.jpg)
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնի է իր աղմկահարույց և մանիպուլյատիվ հարցազրույցներով ու հայտարարություններով: Բազմիցս ենք անդրադարձել նրա կողմից տարածվող մանիպուլյացիաներին և կեղծ տեղեկատվությանը:
Այս անգամ նույնպես Ազգային ժողովի փոխխոսնակը չխորշեց հերթական` «24news» լրատվականին տված հարցազրույցում բազմաթիվ մանիպուլյացիաներ անել:
Նախ փաստենք, որ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ անհարգալից վերաբերմունք է դրսևորում զանգվածային լրատվության միջոցների և նրանց պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նկատմամբ:
2018 թվականի «հեղափոխությունից» հետո, երբ Նիկոլ Փաշինյանը աստիճանաբար ձևավորում էր իշխանությունը, պատասխանատու նախարարական, այնուհետև` արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` պատգամավորական աթոռներ զբաղեցրին նրանք, որոնք ևս կա՛մ բավական բարձ պաշտոններում աշխատել էին նախորդ իշխանությունների օրոք և նրանց հետ, կա՛մ ճամբարափոխ էին եղել` «աջակցելով ժողովրդական շարժմանը»:
Հարցազրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը նշեց, որ հասարակության համար լավ առաջարկ չի կարող ներկայացնել Արթուր Վանեցյանը` իր շուրջ եղած մարդկանցով, «որոնք ամբողջությամբ ներկայացնում են Սերժ Սարգսյանի նախկին գործընկերներին, համենայն դեպս մեծ մասը. Արա Սահակյանը դեսպան է աշխատել, Արսեն Բաբայանը և այլք», այնուհետև լրագրողի այն դիտարկմանը, թե ներկայիս իշխանության մեջ քանի «Սերժսարգսյանական» մարդ կա, և ըստ էության` Սիմոնյանը պիտակավորում է բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են Սերժ Սարգսյանի հետ, «հա որ կան ինչ»` ասաց Սիմոնյանը և, ինչպես պատահում է բավական հաճախ, հարցից խուսափեց` մանիպուլյացիայի դիմելով:
Հետաքրքիր է, օրինակ, թե ովքեր կարող են մտնել Ալեն Սիմոնյանի «պիտակավորած» անձանց շրջանակի մեջ:
2018 թվականի իշխանափոխությունից հետո ձևավորվող կառավարության կազմում ընդգրկվեցին այնպիսի պաշտոնյաներ, որոնք մինչև այդ էլ երկար տարիներ բարձր պաշտոններ են զբաղեցրել համապատասխան նախարարություններում: Օրինակ` Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը նախկինում եղել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաև` վարչապետ Կարապետյանի օգնականը: Ֆինանսների ներկայիս նախարար Ատոմ Ջանջուղազյանը երկար տարիներ աշխատել է ֆինանսների նախարարությունում: Մինչև նախարար դառնալը` Ջանջուղազյանը եղել է ֆինանսների տեղակալ-գլխավոր գանձապետը, այնուհետև` առաջին տեղակալը:
Հետաքրքիր է. եթե Ալեն Սիմոնյանի տրամաբանությամբ` Արա Սահակյանը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին «դեսպան է աշխատել», ապա ինչպես վերաբերվենք ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնավարմանը, երբ Մնացականյանը պաշտոնավարել է բոլոր նախագահների կառավարման տարիներին, իսկ դեսպան եղել է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ:
Մեկ այլ թեկնածու էլ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է, որը երկար տարիներ աշխատել է ՊՆ-ում` ընդհուպ մինչև նախարարի տեղակալ, այնուհետև` պաշտոնավարել նաև որպես Արտակարգ իրավիճակների նախարար:
«Սերժական» պիտակ ունի նաև ներկայիս ԱԻՆ Ֆելիքս Ցոլակյանը, որը 6-րդ գումարման ԱԺ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ էր:
«Պիտակ» ունի նաև Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, որը իշխանափոխությունից անմիջապես առաջ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ, այնուհետև` առաջին տեղակալն էր:
«Հա որ կան ինչ»` ասենք ու առաջ շարժվենք:
Ալեն Սիմոնյանի համոզմամբ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում նախկին «Սերժականներ» չկան:
Բավական է նշել միայն ԱԺ գործող պատգամավոր Գևորգ Պապոյանին, որը դեռևս 2005 թվականին էր մտել Հանրապետական կուսակցության շարքերը և 2018 թվականին, ոչ թե դուրս եկել, այլ` հեռացվել էր կուսակցությունից:
Իսկ Ազգային ժողովում քաղաքական ոչ հարթ անցյալ բազմաթիվ պատգամավորներ են ունեցել: Օրինակ, դեռևս 2019թ. սկզբին տեղեկություններ տարածվեցին, որ 2017թ. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ՀՀԿ քարոզչությամբ էր զբաղված: Պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նախկինում լինելով վարչապետի խորհրդական, մինչև իշխանափոխությունը եղել է նաև տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար: Պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Կնյազ Հասանովը և Արսեն Միխայլովը եղել են ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ` ՀՀԿ խմբակցությունից:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում, մինչև իշխանափոխությունը եղել է ՍԴ նախագահի խորհրդականը, մինչև 2019թ. հունվարը` ՍԴ աշխատակազմի ղեկավարը:
Իսկ ԱԺ պատգամավոր Աննա Կարապետյանը եղել է ԱԺ 6-րդ գումարման ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականը:
Չմոռանանք նաև «քաղաքական դասալիքներին»: «Հեղափոխությունից» հետո իրենց կուսակցությանը հրաժեշտ տվեցին և հեղափոխականներ դարձան «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ Հայկ Կոնջորյանը և Վիկտոր Ենգիբարյանը:
Շարքը կարելի է շարունակել նաև պետական այլ կառույցներում ընդգրկված «նախկին» բարձրաստիճան պաշտոնյաներով:
Անդրադառնանք Ալեն Սիմոնյանի հաջորդ մանիպուլյացիային: ԱԺ փոխխոսնակը համոզված է, որ առողջապահական համակարգում, մասնավորապես, համաճարակի հետ կապված` իրենց իշխանությունը հաջողել է` թե՛ մահացության ցուցանիշներով, թե՛ առողջապահական համակարգի արձագանքի, թե՛ գրանցվող թվերի հետ կապված: Համեմատելով Վրաստանի գրանցած ցուցանիշների հետ` Սիմոնյանը նշում է, որ մարտավարության տարբերություն է, և ի համեմատություն մեզ, որ երկարաժամկետ առումով համավարակը և այն ճգնաժամը, որ հունիսին ունեցել և հաղթահարել ենք, նրանք ապագայում են ունենալու: Իսկ անդրադառնալով տնտեսությանը` Սիմոնյանը նշում է, որ փոփոխություն գրեթե տեղի չի ունեցել:
Չմեկնաբանելով առողջապահական ոլորտում ներկայիս իշխանությունների ձախողումները և այն բոլոր խնդիրները, որոնք ակնհայտ են, անդրադառնանք Ալեն Սիմոնյանի խոսքի տնտեսական բաղադրիչին: Արդեն այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատությամբ, համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների` տնտեսական ակտիվության ցուցանիշը անկում էր ապրել արդեն 12.8%-ով, իսկ տարբեր ոլորտներում անկումը երկնիշ թվերով է: Իսկ գնաճի մասով, նախորդ տարվա մայիսի դրությամբ արձանագրվել է ոչ թե 0.5-1, ինչպես ասում է Ալեն Սիմոնյանը, այլ` 1.2 տոկոս գնաճ:
Ալեն Սիմոնյանը իր խոսքում նաև չշրջանցեց վարչապետ Փաշինյանի կողմից բազմիցս հիշատակվող և «ծեծված» միջազգային ցուցանիշները: Ալեն Սիմոնյանը հղում արեց «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության այս տարվա զեկույցին` նշելով, որ ««Freedom House»-ը հայտարարել է, որ իր պատմության ընթացքում նման թռիչքաձև աճ չի եղել խոսքի ազատության առումով»:
Ալեն Սիմոնյանը իր այս նախադասությամբ մանիպուլացրել է զեկույցի գնահատականը:
Զեկույցում նշված է, որ «Հայաստանում և Ուկրաինայում խոշոր տրանսֆորմացիաներ են ընթացել, որոնք պայմանավորված են լավ կառավարման համար հասարակության պահանջով, ինչը նախկինում վաստակել է անցումային երկրներում երբևէ արձանագրված ամենամեծ երկամյա բարելավումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այժմ բախվում են սպասումների, վստահության պահպանման և կոռումպացված համակարգերը վերականգնելու դժվար մարտահրավերին՝ առանց խախտելու ժողովրդավարական նորմերը»:
Խոսքը այստեղ վերաբերում էր ժողովրդավարությանը, իսկ այս հատվածը բացատրող շարունակության մասին ներկայիս իշխանականները մոռանում են, քանի որ օբյեկտիվորեն վերլուծելով զեկույցը` կհասկանանք, որ մեծ հաշվով առաջընթաց այդպես էլ չի գրանցվել: Նույնիսկ եթե հաշվի առնենք վերջին 5 տարիների ընթացքում միջազգային կազմակերպության կողմից Հայաստանին տրվող ժողովրդավարության միավորի տատանումները, կնկատենք, որ 2015 թվականից ի վեր Հայաստանի ցուցանիշը բարձրացել է ընդամենը 0.36 միավորով՝ 2.64 (2015) – 3.00 (2020): Ի դեպ, վերջին բարելավումը տեղի է ունեցել ընդամենը 0.07 միավորով այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին, Հայաստանում ԱՄՆ ներկայացուցչությունները իրենց հերթին թմբկահարում են Հայաստանում ժողովրդավարության «աննախադեպ» առաջընթացը:
Ամփոփելով` արձանագրենք, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շարունակում է իր հարցազրույցներում և հայտարարություններում բազմաթիվ մանիպուլյացիաների դիմել և անհամատեղելի ցուցանիշներ ներկայացնել:
Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան
Աղբյուր՝ AntiFake.am
► Հայաստանը` կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն. «Freedom House»-ի նոր զեկույցը
► ԱՄՆ դեսպանատունը և ՄԶԳ հայաստանյան գրասենյակը բացահայտ կերպով մանիպուլացնում են «Freedom House»-ի զեկույցը
► «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կեղծում է իր կենսագրությունը
► «Fake news»-ից անընդհատ բողոքող ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կեղծիք է տարածում իր ֆեյսբուքյան էջում
► Ալեն Սիմոնյանը ստում է՝ հայտարարելով, որ ԿԸՀ-ն զրոյական նշանակություն ունի ընտրական գործընթացում
► Ալեն Սիմոնյանը ստում է. Արթուր Իսպիրյանը բռնության չի ենթարկվել
► Ալեն Սիմոնյանի գործունեության ընթացքում կեղծիքների տարբեր դրսևորումներն ու նոր օրենսդրական նախաձեռնությունը
► Ալեն Սիմոնյանն ու ադրբեջանական պրոպագանդան. 2016թ. Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետքերով