամաշնորհներով սահմանված նպատակների և դրանց հիման վրա իրականացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում, որ կազմակերպության հռչակած նպատակները չեն համընկնում վերջինիս փաստացի գործունեության հետ, և այն, ինչով զբաղված է կազմակերպությունը, ավելի շատ նմանվում է որոշ հարցերով հակաքարոզչության, իսկ որոշներով  էլ, մասնավորապես, ՀՀ գործող իշխանությանը լոյալությամբ ՝ պրոպագանդայի, ինչն էլ ապացուցում է, որ այս և նմանատիպ այլ կազմակերպությունների մասին ձևավորված հանրային ընկալումները հեռու չեն իրականությունից։  Այս քաղաքականության հիմնական առաջամարտիկը հանդիսանում է կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Կազմակերպության ֆինանսական միջոցները ձևավորվում են հիմնականում արևմտյան ֆոնդերից, որոնցում ծանրակշիռ տեղ ունի «Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակից (Սորոսի հիմնադրամ) ստացված միջոցները։

Ուսումնասիրելով դրամաշնորհների հատկացման նպատակները՝ պարզ է դառնում, որ կազմակերպությունը դրամաշնորհներ է ստացել հիմնականում մի քանի ուղղություններով՝ արտաքին քաղաքականություն, ընտրությունների մշտադիտարկում, հանրության տեղեկացվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, փաստերի ստուգում, օբյեկտիվ տեղեկատվության տրամադրում և այլն։ Որպես անաչառ և հետաքննող լրատվական՝ կազմակերպությունը ստեղծել է «Փաստերի ստուգման հարթակ»-ը (նախկին՝ sut.am)։ Սակայն մի փոքր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ միջոցներն ուղղվել են ոչ այնքան հռչակված նպատակների իրականացմանը, որքան ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում հակառուսականության քարոզին, ներքին քաղաքականության հարցերում որևէ խնդրի շուրջ հակաքարոզչությանը կամ քարոզչությանը, տարատեսակ մանիպուլյացիաներին, ընտրովի փաստերի ստուգմանը, մանիպուլյատիվ և կողմնակալ փաստերի ներկայացմանը։ Ընդ որում, հատկանշական է այն, որ կազմակերպության գործունեության ակտիվությունը մեծապես պայմանավորված է այս կամ այն քաղաքական իրադարձության հանդեպ ունեցած իրենց շահագրգռվածությամբ:

Օրինակ, այս կազմակերպության և իրենց փաստերի ստուգման հարթակի գործունեության թիրախում եղել է Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ–ի, ռուսական 102–րդ ռազմաբազայի գործունեությունը։ Եթե նախկինում այս ամենը քննադատության էր ենթարկվում նախկին իշխանությունների գործունեության համատեքստում, ապա ներկայումս կազմակերպությունը շրջանցում է գործող իշխանության գործոնը, իսկ ՀԱՊԿ–ը և ՌԴ–ն շարունակում են ներկայացվել որպես Հայաստանի ոխերիմ թշնամիներ։

Հարկ է նշել, որ գաղտնազերծված փաստաթղթերում մեզ ծանոթ ևս մի հարթակ կա, որը հայկական մեդիային հասանելի է դարձրել կրկին fip.am-ը (նույն` sut.am-ը):  Խոսքը DFRLab կոչվող փաստերի ստուգման հարթակի մասին է, որը լայնածավալ հրապարակումներ էր արել ՀՀ ներկայիս իշխանություններին քննադատող գործիչների ու վերջիններիս նախաձեռնությունների մասին` իր վերլուծությունների արդյունքում եզրահանգելով, որ այդ գործիչները սնվում են Ռուսաստանից` փորձելով ՌԴ-ին մեղադրել ՀՀ-ում հակաիշխանական գործունեութուն հովանավորելու մեջ: Այնինչ, այդ կայքի հրապարակումներն ամենևին չէին արտացոլում իրականությունը: Գործող վարչախմբի հակահայ գործունեությունն էր միակ հիմքը հանդիսացել քաղաքացիական բնական ցասման, որը որևէ այլ պետության հետ որևէ կապ չէր և չի  կարող ունենալ: Սա հերթական հակաքարոզչությունն էր ՌԴ դեմ, որն ուղղորդվում էր անմիջապես Միացյալ Թագավորության կառավարության կողմից:

Ի դեպ, ըստ հրապարակված փաստաթղթերի` Facebook-ը` (այժմ` Meta)  ևս հովանավորել է հակառուսական քարոզը` սահմանափակումներ դնելով բրիտանական հայտնի դարձած ծրագրերի գործունեության թիրախում հայտնված գործիչների և կայքերի ֆեյսբուքյան էջերի վրա:

 

Հրապարակման պատրաստեց AntiFake.am–ը

Աղբյուր՝ @ThatTylerPopp

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն