Նիկոլ Փաշինյանի կառավարության ձախողված քաղաքականությունը ՀԱՊԿ-ում

article-image

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ բազմաթիվ տեղաշարժերի թվում ուշագրավ են ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունները:

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո սկսեցին սև ամպեր կուտակվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գլխին` կապված 2008թ. Մարտի 1-ի իրադարձությունների հետ, երբ վերջինիս մեղադրանք առաջադրվեց սահմանադրական կարգը տապալելու մասով:

Մեղադրանքի առաջադրումից հետո սկսվեց գործընթաց` Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ: Ի վերջո, 2018թ. նոյեմբերի 2-ին ՀԱՊԿ Խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովը ազատվեց Գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Նախկինում Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չէր թողնում ամենախիստ քննադատության ենթարկելու անվտանգային այդ կառույցը: Նա նշում էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը, ինչպես և ԵԱՏՄ դեպքում էր, Հայաստանի շահերից չի բխում:

Վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Փաշինյանը նշում էր, որ Հայաստանի համար այնքան էլ կարևոր չէ Գլխավոր քարտուղարի պաշտոնը, կարևորը Կազմակերպության էությունն է և դրա բովանդակությունը:

Հետաքրքիր է, որ Հայաստանի դիրքերը բավականին թուլացան և’ ՀԱՊԿ-ում, և’ ԵԱՏՄ-ում, և’ արտաքին քաղաքականության այլ ոլորտներում: Սրվեցին հարաբերությունները Հայաստանի և Բելառուսի միջև, կարճատև հեռակա փոխհրաձգությունից և դրան հետևած Ալեքսանդր Լուկաշենկո- Նիկոլ Փաշինյան հանդիպումից հետո իրավիճակը փոքր-ինչ մեղմվեց: ( «Պարզաբանում պահանջող հայացքը» այդքան էլ մեծ դեր չխաղաց):

Յուրի Խաչատուրովի ազատումից հետո Բելառուսը Կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնում արդեն այս տարվա մայիսին ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում պաշտոնապես առաջադրեց իր թեկնածուին` ի դեմս Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի:

Մինչ այդ, դեռևս 2018թ. նոյեմբերին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը համոզված էր, որ Յուրի Խաչատուրովից հետո Հայաստանը չի զրկվելու նոր թեկնածու առաջադրելու հնարավորությունից: Ավելին, Մնացականյանը նշել էր, որ Հայաստանը ունի բավարար կադրային ներուժ այդ հարցը կարգավորելու համար: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանին չհաջողվեց ոչ միայն արժանավոր թեկնածու առաջադրել, այլ նաև պահպանել Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար իր մանդատը:

Նախորդ տարվա դեկտեմբերից արդեն իսկ շրջանառվում էր Ստանիսլավ Զասի թեկնածությունը: ՀԱՊԿ անդամներ Ղրղզստանը և Տաջիկստանը նախապես իրենց աջակցությունն էին հայտնել Բելառուսի ներկայացուցչի նշանակմանը: Մինչ Զասը հանդիպումներ էր ունենում ՀԱՊԿ անդամ պետություններում, Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չէր նախատեսվում: Ավելի ուշ` այս տարվա մայիսին, երբ Բելառուսի կողմից մանդատի ստանձնումը արդեն իսկ իրողություն էր, Ստանիսլավ Զասը վերջապես ժամանեց Հայաստան` հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ:

Փորձագետները նշում էին, որ Հայաստանի համար նվազագույն կորուստը կլինի այն, որ Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնի գոնե Հայաստանի համար սահմանված ժամկետի ավարտից հետո` 2020թ. հունվարից սկսած:

Այսօր, երբ արդեն հաստատվել է Բելառուսի ներկայացուցչի թեկնածությունը, պարզ է դառնում, որ և’ Նիկոլ Փաշինյանի, և’ արտգործնախարարության վարած քաղաքականությունը չի տվել սպասելի դրական և Հայաստանի պետական շահից բխող արդյունքները:

ՀԱՊԿ-ում Փաշինյանի վարած քաղաքականությունը ժամանակի ընթացքում տալիս է իր բացասական պտուղները, որոնք ազդում են Հայաստանի միջազգային հեղինակության վրա, և խոչընդոտում են Հայաստանի ինտեգրմանը միջազգային հեղինակավոր կազմակերպություններում:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն