Ինչ է կատարվում հայ-ռուսական «երկաթուղային» հարաբերություններում. ի՞նչ ճակատագրի են արժանացել հարուցված քրեական գործերը

article-image

2018 թվականի իշխանափոխությունից հետո հայ-ռուսական «ջերմ» հարաբերությունների առանցներից մեկն էլ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության նկատմամբ հայկական իշխանությունների վերաբերմունքն էր: Դեռևս 2018թ. օգոստոսին «Ռուսական երկաթուղիներ» ռուսական բաց բաժնետիրական ընկերության դուստր կազմակերպություն համարվող «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության մամուլի խոսնակ Վարդան Ալոյանը «ТАСС»-ի հետ զրույցում հաստատել էր, որ կազմակերպությունում տեղի են ունեցել խուզարկություններ, առգրավվել են փաստաթղթեր: Նա լրատվականին տեղեկացրել էր, որ քրեական գործ էր հարուցվել 9,7 մլն դրամի (մոտ 19 հազար դոլար) հարկային պարտավորությունների չկատարման կասկածանքով:

Ավելի ուշ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Կոմերսանտ» թերթի հետ զրույցում հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում չարաշահումները մոտ 60 մլն դոլար են կազմել, այլ ոչ 19 հազար, որի մասին խոսվում էր մամուլում։ Նա ասել էր, որ իր այս հայտարարությունը կարելի է պաշտոնական տեղեկատվություն համարել:

Այնուհետև 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանի Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի նախկին տեղակալի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ տվյալներ էին ձեռք բերվել առ այն, որ «երկաթուղու վարչության գործունեությունը համակարգել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալը, ով  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունից չստանալով աուդիտորական եզրակացությամբ արձանագրված չարաշահումների և դրանք վերացնելու վերաբերյալ պատճառաբանված պարզաբանումներ և առաջարկություններ, խմբային շահերից ելնելով, աուդիտորական հաշվետվությամբ արձանագրված ֆինանսական չարաշահումները, ներդրումների գործընթացում Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պարտավորությունների բազմաթիվ խախտումները, այդ թվում՝ 428 միլիոն ՀՀ դրամի չկատարված շինարարական աշխատանքների՝ այսինքն ներդրումային գործընթացում կատարված առանձնապես խոշոր չափերի հափշտակության մասին հաղորդում չի ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին։ Արդյունքում ներդրումային միջոցներից հափշտակվել է 428 միլիոն ՀՀ դրամ, գործուն միջոցներ չեն ձեռնարկվել՝ ներդրումային գործընթացում արձանագրված ֆինանսական բազմաթիվ չարաշահումները վերացնելու, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելուն պարտավորեցնելու ուղղությամբ»:

Մի քանի օր անց ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, դրանց կատարմանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա հափշտակություն կատարած, կաշառք պահանջած և տված անձանց առաջադրվել են մեղադրանքներ: Սակայն Քննչական կոմիտեն այդպես էլ տվյալ քրեական գործերով ներգրավված որևէ կոնկրետ անձի անուն չի հայտնել:

Մյուս կողմից` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը հայտարարություն էր տարածել, որով նշում էր, որ ՀՀ Քննչական կոմիտեն պարբերաբար չճշտված տեղեկատվություն է տարածում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցնող ստուգումների վերաբերյալ. «Քննչական մարմինների գործառույթների իրականացման տեսանկյունից նման գործողություններն անհասկանալի են: Նրանք միայն նեգատիվ զգացմունքային ֆոն են ձևավորում Հայաստանի հասարակության շրջանում և չեն կարող այլ խնդիրներ լուծել: Նման հրապարակումները թույլ են տալիս պնդել քննչական մարմինների կողմնակալության մասին: Ընդհանուր առմամբ գործընթացը չի նպաստում արդյունավետ համագործակցությանը»:

Ընկերությունը շեշտում էր, որ 2018թ. օգոստոսին սկսված ստուգումների անցկացման հիմք էր հանդիսացել այն, որ «Հարավկովկասյան երկաթուղին», իբր, չի վճարել 20 հազար դոլարի չափով հարկեր, այն պարագայում, որ այդ պահին հարկային հավելավճարների չափը ՀԿԵ-ի կողմից կազմում էր մոտ 1 մլն դոլար:

Սակայն ներկայիս իշխանությունների կողմից բացի քրեական գործերից օգտագործվում են նաև այլ միջոցներ: Օրինակ, նույն 2018թ. նոյեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ՏՄՊՊՀ-ի կողմից տուգանվել էր 30 մլն դրամի չափով` մենաշնորհային դիրքի չարաշահման համար:

Ռուսական պաշտոնական տարբեր շրջանակներ էլ վերջին երկու տարիների ընթացքում բազմիցս հանդես են եկել մտահոգություններով, որ Հայաստանում տեղի են ունենում տարօրինակ գործընթացներ, իսկ ռուսական ընկերությունների նկատմամբ յուրահատուկ վերաբերմունք է ցուցաբերվում: Ռուսական լրատվականներից RTVI-ն հայտնել էր, որ փորձ է արվել խնդիրը լուծել կառավարական մակարդակով: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը բանակցություններ է վարել հայկական նախարարության և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ` առաջարկելով փակել քրեական գործը: Փոխարենը ռուսական կողմը պատրաստ էր եղել հավելյալ ներդրումներ կատարել: Ռուսական կողմը նաև առաջարկել էր անցկացնել նոր անկախ քննություն, եթե Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն հենց այնպես հրաժարվել իրենց պահանջներից: Սակայն ջանքերը որևէ արդյունք չեն տևել, այդ իսկ պատճառով էլ Մոսկվան ցանկանում է դուրս գալ Հայաստանի հետ կնքված պայմանագրից:

2019 թվականի սեպտեմբերին ռուսական լրատվադաշտում տեղեկություններ էին տարածվում, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ը պատրաստվում է խզել Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն կառավարման պայմանագիրը: Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը RTVI լրատվականին հայտնել էր. «Հայաստանը այնպիսի իրավիճակ է ստեղծել, որի պայմաններում «ՀԿԵ»-ը չի կարող նորմալ աշխատել. առգրավվել են տասը տարիների փաստաթղթերը, ներկայացվել են չհաստատված մեղադրանքներ, և որևէ երաշխիքներ տրված չեն: Մեր փաստարկները, որ ավելի վաղ կատարված ստուգումները որևէ խախտում չեն հայտնաբերել, և կոնցեսիոն պայմանների կատարման ապացույցները անտեսվում են»: Նա հաստատել էր, որ ռուսական կողմը սկսել է լրջորեն մտածել Հայաստանի երկաթուղային կառավարման պայմանագրի վաղաժամկետ լուծման շուրջ:

Ավելի ուշ` արդեն այս տարի ապրիլին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ս. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի մասնակիցների հետ կլոր սեղանի ժամանակ հայտարարել էր, որ հայ-ռուսական համագործակցությունը պետք է դրսևորվի բոլոր ոլորտներում, և ռուսական կողմը հուսով է, որ համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության դեմ դատական գործընթացները կկարգավորվեն «առանց այնտեղ դաշնակիցներին անհարիր ինչ-որ բաներ մտցնելու փորձերի»: «Ես այդ մասին շատ անկեղծ եմ խոսում, քանի որ կան ռուսական ընկերություններ, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել։ Հուսով եմ՝ այս բոլոր հարցերը մենք կկարգավորենք»,- ասել էր նա: 

Սակայն մի քանի օր առաջ` սեպտեմբերի 2-ին, ՌԴ տրանսպորտի նախարարությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասվում էր, որ Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի գերատեսչությունները հարթել են տարաձայնությունները «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության հետ կապված: Համապատասխան արձանագրությունը ստորագրվել է ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևի և ՀՀ ՏԿԵՆ փոխնախարար Արմեն Սիմոնյանի կողմից: Այդպիսով` փաստաթղթում ամրագրվում է 2008թ. կոնցեսիոն պայմանագրով «ՀԿԵ» ընկերության գործունեության ամբողջ ընթացքի համար կատարված անկախ աուդիտորական քննության արդյունքների վերաբերյալ կողմերի համաձայնությունը: Հաստատված է նաև «ՀԿԵ» ընկերության կողմից սեփական ներդրումային պարտավորությունների լիովին իրականացումը և որպես արդյունք` կողմերի միջև որևէ պահանջի բացակայությունը:

(“В частности, в документе зафиксировано согласие профильных министерств России и Армении с результатами независимых аудиторских проверок деятельности ЮКЖД, проведенных за весь период действия концессионного договора, заключенного в 2008 году. Также подтверждено полное исполнение ЮКЖД своих инвестиционных обязательств и, как следствие, отсутствие претензий сторон.”)

Իրադարձությունների զարգացման նման պայմաններում առնվազն զարմանալի և անհասկանալի է, թե ուր կորան Քննչական կոմիտեի հայտարարություններով արձանագրված հափշտակությունները, անօրինականությունները և Նիկոլ Փաշինյանի հայտարարած 60 մլն դոլարը: Եթե քրեական գործերի քննությունը շարունակվում է, ապա այդ պարագայում ինչի՞ շուրջ են համաձայնության եկել երկու երկրների պաշտոնական շրջանակները: Արդյո՞ք քննությամբ պարզվել են այլ հանգամանքներ, և քրեական գործերը կարճվել են: AntiFake.am-ը հարցում է ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե և Հատուկ քննչական ծառայություն` պարզելու, թե ինչ ընթացքում են գտնվում «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներգրավվածությամբ հարուցված քրեական գործերը, կան արդյոք քրեական գործերում ներգրավված կոնկրետ անձինք, ովքեր են և ինչ քրեադատավարական կարգավիճակ ունեն նրանք:

Կարծում ենք` ամենահավանական տարբերակը Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական սխալ հաշվարկված, անփույթ աշխատանքն է: 2018 թվականին գալով իշխանության` Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները սկսեցին քրեական գործեր հարուցել, վնասել Հայաստանի հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի հետ: Այս հարցում հատկապես շահագրգռված են ներկայիս իշխանությունների կազմում ընդգրկված և նրանց աջակցող արևմտամետ շրջանակները:

Մինչ տեղի էին ունենում տարատեսակ խուզարկություններ, հատուկ ջոկատայինների մասնակցությամբ շոուներ, և Նիկոլ Փաշինյանը ուժի ցուցադրությամբ էր զբաղված, վնասվում էր հայկական տնտեսության կարևորագույն ճյուղ համարվող երկաթուղային ցանցի գլխավոր կառավարիչը, արգելակվում էր նրա գործունեությունը, անվանարկվում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն և նրա դուստր ձեռնարկությունը: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվի Հայաստանի տնտեսությունը, երբ կոնցեսիոն պայմանագիրը դադարի գործել, և ռուսական իշխանությունները որոշեն դուրս բերել իրենց ներդրած ամբողջ կապիտալը հայկական երկաթուղիներից:

Աղբյուր` AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն