«Մեր հիմնական «մեղքը» մեր խիստ ազգային լինելն էր երևի». Կարին Տոնոյանը «Հայ ասպետը» եթեր չհեռարձակելու մասին

article-image

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, «Հայ ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող Կարին Տոնոյանը հունիսի 2-ին ֆեյսբուքյան գրառում է կատարել, որից պարզ է դառնում, որ արդեն 6 ամիս է՝ «Հայ ասպետ» հեռուստատեսային մրցախաղը չի նկարահանվում։ 6 ամիս առաջ Կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը Կարին Տոնոյանի հետ զրույցում նշել է, որ մրցույթ է անցկացվելու, որին հնարավորություն ունի մասնակցելու նաև «Հայ ասպետը», սակայն մինչ օրս մրցույթը չի կազմակերպվել, մինչդեռ այս ընթացքում Հանրային հեռուստատեսության եթերում առանց մրցույթի հայտվել են տարբեր հաղորդաշարեր։  

AntiFake.am-ը զրուցել է Կարին Տոնոյանի հետ՝ հասկանալու համար «Հայ ասպետ» հեռուստատեսային մրցախաղի ԿԳՆ-ի կողմից ֆինանսավորման դադարեցման և Հանրային հեռուստատեսության կողմից եթեր չհեռարձակելու պատճառները։

Նախ նշենք, որ «Հայ ասպետ» հաղորդաշարը Հանրային հեռուստատեսության եթերում եղել է 10 տարի։ Նախագիծը կյանքի է կոչվել Կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմամբ։ «Հայ ասպետի» վերջին նկարահանումները տեղի են ունեցել նախորդ տարվա նոյեմբերին։ Այդ եթերաշրջանի ավարտից հետո նոր եթերաշրջան չի մեկնարկել, քանի որ Կրթության և գիտության նախարարությունը որոշել է «վերանայել» իր մոտեցումները իր ֆինանսավորմամբ Հանրային հեռուստատեսության եթեր հեռարձակվող ծրագրերի հարցում, ինչի արդյունքում 2019 թվականի ԿԳՆ բյուջեով չի նախատեսվել «Հայ ասպետ» հաղորդաշարի ֆինանսավորում։

Տոնոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեկետեմբերին իրենց հայտնել են, որ մրցախաղը Հանրային հեռուստատեսության եթերով հեռարձակելու համար նախատեսվում է մրցույթի անցկացում։ «Հայ ասպետ» մրցախաղի աշխատակազմը ձեռնամուխ է եղել մրցախաղի կազմակերպչական աշխատանքներին, դպրոցներից ընդունել է հայտերը, սակայն մինչ օրս մրցույթ չի կազմակերպվում։

Տոնոյանը նշեց, որ այս ամբողջ ընթացքում հետաքրքրվել է, թե երբ է կազմակերպվելու մրցույթը, ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն էլ հավաստիացրել է, որ մրցույթն անպայման կազմակերպվելու է։ Տոնոյանի կարծիքով՝ չնայած «Հայ ասպետի» ֆինանսավորումը դադարեցնելու անմիջական որոշումը Անափիոսյանինը չի եղել, այնուամենայնիվ, նա եղել է նախաձեռնողներից մեկը։

Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականի սեպտեմբերի 6-ին «Հայկական Ժամանակ» լրատվական կայքում հոդված էր հրապարակվել ««Հայ ասպետ» ծրագիրը հնարավոր է հաջորդ տարի եթերում չլինի. ԿԳՆ-ն վերանայում է մոտեցումները» վերնագրով, որտեղ Անափիոսյանը նշել էր. «2019 թվականի բյուջեի մասին օրենքի կազմման հիմքում հետեւյալ սկզբունքն է ընկած. բոլոր այն ծրագրերը, որոնք չեն հանդիսանում պետության կողմից իրականացվող պարտավորությունների լիազորում կամ պատվիրակում որեւէ երրորդ կողմին, իրականացվելու են մրցույթով»: ԿԳ փոխնախարարը նաև նշել էր. «Մենք կարծում ենք, որ դա պետության ռեսուրսները ծախսելու տեսանկյունից արդյունավետ չէ, պետք է բաց լինի դաշտը եւ հնարավորություն տրվի մրցութային հանձնաժողովին՝ որոշելու՝ որն է նպատակին ծառայելու լավագույն միջոցը եւ նաեւ ինչպես կարելի է դրան հասնել հնարավորինս քիչ ռեսուրսներով՝ հաշվի առնելով պետության բյուջեի պայմանները»։

Կարին Տոնոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեև դեմ չէ, որ մրցույթ անցկացվի, սակայն իր մոտ հարց է ծագում, թե ինչու՞ ներկայումս Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Գերազանցիկը», «Ուսուցիչը» հաղորդաշարերը, որոնք նույնպես իրականացվում են Կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմամբ, եթեր են հեռարձակվում առանց մրցույթի, իսկ «Հայ ասպետ» հեղինակային մրցախաղի հեռարձակման համար պետք է մրցույթ կազմակերպվի։ Կամ արդյո՞ք այն ծրագրերը, որոնց համար ահռելի գումարներ են հատկացվում, արժանի են լինելու եթերում, իսկ «Հայ ասպետը», որին հատկացվում էր չնչին գումար տարվող աշխատանքների համեմատ, ոչ։

ԿԳ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը դեռ նախորդ տարի սեպտեմբերին «Հայկական ժամանակի» հետ զրույցում «Հայ ասպետ» ծրագրի հետ կապված ասել էր, որ իր համար որոշակիորեն պարզ է, թե ինչ պատճառով է այս կամ այն ծրագրին նախապատվություն տրվել: Նա նշել էր երկու պատճառ. առաջինը, որ Կրթության եւ գիտության նախարարությունը, որպես քաղաքականությունը մշակող լիազոր մարմին, չի հստակեցրել իր համար, թե կրթության յուրաքանչյուր ոլորտում ինչ գործունեություն է ուզում ծավալել, ինչ խնդիր, նպատակ է իր առջեւ դնում: Իսկ երկրորդը, ըստ Անափիոսյանի, այն էր, որ շատ ծրագրեր կամայականորեն ֆինանսավորվել են պետության բյուջեից, որովհետեւ համապատասխան քաղաքական որոշումներ են եղել։

Այս մասով Տոնոյանը նշեց, որ «Հայ ասպետը» միակ ինտելեկտուալ խաղն է, որն ունի զուտ հայկական ծագում։ Բացի այդ, դա հեղինակային ծրագիր է, որը մոտ 11 տարի իրականացվել է պրոֆեսիոնալ թիմի կողմից։ «Հայ ասպետի» շրջանակներում ավելի քան 11 հազար երեխաներ մրցել են մայրենի լեզվի, գրականության, պատմության, աշխարհագրության, ազգային ավանդույթների և պարարվեստի մասին իրենց գիտելիքներով։ Այսինքն՝ ծրագրի գլխավոր նպատակը եղել է նոր սերնդի ինտելեկտուալ դաստիարակությունը, ինչը գնահատվում է որպես ազգային անվտանգության գործոն և չի կարող չբխել Կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև պետության շահերից։

Ինչ վերաբերվում է Անափիոսյանի այն պնդմանը, որ «Հայ ասպետը» պետբյուջեից  ֆինանսավորվել է, որովհետև քաղաքական որոշումներ են եղել, ապա այս մասով Տոնոյանը նշեց, որ Անափիոսյանը ենթատեքստով իրենց մեղադրել է հանրապետական լինելու մեջ, մինչդեռ Տոնոյանի պնդմամբ՝ իրենք կիլոմետրերով հեռու են եղել քաղաքականությունից, քանի որ խաղը մանկական խաղ է, և օրենքով նախատեսված է, որ երեխաներին պետք է զերծ պահել քաղաքականությունից։ Սա իրենց համար սկզբունք է եղել։

Տոնոյանի կարծիքով՝ իրենց հիմնական «մեղքը» իրենց խիստ ազգային լինելու մեջ է։ «Գաղտնիք չէ, որ այսօր ազգայինը այդքան էլ մոդայիկ չէ», - նշեց Տոնոյանը։

Տոնոյանը նշեց, որ Կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված ֆինանսավորումը իրականում բավականին չնչին գումար է նման մասշտաբի նախագիծ տարիներ ի վեր կյանքի կոչելու համար։ Բացի այդ, ծրագրի ֆինանսավորման գումարը՝ չնայած ինֆլյացիային, վերջին մի քանի տարիների ընթացքում մնացել է նույնը, քանի որ պրոֆեսիոնալ թիմը կարողացել է օպտիմալացնել ծախսերը։

Մրցախաղի ապագայի հետ կապված՝ Տոնոյանը նշեց, որ իրենք դեռ սպասում են մրցույթին, քանի որ դա իրենց համար պատվի հարց է։ Եթե չկարողանան հաղթել, ապա կան բազմաթիվ տարբերակներ ծրագիրը շարունակելու համար։ Սակայն Տոնոյանը նշում է, որ մրցույթը մինչ օրս չկազմակերպելու պատճառներից մեկն էլ գուցե այն է, որ այլ նախագծեր չեն կարողանա հաղթել, կամ էլ իրենք միակը կլինեն, քանի որ նախագծի մեջ միայն հեռուստախաղը չէ, այլ արշավներն են,  լրացուցիչ կրթությունն է, ինչը շատ ժամանակատար է, ծախսատար, և միայն նվիրյալ մարդիկ կարող են իրականացնել այն։

Տոնոյանը նշեց, որ իրենք պատրաստվում են սպասել մրցույթին մինչև հունիս, սակայն կարծես թե հասկանում են, որ մրցույթ չի լինի, և ափսոսում են, որ երեխաները կզրկվեն «Հայ ասպետից»։

 

Հեղինակ՝ Աստղիկ Մաթևոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը