Եվրախորհրդարանի ընտրությունները 2019 թվականին: Այն ամենը, ինչ պետք է իմանալ այս ընտրությունների մասին

article-image

Մայիսի 23-ից մինչև մայիսի 26-ը ԵՄ 28 պետությունների քաղաքացիները հնարավորություն կունենան քվեարկելու այն պաշտոնյաների օգտին, որոնք կլինեն իրենց ներկայացուցիչները Եվրախորհրդարանում հաջորդ հինգ տարիների ընթացքում: ԵՄ տարածքում ավելի քան 350 միլիոն մարդ իրավունք ունի մասնակցել այս ընտրություններին:

Եվրախորհրդարանում 751 պատգամավոր ներկայացնելու է  512 միլիոն քաղաքացի 28 երկրներից:

Ընտրությունները Նիդեռլանդներում և Մեծ Բրիտանիայում տեղի են ունեցել մայիսի 23-ին, իսկ ԵՄ շատ երկրներում տեղի են ունենում այսօր՝ մայիսի 26-ին:

Ինչպես դառնալ Եվրախորհրդարանի պատգամավոր

Յուրաքանչյուրը կարող է դառնալ Եվրախորհրդարանի պատգամավոր այն պայմանով, նա լինի ԵՄ քաղաքացի և ընտրություններին մասնակցի որպես անհատ կամ որևէ քաղաքական կուսակցության ներկայացուցիչ: Ինչպես նաև պարտադիր չի համարվում քաղաքականության մեջ նախկինում ներգրավվածություն ունենալը:

Յուրաքանչյուր երկիր խորհրդարանում ունի հստակ սահմանված քանակությամբ մանդատ, որը կախված է տվյալ երկրի բնակչությունից: Օրինակ` Մալթան, որը բնակչությամբ ամենափոքր անդամ պետությունն է ԵՄ-ում,  ունի ընդամենը 9 մանդատ, մինչդեռ Գերմանիայի մանդատները 96-ն են:

Իսկ Եվրախորհրդարանը կառավարվում է ոչ թե  քաղաքական կուսակցությունների, այլ քաղաքական խմբավորումների կողմից: Կան այդպիսի 8 խմբավորումներ և ոչ մի խմբավորման չպատկանող «անկախ անդամներ»: Կենտրոնական աջերը` Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը (European People's Party (EPP)) և կենտրոնական ձախերը` Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքը (Progressive Alliance of Socialists and Democrats (S&D)), ամենամեծ խմբավորումներն են Խորհրդարանում:

Բրիտանիան չի լքել ԵՄ-ը

Ինչպես նախապես որոշված էր, Մեծ Բրիտանիան դուրս էր գալու ԵՄ կազմից նախքան ընտրությունների սկսվելը, և առաջին  որոշված ամսաթիվը մարտի 29-ն էր: Բայց քանի որ Թերեզա Մեյը չկարողացավ ստանալ  համաձայնություն Մեծ Բրիտանիայի խորհրդարանից, նա փորձեց երկարացնել ԵՄ-ում մնալու ժամկետը: Իսկ ԵՄ-ի պայմանը հետևյալն էր. միությունը կերկարաձգի Մեծ  Բրիտանիայի՝ ԵՄ կազմում մնալու ժամկետը, եթե այն շարունակի գործել որպես անդամ պետություն, ինչն էլ իր հերթին ենթադրում էր, որ Մեծ Բրիտանիան պիտի մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին:

Ինչ է լինելու Բրեքզիթից հետո

Մեծ Բրիտիանիան ներկայումս Եվրախորհրդարանում ունի 73 ներկայացուցիչ, իսկ երբ Բրեքզիթը վերջապես իրականություն դառնա, մանդատներից 46-ը կվերացվի, իսկ մնացած 27-ը կվերաբաշխվի մյուս պետությունների վրա: Մանդատների  վերացումը և վերաբաշխումը ներկայիս քաղաքական խմբավորումների վրա կարող են մեծ ազդեցություն ունենալ:

Եթե Մեծ Բրիտանիան որոշում կայացնի ԵՄ-ից դուրս գալու մասին մինչև հուլիսի 2-ը, երբ Եվրախորհրդարանը սկսի իր աշխատանքները, Մեծ Բրիտանիայի ներկայացուցչները այլևս կարող են չմտածել մանդատները զբաղեցնելու մասին:

«Մեծ Բրիտանիան փոփոխվող Եվրոպայում» (“UK in a Changing Europe”) հետազոտության նախաձեռնության փոխտնօրեն Սայմոն Աշերվուդն ասում է. «Ես կարծում եմ, որ բրիտանական 73 ներկայացուցիչները  կվերցնեն իրենց մանդատները և մեծ ազդեցություն կունենան մի շարք որոշումների վրա»:

Այնուամենայնիվ, քաղաքական վերլուծաբան  Դոմինիկ Վելշը նշել է, որ եթե նույնիսկ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գա, դա էական փոփոխություններ չի առաջացնի Խորհրդարանում: Սակայն  Աշերվուդը հակառակն էր պնդում`ասելով, որ անկախ Մեծ Բրիտանիայի դուրս գալու կամ մնալու փաստից, միևնույնն է, վերջինիս ներկայությունը կամ բացակայությունը, անշուշտ, կզգացվի:

Այնուամենայնիվ, Վելշը ենթադրում է, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո այսպես կոչված «Մեծ կոալիցիա» կկազմվի կենտրոնական աջերի և կենտրոնական ձախերի միջև, որը աննշան տարբերությամբ մեծամասնություն կկազմի:

 

Աղբյուրը՝ Everything you need to know about the European elections

 

Հեղինակ՝ Մհեր Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն