«Մեր գործընկեր Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) արձագանքել է Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությանը, որով դատապարտվում և կոչ էր արվում ԱԺ օրակարգ չմտցնել և մերժել Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝ առաջարկում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից՝ 10 միլիոն դրամ». Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը` հրապարակելով Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի անդրադարձը։
«Սեպտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից մեկը օրենսդրական առաջարկ է ներկայացրել վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ, որի նպատակն է ավելացնել մեդիայում և սոցիալական ցանցերում վիրավորանք ու զրպարտություն հրապարակելու համար փոխհատուցման չափը։ Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաները (IFJ և EFJ) միանում են իրենց դուստր կազմակերպությանը՝ Հայաստանի ժուռնալիստների միությանը (UJA)՝ կոչ անելով խորհրդարանին չընդունել առաջարկը։
Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրինագիծ է ներկայացրել։ Առաջարկի նպատակն է 5 անգամ բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը՝ վիրավորանքի համար 1 միլիոն ՀՀ դրամից դարձնելով 5 միլիոն դրամ (շուրջ 9000€), իսկ զրպարտության համար՝ 2 միլիոն դրամից 10 միլիոն դրամ (շուրջ 18000€)», - ասվում է կառույցի տարածած հայտարարության մեջ։
Սիմոնյանը 6 դատական հայց է ներկայացրել իր հասցեին արված վիրավորանքի և զրպարտության համար և վստահ է, որ նախագիծը հետ կպահի մարդկանց վիրավորանքներ և սուտ տեղեկություններ տարածելուց, հայտարարության մեջ հղում է արվում News.am լրատվականին։
««Զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունները հայաստանյան օրենսդրության մեջ հստակորեն սահմանված չեն»,- մեջբերում է կառույցը՝ հղում անելով Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի «Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը։
Աղբյուր՝ AntiFake.am