Դիլետանտի՞զմ, թե՞ Փաշինյանի հրահանգով տեղի ունեցող իրավախախտումները հիմնավորելու ջանքեր. Օսիպյանը պնդում է. «Դա շտապ հավաք էր» (տեսանյութ)

article-image

Մայիսի 23-ին ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու, դատավորների և դատարանների աշխատակիցների աշխատանքը խոչընդոտելու և դատական իշխանության գործունեությունը կաթվածահար անելու գործողություններին, նշել էր.

«Կարծում եմ` ինքնաբուխ ակցիա էր, հավաք էր, տեղավորվում է «Հավաքների ազատության մասին» օրենքի ընդհանուր դրույթների մեջ, ես համարում եմ դա որպես ինքնաբուխ, շտապ հավաք»։

Այսօր էլ՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում լրագրողի այն հարցին, թե Օսիպյանի այն հայտարարությունը, որի համաձայն` դատարանների արգելափակումը ինքնաբուխ ակցիա էր, մեծ քննադատության արժանացավ հանրության շրջանում, Օսիպյանն իսկապե՞ս կարծում է, որ դա ինքնաբուխ ակցիա էր, վարչապետի հայտարարությունները չէ՞ր լսել, Վալերիյ Օսիպյանը պատասխանել է. «Շտապ հավաք էր, իսկ որտեղ է գրված, որ դա շտապ հավաք չէր, ստեղծված իրադարձության շուրջ անհրաժեշտ էր շտապ հավաք, շտապ հավաք են արել», այնուհետև հավելել. «շտապ հավաքը մնում է շտապ հավաք, հիմքը ո՞րն է, ստեղծված իրադարձության շուրջ որևէ մի հարց հասարակությանը շտապ հասանելի դարձնելու համար»։

Անհրաժեշտ է նշել, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանված են ինքնաբուխ և շտապ հավաքների հասկացությունները, ինչպես նաև այն դեպքերը, երբ անհրաժեշտ է իրազեկել լիազոր մարմնին հավաքի կազմակերպման մասին։

Եվ այսպես, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների։

Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ինքնաբուխ է որոշակի իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը։ Իսկ շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում։

Անհրաժեշտ է նշել, որ Նիկոլ Փաշինյանը դատարանները արգելափակելու հրահանգ է տվել մայիսի 19-ին, ինչպես ներկայացվում է Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից՝ հրահանգը չի հետևել որևէ իրադարձությանը, իսկ դատարանները արգելափակելու գործողությունները տեղի են ունեցել մայիսի 20-ին։ Այսինքն առկա չէ ոչ որևէ իրադարձություն, որին հասարակությունն անմիջապես արձագանքել է, ոչ էլ «անմիջապես» արձագանքելու տարրը։ Ուստի դատարանները արգելափակելու գործողությունները չեն տեղավորվում «ինքնաբուխ հավաք» հասկացության տակ։

Ինչ վերաբերվում է Օսիպյանի այն պնդմանը, համաձայն որի` դատարանները արգելափակելու գործողությունները տեղավորվում են շտապ հավաքի հասկացության տակ, անհրաժեշտ է նշել, որ Նիկոլ Փաշինյանը, որպես հավաքի փաստացի կազմակերպիչ, չի նշել որևէ իրադարձություն, որին անհրաժեշտություն կար հրատապ արձագանքելու, և որի նպատակը հնարավոր չէր լինի իրականացնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում։

Բացի այդ, ըստ Օսիպյանի` շտապ հավաք իրականացնելու հիմքը հասարակությանը որևէ հարց շտապ հասանելի դարձնելն է, մինչդեռ օրենքում խոսքը վերաբերվում է ոչ թե որևէ հարց հասարակությանը շտապ հասանելի դարձնելուն, այլ որևէ իրադարձությանը շտապ արձագանքելուն։ Իսկ որևէ հարց հասարակությանը շտապ հասանելի դարձնելը, որին չի նախորդել որևէ իրադարձություն, կարող է պայմանավորված լինել անձի սուբյեկտիվ ընկալմամբ։ Այդ իսկ պատճառով էլ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը հավաքի կազմակերպիչների համար նախատեսում է իրազեկում ներկայացնելու պահանջ։ Հակառակ դեպքում` յուրաքանյուր ոք կհամարի, որ իրեն մտահոգող հարցը շտապ պետք է հասարակությանը հասանելի դառնա, և արդյունքում իրազեկում ներկայացնելու պահանջը, դրա համար նախատեսված ժամկետները որպես իրավական կարգավորում կկրեն ձևական բնույթ։

Վալերիյ Օսիպյանի այն պնդումը, համաձայն որի` դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելը տեղավորվում է «Հավաքների ազատության մասին» օրենքի կարգավորումներում, ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ օրենքի 19-րդ հոդվածի  1-ին մասի  3-րդ կետի համաձայն՝ հավաքն արգելվում է, եթե դա իրականացվում է դատարաններից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը։ Իսկ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ հավաքի մասնակիցը պարտավոր է չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։ Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևանում հավաքները ոչ միայն չեն իրականացվել դատարաններից բավարար հեռավորության վրա, այլ արգելափակել են դատարանների մուտքերն ու ելքերը՝ խոչընդոտելով դատավորների և դատարանների աշխատակիցների ազատ մուտքն ու ելքը իրենց աշխատավայր։ Դեռ ավելին, հավաքների նպատակն ի սկզբանե եղել է հենց դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելը։

Ուստի՝ Վալերիյ Օսիպյանի կողմից դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու գործողությունները որպես ինքնաբուխ կամ շտապ հավաք կամ դա օրենքի պահանջներին համապատասխան ներկայացնելը ոչ միայն սուտ է, այլև խոսում է կամ Վալերիյ Օսիպյանի` օրենքին չտիրապետելու, կամ էլ տեղի ունեցած իրավախախտումները ամեն գնով օրենքի շրջանակներում տեղավորելու ցանկության և անհիմն ջանքերի մասին։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն