Կոռուպցիայի ընկալման վատթարացված համաթիվը փաստում է ՀՀ-ում հակակոռուպցիոն շարունակական շղարշային պայքարի մասի

article-image

2023 թվականի հունվարի 31-ին հրապարակվել է կոռուպցիայի ընկալման 2022 թվականի համաթիվը, որտեղ Հայաստանը 2022 թվականին 3 կետով վատթարացնել է իր ցուցանիշը և գրանցել է կոռուպցիայի դեմ պայքարում հերթական հետընթացը՝ 100 հնարավոր միավորից ստանալով ընդամենը 42-ը, 180 երկրների շարքում զբաղեցնելով 63-րդ տեղը։ Այս արդյունքը Հայաստանը կիսում է Ռումինիայի հետ։  Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան։

Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին Հայաստանը ստացել էր 49 միավոր՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 58-րդ տեղը։ Նույն միավորը ստացել էր նաև 2020 թվականին և զբաղեցրել էր 60-րդ տեղը։

Եթե դիտարկենք հարևան երկրների հետ, ապա Վրաստանը շարունակում է գտնվել Հայաստանից ավելի բարձր դիրքերում․ 56 միավորով զբաղեցնում է 41-րդ տեղը։ Թուրքիան 36 միավորով գտնվում է 101-րդ հորիզոնականում, Իրանը՝ 25 միավորով 147-րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանը 23 միավորով` 157-րդ հորիզոնականում: Երկրներում կոռուպցիայից մաքրության բարձր ցուցանիշներով առաջին տեղը զբաղեցնում է Դանիան՝ 90 միավորով, իսկ երկրորդ տեղը հավասարապես կիսում են Ֆինլանդիան և Նոր Զելանդիան, որոնցից յուրաքանչյուրը ստացել է 87 միավոր:

Նաև հիշեցնենք, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը 0-ից (շատ կոռումպացված) 100 (շատ մաքուր) սանդղակով դասակարգում է 180 պետությունները և տարածքները` հիմնվելով հասարակության կողմից կոռուպցիայի մակարդակների ընկալման գնահատականների վրա։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ չնայած վերջին տարիներին հակակոռուպցիոն պայքարում գրանցած որոշակի հաջողություններին և Հայաստանի քաղաքական իշխանությունների շարունակական և ամենաբարձր մակարդակով արված հայտարարություններին, որոնք շատ հաճախ ուղեկցվում են կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն սկզբունքի ներկայացմամբ, Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը հասարակության մոտ գրանցում է հետընթաց։ Սա փաստում է այն մասին, որ նախորդ տարվա ընթացքում նույնպես հասարակությունը չի զգացել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում էական բարեփոխումներ, իր առօրյա կյանքում չի զգացել կոռուպցիայի վերացմանն ուղղված ջանքեր կամ դրա մակարդակի նվազեցում, ինչից ելնելով ևս մեկ անգամ պնդում ենք, որ Հայաստանում տարվող հակակոռուպցիոն պայքարը իրականացվում է զուտ բաց տեքստերի և աննշան ընթացակարգային փոփոխությունների միջոցով՝ դրանք ոգևորիչ կերպով ներկայացնելով որպես ձեռքբերումներ։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը գտնում է, որ 2022 թվականի կոռուպցիայի ընկալման համաթվի վատթարացված ցուցանիշները պայմանավորված են հետևյալ հանգամանքներով.

Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգերը շարունակում են գործել առանց իրական անկախության, և դրանց ղեկավարումը իրականացվում է այն անձանց կողմից, որոնք նշանակված են քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, և ոչ թե՝ բաց և թափանցիկ, հավասար հնարավորություններ ընձեռող մրցույթների արդյունքում, որի հետևանքով Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի համալրումը արհեստավարժ, բարեվարք և մրցունակ կադրերով ձախողվում է (տե՛ս օրինակ՝ «Ինչպե՞ս և ովքե՞ր Հայաստանում ձախողեցին հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը», «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունն ապահովվեց շղարշային մրցույթի միջոցով»

ՀՀ իշխանությունները ինչքան էլ ներկայացնում են միջազգային մասնագիտացված կազմակերպությունների առաջարկությունների կատարողականներ, միևնույնն է՝ դրանք կրում են շղարշային բնույթ (տե՛ս օրինակ ԳՐԵԿՈ-ի Հայաստանի վերաբերյալ Գնահատման չորրորդ փուլի համապատասխանության մասով 2019 թվականի դեկտեմբերի 6-ին հրապարակած միջանկյալ զեկույցը` և 2021 թվականի սեպտեմբերի 22-ին հրապարակած Հայաստանի վերաբերյալ Գնահատման չորրորդ փուլի համապատասխանության մասով հրապարակած միջանկյալ զեկույցը

ՀՀ չորրորդ՝ 2019-2022թթ  հակակոռուպցիոն ռազմավարության գործողության ժամկետն ավարտվել է և դրա մի շարք գործողություններ իրականացվել են քանակական դրական ցուցանիշներ ունենալու նպատակով, այնինչ որակական մակարդակում այդ գործողությունների ազդեցությունը գնահատված չէ, և դրանք պետք է դիտարկել որպես կատարված ձևականորեն կատարված (տե՛ս օրինակ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրի  2019-2020 թթ. և 2021 թվականի վերաբերյալ հանրային մոնիթորինգի զեկույցները)։

2023 թվականի համար Հայաստանը չունի հակակոռուպցիոն քաղաքականություն։ ՀՀ արդարադատության նախարարությունը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին է վստահել Հայաստանի հինգերորդ հակակոռուպցիոն քաղաքականության մշակումը։ Նախ՝ առնվազն տարօրինակ է թե ինչո՞ւ է ՀՀ արդարադատության նախարարությունը իր ուղղակի գործառույթը փոխանցում երրորդ կողմին, այն դեպքում, երբ նախարարությունը դրա համար ունի համապատասխան հակակոռուպցիոն ստորաբաժանում և աշխատակազմ։ Երկրորդ, մշակման գործընթացը արդեն իսկ ընթանում է ոչ թափանցիկ և մասնակցային, հանրությանը չի տեղեկացվում թե ինչ ընթացքում է գտնվում հինգերորդ հակակոռուպցիոն ռազմավարության մշակումը և ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ 2023 թվականի և առաջիկա տարիների համար Հայաստանը դեռևս չունի հակակոռուպցիոն պայքարի հստակ տեսլական՝ առանձին քաղաքականության տեսքով։

Քաղաքական իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում հաշվի չեն առնում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարծիքները և ներկայացված առաջարկությունները։

Ըստ էության երկրում դեռևս արմատախիլ չի արվել համակարգային կոռուպցիան, որը ընդունել է այլ տեսք ու բովանդակություն` հիմնվելով կեղծ օրինապաշտության վրա, ինչպես նաև պետական կառավարման տարբեր օղակներում ներգրավված իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների և նրանց հետ փոխկապակցված անձանց շրջանում լայն տարածում է ստացել հովանավորչությունը, նեպոտիզմը և կոռուպցիոն այլ դրսևորումներ: Համակարգային կոռուպցիայի դրսևորում է նաև իշխող քաղաքական ուժի և/կամ նրա ներկայացուցիչների հետ փոխկապակցված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ոչ թափանիցկ, ոչ հաշվետու և ոչ մրցակցային եղանակով, ոլորտի օրենսդրության խախտումներով,  պետական բյուջեից դրամաշնորհների տրամադրումը։

 

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին դրամաշնորհների հատկացման ոչ թափանցիկ, ոչ հաշվետու և ոչ մրցակցային գործելաոճը թափանցել է նաև Հայաստանում գործող զարգացման որոշ գործընկերների պրակտիկա, որը քաղաքացիական հասարակության զարգացման համար լուրջ ռիսկեր է պարունակում:

Այսպիսով, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը իր շարունակական մտահոգությունն է հայտնում երկրում իրականացվող շղարշային հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ և վերահաստատում է նախկինում բազմիցս արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար հարկավոր է ունենալ անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ` իր բոլոր հանգույցներով, որոնք պետք է ղեկավարվեն ապաքաղաքական և բաց ու թափանցիկ, իրական մրցույթների արդյունքներով ընտրված/նշանակված անձանց կողմից, որոնց ամենօրյա աշխատանքի կարևոր մասը պետք է հանդիսանա լայն հասարակության և դրա մասնագիտացված կառույցների հետ ակտիվ, անկեղծ և կառուցողական համագործակցությունը, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթությանը, կոռուպցիայի կանխարգելմանը և պատասխանատվության միջոցների կիրառմանը ուղղված և քաղաքական ազդեցությունից զերծ իրենց մասնագիտական գործառույթների անխափան իրականացումը։

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն