Ի՞նչ է կատարվում Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայում

article-image

Մի քանի օր է ինչ Գյումրիում գործող «Սասստեքս»  տեքստիլ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիաներ են կազմակերպում:

Աշխատակիցները բողոքում են, որ անօրինական կերպով իրենց աշխատավարձից պահումներ են կատարվում և ուշացումներով փոխանցվում: Նրանց խոսքով նրանք մինչև ապրիլ ամիսը ստացել են նվազագույն աշխատավարձ՝ 55.000 ՀՀ դրամ: Սակայն ապրիլ ամսին աշխատակիցները նշված գումարը չեն ստացել: Եղել են ուշացումներով տարբեր գումարային չափի առձեռն փոխանցումներ՝ 10.000, 16.000, 23.000, 30.000, 37.000, այնինչ աշխատավարձը մշտապես փոխացվել է բանկային համակարգի միջոցով:

Գործարանի գլխավոր տեխնոլոգ Լալա Թորոսյանը հաստատում է, որ աշխատավարձերը ուշացումով են վճարվել: Նրա խոսքերով աշխատավարձերի նմանօրինակ փոխանցումները պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատակիցները կարել են ոչ համապատասխան որակի, եվրոպական ստանդարտների չհամապատասխանող արտադրանք, և չեն բավարարել եվրոպացու պահանջները, ինչի պատճառով արտադրանքը չի պահեստավորվել և չի հանձնվել պատվիրատուին, և հետևաբար ընկերությանը գումար չի փոխանցվել և ընկերությունը աշխատակիցներին չի կարող վճարել:

Այս ամենին հակադարձելով արտադրամասի աշխատակիցները պնդում են, որ արտադրանքի որակը վերահսկվել և ստուգվել է երեք երկրի մասնագետների կողմից և անորակ արտադրանք չեն թողարկել և եթե անգամ այդպես է իրենց չի զգուշացվել աշխատավարձի հնարավոր պահումների մասին: Աշխատակիցները տեղյակ չեն թե ինչ չափանիշներով են ստացել տարբեր չափի գումարներ, քանի որ մինչև հիմա իրենց չեն բացատրել թե ինչ բանաձևով է սահմանվում իրենց աշխատավարձի չափը:

Իսկ «Սասստեքս» կարի գործարանի պատասխանատու Ներսես Տաշչյանը աշխատավարձերի նմանօրինակ փոխանցումները պայմանավորում է այն հանգամանքով, որ փոխվել է աշխատակիցների պայմանագրի ձևը հաստիքայինից դառնալով գործարքային:

Ըստ Ներսես Տաշչյանի  պայմանագրերը կնքելիս բոլոր աշխատողները կարդացել նոր ստորագրել են, իսկ հիմա ասում են՝ խաբել են իրենց. «Էդ ասողները մի քանի հոգի են, իսկ մնացածի համար պատճառ են լինում: Մենք գիշեր-ցերեկ ջան ու ջիգյարով աշխատել ենք, 7-8 հոգու պատճառով մնացածը տուժեցին»: Սակայն պետք է փաստենք որ գործարանի 100-ից ավելի աշխատակիցները մտնելով արտադրամաս հրաժարվել էին աշխատել:

Այս ամենից զատ աշխատակիցները բողոքում են անմարդկային աշխատանքային պայմաններից՝ ասելով որ օդափոխության համակարգ չկա, ճաշարան չկա, հարգելի բացակայությունների դեպքում աշխատավարձից անօրինական պահումներ են կատարվում, չի վճարվում հիվանդության թերթիկների համար հասանելիք գումարը:

Սա առաջին դեպքը չէ երբ «Սասստեքս» ընկերությունը ուշացումով է վճարում աշխատակիցների աշխատավարձերը: Դեռևս 2017թ. Վանաձորում նոր կառուցվող մասնաշենքի շինարարության շինարարները դիմել էին Լոռի հեռուստաընկերություն ուշացած աշխատավարձերի խնդիրը բարձրաձայնելու համար:

Ինչպես Գյումրու դեպքում, այնպես էլ Վանաձորի դեպքում աշխատակիցները ասում են, որ իրենց ստորագրած փաստաթղթի բովանդակությանը չեն ծանոթացել և իրենց օրինակը չունեն իսկ աշխատավարձերը ստանում են ուշացումներով և պահումներով:

«Սասստեքս» կարի ֆաբրիկայում աշխատողների իրավունքները երաշխավորելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վարույթ է նախաձեռնել։

Հիշեցնենք, որ «Սասստեքս» կարի ֆաբրիկան բացվել էր 2018թ. դեկտեմբերի 7-ին, որին նաև ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ողջունել էր ներդրումային ծրագրի իրագործումը՝ ասելով, որ դա լիովին համապատասխանում է տնտեսական հեղափոխության պատկերացումներին: Սակայն գործարանի բացումից մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 15-ին «Սասստեքս» ՍՊԸ տնօրեն Քրիստիան Գելեջին հարցարույց էր տվել Ազատություն ռադիոկայանին ասելով, որ հեղափոխությունից հետո էլ ստիպված է անընդհատ պայքարել արհեստականորեն ստեղծվող դժվարությունների դեմ: Նա ասել էր. «Այսօր՝ այս պահին, Նիկոլ էֆենդին ասում ա՝ մենք սենց, սենց պիտի անենք, ոչ մի բան չեն անում, սուտ են խոսում»:

Թե ինչ հանգուլացուծում կունենա «Սասստեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցների աշխատավարձերի հարցը և թե ինչ դժվարությունների մասին էր խոսում ընկերության տնօրենը, պարզ կդառնա ժամանակի ընթացքում։

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն