Վլադիմիր Կարապետյանը ստում է. Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն չի հայտնել աջակցել «վեթթինգի» իրականացմանը

article-image

Մայիսի 27-ին 168.am-ում հոդված հրապարակվեց, համաձայն որի` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ օրը բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովից:

Ավելի ուշ 168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հաստատել էր նամակի փաստը և նշել. «Վենետիկի հանձնաժողովի նախագահը համաձայնել է մեր այն գնահատականի հետ, որ արդարադատության համակարգը չի վայելում ժողովրդի վստահությունը, նաև պատրաստակամություն է հայտնել օժանդակել այն բարեփոխումներին, որ ծրագրում է իշխանությունը։ Եվ ինչպես իշխանությունը, այնպես էլ Վենետիկի հանձնաժողովը, համարում է, որ բարեփոխումները պետք է իրագործվեն Սահմանադրության, նաև մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում»։

Կարապետյանը armenpress.am-ին էլ փոխանցել էր, որ Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին դատաիրավական համակարգի բարեփոխումների և «վեթթինգի» իրականացման հարցում՝ լիարժեքորեն հարգելով ՀՀ Սահմանադրությունը և ընդունված միջազգային չափանիշները։

Armenpress.am կայքում հրապարակվեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը, որում մասնավորապես ասվում է.

«Հարգարժան պարոն վարչապետ,

Ես գրում եմ Ձեզ ի շարունակումն ս.թ. ապրիլի 11-ին Ստրասբուրգում կայացած մեր հանդիպման, որի ընթացքում մենք վերահաստատեցինք Հայաստանի և Վենետիկի Հանձնաժողովի միջև սերտ համագործակցություն ծավալելու մեր շահագրգռվածությունը:

Ես վերջերս տեղեկացա դատական համակարգում վճռական բարեփոխումների և անգամ «վեթթինգի» իրականացման վերաբերյալ Ձեր կոչերի մասին: Դուք ափսոսանքով նշում եք, որ դատական համակարգը չի վայելում բնակչության վստահությունը և համարում եք, որ կաշառված ու անընդունակ դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն:    

Արդարադատության համակարգի նկատմամբ հանրության վստահությունն, անշուշտ, արդյունավետ կերպով աշխատող ժողովրդավարական երկրի կարևոր հատկանիշներից է, և ես տեղյակ եմ, որ դատական համակարգի նկատմամբ այդպիսի վստահությունը ցավալիորեն չի բավարարում Հայաստանում:

Վենետիկի հանձնաժողովը արդեն իսկ ընդունել և աջակցել է բովանդակային բարեփոխումների ու անգամ «վեթթինգի» ընթացակարգի իրականացումը նման իրավիճակում գտնվող եվրոպական այլ երկրներում:  

Սակայն, ես պետք է ընդգծեմ, որ Վենետիկի Հանձնաժողովը նաև հաստատում է, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահմանադրության, և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եւրոպական չափանիշները: Այդպիսի բարեփոխումները կարող են հասնել օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իրենց նպատակին և կարող են նպաստել ձեր երկրի ժողովրդավարական ձգտումների իրականացմանը միայն եթե այդ չափանիշները հարգված են:

Վենետիկի Հանձնաժողովը պատրաստակամ է օժանդակելու Ձեզ՝ Հայաստանի դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման նպատակով իրականացվելիք բարեփոխումների մշակման հարցում՝ հարգելով Հայաստանի սահմանադրությունն ու համապատասխան միջազգային չափանիշները»:

AntiFake.am-ը ուսումնասիրեց Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակի բովանդակությունը, որից ակնհայտ է դառնում, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակում խոսքը վերաբերվում է բացառապես Հայաստանի դատական համակարգի նկատմամբ վստահության վերականգնման նպատակով իրականացվելիք բարեփոխումների ՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ աջակցությանը, ինչը բացարձակապես չի համապատասխանում Կարապետյանի՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակի յուրովի  մեկնաբանություններին։

Բացի այդ, չնայած նրան, որ Բուքիքիոն նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը աջակցել է եվրոպական երկրներում «վեթթինգի» իրականցմանը, սակայն հարկ է համարել Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում հատուկ ընդգծել, որ դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահմանադրության, և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշները՝ «մեսիջ» հղելով ՀՀ վարչապետին հարգել այդ չափանիշները։

Այսինքն՝ Կարապետյանի այն պնդումները, համաձայն որոնց՝ Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել  օժանդակել այն բարեփոխումներին, որ ծրագրում է իշխանությունը, ինչպես նշել է Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում, կամ Հանձնաժողովը պատրաստակություն է հայտնել աջակցել Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների և «վեթթինգի» իրականացման հարցում, ինչպես նշել է Կարապետյանը armernpress.am-ի հետ զրույցում, չեն համապատասխանում իրականությունը և խեղաթյուրում են Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակի բովանդակությունը։

Վենետիկի հանձնաժողովի նամակի բովանդակությանն ու Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությանն իր ֆեյսբուքյան էջում երեկ անդրադարձ է կատարել նաև Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը։

 

Այսօր՝ մայիսի 28-ին, Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և մանիպուլացրել նամակի վերաբերյալ լրատվականներին երեկ տված իր մեկնաբանությունները, ինչպես նաև անձնական վիրավորանքներ հնչեցրել իր մեկնաբանություններին անդրադարձած Ռուբեն Մելիքյանին։ Իրավական գնահատականներին անձնական վիրավորանքներով և իր իսկ տված մեկնաբանությունները մանիպուլյացիաների ենթարկելով պատասխանելը վկայում է վարչապետի մամլո խոսնակի իրավական սնանկության և սխալն ընդունելու անկարողության մասին, ինչը չնայած հարիր չէ պետական պաշտոնյային, սակայն բնորոշ է Վլադիմիր Կարապետյանին, ով նախկինում ևս բազմաթիվ անգամներ միևնույն երևույթի վերաբերյալ տվել է հակասական պարզաբանումներ։

Այսօր որոշ լրատվամիջոցներ իրենց պաշտոնական լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում տարածում են Վլադիմիր Կարապետյանի տարածած ապատեղեկատվությունը։

Կոչ ենք անում լրատվամիջոցներին անձամբ ծանոթանալ նամակի բովանդակությանը, որից հետո միայն այն տարածել հանրության շրջանում՝ զերծ մնալով ապատեղեկատվության և հանրությանը մոլորության մեջ գցող բովանդակությամբ և վերնագրերով նյութեր տարածելուց։

Հեդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն