«Իմ քայլը» դաշինքի պաշտոնական ֆեյսբուքյան էջում տեղադրվել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի քաղաքացիներ, հիշեցնում եմ, որ «Իմ Քայլը» դաշինքը չի կարող աջակցվել ոչ մի հավաքի կամ երթի կողմից, որտեղ հնչում են բռնության և նույնիսկ գրեթե-բռնության կոչեր։ Միևնույն ժամանակ հիշեցնում եմ, որ «Իմ քայլը» դաշինիքի քաղաքականությունը հրապարակային է և թափանցիկ։ Երբ «Իմ քայլը» դաշինքը հավաք կամ երթ է կազմակերպում, դա արվում է բաց և հանրային կոչի միջոցով։ Այլ կերպ ասած՝ այսօրվա ակցիայի հետ մենք կապ չունենք՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի»։
Գրառումը վերաբերվել է այսօր Ազատության հրապարակում ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի հրավիրված հանրահավաքին, որի հիմնական փաստացի օրակարգը Արցախի Հանրապետության իշխանությունների (և ոչ միայն) վերաբերյալ բռնության կոչերով հանդես գալն էր։ Հավաքի ընթացքում հավաքի կազմակերպիչ Ջիվան Աբրահամյանի կողմից մասնավորապես հայտարարվել է. «Իմացե՛ք, հենց Ղարաբաղի ներսում ձեզ կսատկացնեն, մեր հայրենակիցները Ղարաբաղի, հանկարծ չփորձեք, էս նախազգուշացում ա ձեզ... ես առաջինը կլինեմ, որ կոչ կանեմ գնանք ու գլուխները քարով ցխենք»։
Հանրահավաքի կազմակերպիչները նմանատիպ բռնության կոչերով հանրահավաքներ են կազմակերպել նաև Մանվել Գրիգորյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխելու կապակցությամբ, որի ընթացքում բռնության կոչեր էին հնչեցվում Մանվել Գրիգորյանի, վերջինիս փաստաբանների, ինչպես նաև կալանքը փոխած դատավորի նկատմամբ։
Նույն անձինք բռնության կոչերով հանդես են եկել նաև Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ դատական նիստերի ընթացքում։ Բռնության կոչերը ուղղված էին Ռոբերտ Քոչարյանի, նրա աջակիցների և Արցախի իշխանությունների նկատմամբ։ Հիշեցնենք, որ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը կալանքը փոխելու համար երաշխավորություն էին ներկայացրել դատարան։
Նմանատիպ «բողոքի ակցիա» նույն անձանց կողմից կազմակերպվել և իրականացվել է մայիսի 19-ին Քոչարյանի ազատ արձակման դեմ, որի ընթացքում կրկին հնչում էին բռնության կոչեր ուղղված Ռոբերտ Քոչարյանի, վերջինիս աջակիցների, նրան ազատ արձակած դատավորի, ինչպես նաև երաշխավորություն ներկայացրած Արցախի Հանրապետության նախագահի և նախկին նախագահի և արցախցիների նկատմամբ։ Հավաքի ընթացքում վերջիններս պահանջում էին անցումային արդարադատություն, իսկ Նիկոլ Փաշինայնի կողմից դատարանները արգելափակելու կոչից հետո հավաքը վերափոխվեց երթի, որի ընթացքում հավաքի մասնակիցներն իրազեկում էին դատարանները արգելափակելու Նիկոլ Փաշինյանի հրահանգի մասին և կոչ անում հաջորդ օրը դուրս գալ և արգելափակել բոլոր դատարանները։ Երթը ևս ուղեկցվում էր բռնության կոչերով և հավաքի կազմակերպիչների փոխանցմամբ ընթանում էր Նիկոլ Փաշինյանի անունից։
Անհրաժեշտ է նշել, որ դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելը և դրանց վերաբերյալ կոչերը անօրինական են, քանի որ դրանով խոչընդոտվում է դատական իշխանության գործունեությունը, ինչը քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ինչպես Երևանի ավագանու ընտրությունների, այնպես էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավների ընթացքում բազմիցս հանդես է եկել բռնության կոչերով։ Օրինակ՝
- 2018 թվականի սեպտեմբերի 17-ին հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. « Այս երեխաների հաղթանակը խլել փորձողներին ոչ միայն ասֆալտին կպառկեցնենք, այլև պատերով կտանք»։
- 2018 թվականի նոյեմբերի 27-ին Սպիտակում տեղի ունեցած քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարել է. «Չփորձի որևէ հաստավիզ թպրտա, պատերով կտամ»։
- Նիկոլ Փաշինյանը սպառնալիք պարունակող խոսքեր է ասել նաև իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված հանրահավաքին։
- Նիկոլ Փաշինյանը բռնություն պարունակող հայտարարություններ է անում նաև Կառավարության նիստերի ընթացքում, Ազգային ժողովում, ասուլիսների ընթացքում։
Ուստի՝ «Իմ քայլը» դաշինքը պետք է չաջակցեր նաև այսօր բռնության կոչերով ուղեկցվող հանրահավաք իրականացրած անձանց նախորդ հավաքներին, երբ բռնության կոչեր էին հնչեցվում Մանվել Գրիգորյանի, նրա աջակիցների, փաստաբանների, գործը քննող դատավորի, Ռոբերտ Քոչարյանի, նրա աջակիցների և փաստաբանների, գործը քննող դատավորի, Արցախի իշխանությունների և արցախցիների նկատմամբ, նրանց՝ դատական իշխանության աշխատանքը պարալիզացնելու կոչերով ուղեկցվող հավաքին, և հատկապես Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին, որոնք ուղեկցվում էին սպառնալիքներով։
Սակայն, «Իմ քայլը» դաշինքը, իշխող ուժի ներկայացուցիչները ոչ միայն չեն քննադատել դա, այլ անգամ իրենց գրառումներով ևս հանդես են եկել նման կոչերով, որի արդյունքն այսօր Ազատության հրապարակից մարդկանց «գլուխը ջարդելու» հրապարակային կոչերն են։ Դեռ ավելին, այսօր հանրահավաք հրավիրած անձինք նախկինում ևս հանդես են եկել Նիկոլ Փաշինայնի անունից և անմիջականորեն կազմակերպել ու մասնակցել Նիկոլ Փաշինայնի օրակարգով հավաքներ։ Եվ այն պնդումը, որի համաձայն «Իմ քայլը» դաշինքը կապ չունի այդ անձանց հետ, չի համապատասխանում իրականությանը։
Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի հայտարարությունն ինչ-որ պատասխանատվությունից և անձանց հետ նույնացվելուց խուսափելու և բռնությանը դեմ լինելու իմիտացիա ստեղծելու դրսևորում է, և բացահայտ սուտ, ոչ թե բռնության կոչերը իրապես մերժող հայտարարություն, քանի որ բռնության կոչերը և սպառնալիքները հանրային օրակարգ է բերվել հենց «Իմ քայլը» դաշինքի քաղաքական առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ այսօր այդ բռնության կոչերը հնչել են նրա աջակիցների կողմից և նրա անունից։
Հիշեցնենք, որ իրավապահ կառույցները, որոնք համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պարտավոր են դադարեցնել բռնության կոչերով ուղեկցվող հավաքները, գտնվում են Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ։
Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան