
Երեկ՝ փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում «Սուրբ Գիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի ձախ շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Հ․-ն է։
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվում, որ «շեք շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 58-ամյա Արայիկ Մ․-ն է։
Պարզվում է, որ ժամը 21։00-ի սահմաններում Տաշքենդի փողոցի 2/8 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 40-ամյա Վարդան Դ․-ն իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառում նշված անձանց, ապա դիմում փախուստի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները աշխատում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում։
Աղբյուր՝ Shamshyan.com