Փաշինյանական իշխանությունը «փչացնում» է անվանի մարդկանց. Արսեն Ջուլֆալակյան

article-image

Սեպտեմբերի 9-ին Արսեն Ջուլֆալակյանը հայտարարեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունների պատճառով մանդատը վայր է դնում:

Վերջինիս քայլը միանշանակ չընդունվեց հատկապես իշխանական թևի կողմից. Ջուլֆալակյանի հայտարարությունից րոպեներ անց համացանցը ուղղակի ողողվել էր իշխանության՝ Ֆեյսբուքում ակտիվ ներկայացուցիչների և ստորին էշելոններում գտնվող պրոպագանդիստների «մեղադրական» մեկնաբանություններով: Ուղղորդվող քարոզչական աղմուկից իրենց բառապաշարի ողջ «հմայքով» անմասն չէին մնացել նաև ՊՈԱԿ-ի «ֆաս» հրաման ստացած ֆեյքերը:   

Ջուլֆալակյանի «անցյալը երեսով տվեցին». ոմանք գրառումներ էին կատարում Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների կողմից մարդ ծեծելու և իմքայլականների՝ այդ ամենի վրա «աչք փակելու» մասին, մյուսները հիշեցնում էին, որ Ջուլֆալակյանին մանդատը քաղաքացիներն են տվել, ոչ թե Արայիկ Հարությունյանը, մի մասն էլ Ջուլֆալակյանի քայլին տարատեսակ որակումներ էին տալիս՝ «անտրամաբանականից» մինչև «մանկապարտեզային անուղեղություն», որոշներն էլ Ջուլֆալակյանի մանդատը այլ բաների հետ «քույր-քաղաքներ» էին հռչակում ու խոսում «հոր տնից օժիտ բերած» մանդատի մասին:  

Բարձրացված քարոզչական մեծ աղմուկում առանձնահատուկ տեղ ունեին «օդից կախված լուրերի հղմամբ» կազմված այն գրառումները, համաձայն որոնց` «Ջուլֆալակյանը ջերմ հարաբերությունների մեջ է Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի հետ»։ Քարոզչական այս թեզի պաշտպանությանն էր ծառայեցվում նաև Ջուլֆալակյան-Քոչարյան-Սարգսյան լուսանկարի տարածումը, որի ֆոտոշոփային տարբերակն, ի դեպ, իշխանական քարոզչամեքենայի կողմից օրեր առաջ այլ նպատակների համար էր օգտագործվել: 

Չբավարարվելով տարատեսակ գրառումներով և ֆեյքային մեկնաբանություններով` Ջուլֆալակյանին «մեղադրելու» համար գործի դրվեցին ՀՀ նախկին պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների, իշխանությունների համար ոչ ցանկալի անձանց վերաբերյալ սուտ և կեղծիք տարածող յութուբյան հայտնի ալիքները (1, 2, 3, 4):

Յութուբյան ալիքների «շոկային» և «ցնցող» նոր «գլուխգործոցները» առանց մեկնաբանության ներկայացնում ենք ստորև.  

  • «ArmNkr news». «Ջուլֆալակյանի առեղծվածը հենց նոր բացահայտվեց»

  • «ArmTube TV». «ՀՈՂԵՄ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔԸ Փաշինյան ջան ԴՈՒԽԴ հետ բեր «Լավագույն տղերքը… փչանում են»:»

  • «GoodTVArmenia». «Ահա թե ինչ ստոր գործարք է տեղի ունեցել Հզոր հարված Գևորգ Պետրոսյանին / ՇՏԱՊ»

  • «365daily am». «Նիկոլը կսկսի ջարդերը սեփական կուսակցությունում դավաճանները շատանում են, Պաշտոն և փող Ջուլֆալակյանին»

Իշխանության կողմից ուղղորդվող նման վերաբերմունքը իրենց երբեմնի թիմակցի հանդեպ ու դավաճանի պիտակի «շնորհումը» վաղուց չի զարմացնում: Զարմանալի չէ նաև այն հանգամանքը, որ այս ողջ քարոզչական աղմուկի հետևում կանգնած անձինք նախկինում նույն էնտուզիազմով պաշտպանում էին Ռոման Ամոյանի ձերբակալությունն ու վերջինիս հետ ընկերությունն իր մանդատից ստորադասած կամ, իրենց մեկնաբանությամբ, օրինականության կողմն անցած Ջուլֆալակյանին: Ի դեպ, այդ ժամանակ իշխանականները Ջուլֆալակյանի անցյալը «երեսով չէին տալիս». չէին շահարկում նրա ու «նախկինների» կապը կամ ՀԱՕԿ նախագահ, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից նվեր ստացած անշարժ գույքի պատմությունները:

Ավելորդ չի լինի հիշեցնել, որ ԱԺ նիստերից 77 անգամ բացակայած Ջուլֆալակյանը ամիսներ առաջ այնքան էր տարվել իրեն բնակարան նվիրած Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու հարցերի քննարկումներով, որ իր ընկեր Ռոման Ամոյանի՝ ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալությանն անդրադարձել էր դեպքից ժամեր անց՝ հանրային ճնշման ներքո: Ընկերներին մոռանալու «քաղցր պտուղները» իրենց սպասեցնել չտվեցին: 

Նկատենք, որ Ջուլֆալակյանի` մանդատը վայր դնելու փաստը, պայմանավորված ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած անհամաձայնություններով, վեր է հանում իշխանական մի քանի ստեր, որոնց մենք պարբերաբար անդրադարձել ենք: Խոսքը իշխանության կողմից Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակելու և թափանցիկ քաղաքականություն որդեգրելու մասին է: Եթե այս ամենն իրականություն լիներ, ապա նախարարի հետ որևէ անհամաձայնություն ունեցող պատգամավորը մանդատը վայր դնելու փոխարեն փակագծերը մինչև վերջ կբացեր և առանց կաշկանդվելու այդ ամենի մասին կխոսեր ԱԺ ամբիոնից՝ խնդրին լուծում տալով:

Ջուլֆալակյանի պաշտոնաթողությունը լի է մի շարք չմեկնաբանված հարցերով. խորհրդարական երկրում օրենսդիրի՝ Կառավարության կազմ ձևավորող անդամը ինչպե՞ս կարող է մանդատը վայր դնել գործադիրի անդամի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով, միթե՞ Կառավարության ղեկավարը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որևէ հիմնավոր պատճառ ունի քննադատությունների արժանացող ու հնարավոր բոլոր տարբերակներով ծաղրուծանակի ենթարկվող նախարարին ամեն գնով իր պաշտոնին պահելու կամ նրա կործանարար քաղաքականությունը ողջունելու համար: Այս և այլ հարցերի պատասխանը թերևս կտա ժամանակը, իսկ այն, որ փաշինյանական իշխանությունը «փչացնում» է անվանի մարդկանց ու «փոշիացնում» նրանց անցած ուղին, ապացուցման կարիք թերևս չունի:  

 

Հեղինակ՝ Մարի Ամիրջանյան

Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն