Արմեն Գրիգորյանը եղել է ոչ թե Սպիտակ տանը, այլ դրա վարչական մասնաշենքում

article-image

Մայիսի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի պաշտոնական էջում հայտարարություն տարածվեց, որ աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ։

Մայիսի 23-ին էլ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Սպիտակ տանը հանդիպել է Ֆիոնա Հիլլի հետ:

Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ Արմեն Գրիգորյանը գտնվել է ոչ թե Սպիտակ տանը, այլ Սպիտակ տան վարչական մասնաշենք համարվող Eisenhower Executive Office Building-ում, որը գտնվում է Սպիտակ տան հարևանությամբ:

Սպիտակ տանը գտնվում է միայն ԱՄՆ նախագահի գրասենյակը, և այնտեղ մուտք ու ելքի թույլտվություն ունեն հատուկ հրավեր ունեցող անձինք, իսկ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը տեղակայված է Սպիտակ տան վարչական շենք համարվող Eisenhower Executive Office Building-ում, որտեղ էլ կայացել է Արմեն Գրիգորյանի` Ֆիոնա Հիլլի հետ հանդիպումը:

Eisenhower Executive Office Building and White House

Մեր ունեցած տեղեկությունը պարզելու համար կապ հաստատեցինք ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո խոսնակ Արեգ Քոչինյանի հետ: Մեր այն հարցին, թե արդյո՞ք Արմեն Գրիգորյանի և Ֆինոա Հիլլի հանդիպումը տեղի է ունեցել հենց Սպիտակ տանը, թե դրան հարակից որևէ վարչական շենքում, Քոչինյանը մի քանի անգամ պնդեց, որ հանդիպումը տեղի է ունեցել հենց Սպիտակ տանը։ Իսկ մեր հաջորդ հարցին, թե արդյ՞ոք Արմեն Գրիգորյանը հանդիպում ունեցել է Eisenhower Executive Office Building-ում, թե ոչ, եթե այո, ապա ու՞մ հետ, Քոչինյանը պարզաբանեց, որ Արմեն Գրիգորյանի և Ֆիոնա Հիլլի հանդիպումը տեղի է ունեցել Eisenhower Executive Office Building-ում։ «Սպիտակ տունը վարչական համալիր է, և մյուս շենքերը ևս համարվում են Սպիտակ տուն», -հավելեց Քոչինյանը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական կայքը:

Սակայն պաշտոնական կայքում կարդում ենք հետևյալը. «Սպիտակ տունը և դրան հարակից տարածքները ծառայում են որպես տուն ԱՄՆ նախագահի և Առաջին ընտանիքի համար, ինչպես նաև ամերիկյան պատմության թանգարան։

Eisenhower Executive Office Building-ը տեղակայված է Արևմտյան թևի կողքին, որում գտնվում են Սպիտակ տան աշխատակիցների մեծ մասի գրասենյակները։

Այստեղից էլ կարող ենք եզրակացնել, որ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ Eisenhower Executive Office Building-ում, այլ ոչ թե Սպիտակ տանը ի հեճուկս մամլո խոսնակի բոլոր հավաստիացումներին:

White House

Eisenhower Executive Office Building

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն