Դիանա Գասպարյանի կոչում առկա են առերևույթ քրեական հանցագործությունների հատկանիշներ

article-image

Հունիսի 3-ին Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ուղիղ եթերով խոսել է Էջմիածնում Մանվել Գրիգորյանի կողմից վարձակալած սրճարանի մասին: Գասպարյանը նշել է, որ քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում քաղաքապետարանի դիմացի տարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու համար, որով տարածքը վարձակալության է տրվել Մանվել Գրիգորյանի մերձավորներին (նա համոզված է, որ այդ ամենի հետևում Մանվել Գրիգորյանն է կանգնած) 2003 թվականից մինչև 2028 թվականը՝ տարեկան մոտ 23.000 ՀՀ դրամ վարձավճարով սրճարանի համար։

Գասպարյանը նշել է, որ պայմանագիրը կնքված է այնպես, որ մինչև ժամկետի ավարտը պայմանագրի լուծման իրավական մեխանիզմ չնախատեսվի: Ըստ նրա պայմանագրի մեջ փոփոխման ենթակա միակ դրույթը պայմանագրի գինն է: Գասպարյանը նշել է՝ եթե վարձակալության ընթացքում փոփոխվում է հողի կադաստրային արժեքը, ապա վարձատուն կարող է պահանջել հողի վարձավճարի ավել գումար: Այն դեպքում, երբ վարձակալը չի համաձայնվում ավել գումար վճարել, վարձատուն իրավունք ունի միակողմանի լուծել կնքված պայմանագիրը: Եթե վարձակալը համաձայնվում է ավել գումար վճարել, ապա պայմանագիրը կշարունակի գործել:

Գասպարյանը նշել է, որ քաղաքապետարանը արդեն ծանուցել է վարձակալին, որ նախատեսում է վարձակալության համար պահանջել տարեկան մոտ 7 մլն ՀՀ դրամ: Գասպարյանը հուսով է, որ այդ սրճարանը չի կարողանա այդքան եկամուտ ապահովել և ստիպված կլինի պայմանագրից հրաժարվել:

Բացի այդ, Դիանա Գասպարյանը նաև հանդես է եկել կոչով. «Ես ցանկանում եմ մեր համաքաղաքացիներին կոչ անել, հորդորել այդ սրճարանի աշխատանքը բոյկոտել, որևէ դեպքում՝ անգամ ամառվա ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»։

Դիանա Գասպարյանի հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ քաղաքապետարանը դիտավորյալ քայլեր է ձեռնարկում վարձավճարի գինը բարձրացնելու միջոցով սրճարանի գործունեությանը վնաս պատճառելու համար, որպեսզի կա՛մ վերջինս հրաժարվի նման գումար վճարելուց, և պայմանագիրը լուծվի, կա՛մ էլ չկարողանա այդքան շրջանառություն ապահովել և արդյունքում փակվի։

Նախ, անհրաժեշտ է նշել, որ քաղաքապետը իր հայտարարության մեջ չի նշում, թե որքան տարածքի մասին է խոսքը, այլ խոսում է 23.000 դրամի փոխարեն 7 մլն դրամ վարձավճար պահանջելու մասին։ Հարց է առաջանում, թե որքան է իրականում տարածքի կադաստրային արժեքը, քանի որ 23 հազար դրամի և 7 մլն դրամի միջև տարբերությունն ահռելի է։

Եթե տարածքի կադաստրային արժեքն ավելի ցածր է 7 մլն դրամից, ապա Դիանա Գասպարյանի հայտարարության և գործողությունների (քանի որ Գասպարյանը նշեց, որ արդեն ծանուցումն ուղարկվել է սրճարանին) մեջ առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցակազմեր, մասնավորապես՝ ՀՀ քր. օր. 143-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում պաշտոնեական դիրքն օգտագործելով մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելու համար՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։

ՀՀ քր. օր. 214-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառվել։

Դիանա Գասպարյանի հայտարարություններում առերևույթ առկա է նաև ՀՀ քր. օր. 309-րդ հոդվածով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) նախատեսված հանցակազմը՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)։

Էջմիածնի քաղաքապետարանի կողմից ձեռնարկված գործողությունները՝  պայմանագրի մյուս կողմին պայմանագիրը լուծել ստիպելը և քաղաքապետի՝ սրճարանը բոյկոտելու կոչը, միջամտություն է մասնավոր սուբյեկտի տնտեսական գործունեությանը: Բացի այդ, օգտվելով իր դիրքից և լայն լսարանի առկայությունից՝ Դիանա Գասպարյանը հրապարակավ կոչ է անում չօգտվել տվյալ սրճարանի ծառայություններից: Գասպարյանի գործողությունները սահմանափակում են տնտեսական մրցակցությունը, խոչընդոտում և միջամտում են տնտեսվարողի ազատ գործունեությանը, ինչն օրենքի խախտում է:

Գասպարյանի այս վարքագիծը վկայում է այն մասին, որ իշխանությունները շարունակում են «լավագույն ավանդույթները» անձանց բիզնես գործունեության հետ կապված, պահպանվում է բիզնեսում «արտոնյալների և հալածյալների» կարգավիճակը, «ոչ ցանկալի» անձանց համար բիզնեսով զբաղվելու արգելքներ ստեղծելը։ Պարզապես, եթե նախորդների դեպքում այս երևույթը քողարկված էր, ապա այս իշխանությունների դեպքում սա բացահայտ երևույթ է:

 

Հեղինակ՝ Աիդա Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն