Ինչպես հայտնի է, ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պետ Անուշիկ Մնացականյանին դեռևս 2019 թվականի փետրվարին կաշառք պահանջելու և վերցնելու համար մեղադրանք էր առաջադրվել:
AntiFake.am-ին տեղեկություններ են փոխանցվել այն մասին, որ Մնացականյանը հանդիսանում էր ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի մտերիմը: Նշվում է, որ Մնացականյանի ձերբակալությունից հետո մարզային պետի թափուր մնացած պաշտոնի համար դիտավորությամբ նոր մրցույթ չի հայտարարվում:
«Մարդիկ կան, որոնք պետ դառնալու հավակնություններ ունեն, սակայն այս ամբողջ ժամանակահատվածում մարզային կենտրոնը պարալիզացվել է: Գեորգի Ավետիսյանն ու Կառավարությունը դիտավորությամբ մարզային կենտրոնի ղեկավարի թափուր պաշտոնի համար մրցույթ չեն հայտարարում, որպեսզի իրենց համար ցանկալի մարդ գտնեն ու մրցույթով անցկացնեն»,- պատմում է մեր աղբյուրը:
Ինչպես պարզ է դառնում, մրցույթ չհայտարարելու և Շիրակի մարզային կենտրոնի պետի պաշտոնին հավակնող անձանց շանս չտալու նպատակով այդ պաշտոնը կարճ ժամանակահատվածով զբաղեցրել են այլ մարզային կենտրոնների պետերը:
Ըստ մեր տեղեկությունների` Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի սերտ համագործակցության արդյունքում քաղաքաշինության բաժնում աշխատող և սննդի բնագավառում աշխատանքային որևէ փորձ չունեցող անձի նշանակել են փորձագետի պաշտոնում:
Մեզ հայտնի դարձավ, որ Արտուշ Հովհանիիսյանի մասին է, ով ներկայացվում է որպես մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
«Շիրակի մարզային կենտրոնի տեսուչի պաշտոնի համար գաղտնի մրցույթ է հայտարարվել: Սկզբանական շրջանում Հովհաննիսյանը լինելու է կենտրոնի տեսուչը: Նախատեսվում է նաև Շիրակի մարզային կենտրոնի պետի թափուր մնացած հաստիքի մրցույթ, որում Հովհաննիսյանը դարձյալ հաղթող է ճանաչվելու»,- վստահեցնում են մեր աղբյուրները:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ երբ Շիրակի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը դեռևս Գագիկ Սարգսյանն էր, Արտուշ Հովհաննիսյանը լրատվականներով արդեն իսկ ներկայացվում էր որպես Շիրակի մարզային կենտրոնի պետ:
Հիշելով AntiFake.am-ի՝ ՍԱՏՄ-ում ԽԾԲ-ական նշանակումների մասին հրապարակումը` կարող ենք փաստել, որ այս կառույցում ապօրինությունները շարունակվում են, և դրանց շրջանակը մեծանում է:
Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան
Русская версия статьи.
Աղբյուր` AntiFake.am