Ի՞նչ ստվերային պայմանավորվածությունների են գնացել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը. ոչ պաշտոնական խողովակներ և ձախողված բանակցություններ

article-image

Մամուլում տարածվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցը, որտեղ վերջինս խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների և Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ ունեցած պայմանավորվածությունների և կապի մասին:

Նա, մասնավորապես, նշում է, որ այսօրվա դրությամբ փաստացիորեն բանակցություններ չկան:

«Փաստացիորեն Հայաստանի ղեկավարը ձախողել է բանակցային գործընթացը: Նա ոչ թե ձախողում է, այլ ձախողել է: Քանի որ նրանց անիմաստ հայտարարությունները և սադրիչ քայլերը անիմաստ են դարձնում բանակցությունները: Ցավոք, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի գիտակցում այդ պատասխանատվությունը: Նրանք չեն կարող ճիշտ վերլուծել իրենց գործողությունների հետևանքները: Այնուամենայնիվ, Հայաստանում կան բանական մտածողությամբ մարդիկ և քաղաքական գործիչներ, և նրանք իրենք էլ արդեն բարձրացնում են այդ հարցը, և իրենց միտքն են փոխանցում հասարակությանը այն մասին, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը երկիրը կործանման է տանում», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Այնուհետև Ալիևը հետաքրքիր հայտարարություններ է արել, որում խոսել է 2018թ. տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր իշխանությունների հետ կապի մասին: Նա նշել է. «Երկու տարի առաջ, երբ Հայաստանում պետական հեղաշրջում տեղի ունեցավ, Ադրբեջանը դրան չեզոք վերաբերվեց: Այսինքն, մենք չէինք պատրաստվում օգտվել ստեղծված իրավիճակից և ինչ-որ բանի հասնել: Մենք կարծում էինք, որ դա անխուսափելի է, քանի որ հայ ժողովուրդը միայն ատում էր Հայաստանի նախկին ղեկավարությանը, և փաստացիորեն այդ ռազմա-քրեական ռեժիմը Հայաստանին անմխիթար վիճակի հասցրեց: Հատկապես հաշվի առնելով այն, որ իշխանության գալով` նոր իշխանությունները սկսեցին շատ հուսադրող հայտարարություններ անել, որ ցանկանում են լուծել այդ խնդիրը: Նրանք քննադատում էին նախկին կառավարությանը, մեզ ոչ պաշտոնական խողովակներով դրական ազդանշաններ էին ուղարկում և խնդրում իրենց ժամանակ տալ: Մենք հույս ունեինք, որ նոր կառավարությունը, ինչպես և մյուս բոլոր ոլորտներում, նորություններ կբերի նաև այս դաշտ և կուղղի նախկին ոչ ճիշտ քաղաքականությունը: Այդ միտքը ամրապնդվեց Հայաստանի վարչապետի հետ Դուշանբեում իմ մի քանի հայտնի հանդիպումներից հետո: Այդ ժամանակ ինձ խնդրեցին ժամանակ տալ, քանի որ Հայաստանի ներքին վիճակը բարդ է, ծանր է, նախկին իշխանության ներկայացուցիչները ցանկանում են ռևանշի հասնել, իսկ դա շատ բացասական կանդրադառնա բանակցային գործընթացի վրա, բայց նրանք հակված էին բանակցությունների, ցանկանում էին լուծել այդ խնդիրը: Նրանք խնդրում էին ամրապնդել հրադադարի ռեժիմը: Իմ խոսքն այն էր, որ մենք պետք է լուրջ բանակցություններ վարենք, և այս դեպքում, իհարկե, հրադադարը ավելի հուսալի կլինի»:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ այդ հանդիպումից հետո, կողմերը, ինչպես և համաձայնեցված էր, առանձին հայտարարություններ են արել:

Ադրբեջանի նախագահի հայտարարություններից մի քանի եզրահանգումների կարող ենք գալ: Հաստատվում է այն, որ, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը Դուշանբեի վերելակներում Ալիևին առաջարկել է հրադադարի ամրապնդում` «ժամանակ շահելու համար»: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը իր ներքաղաքական խնդիրները լուծելու և «ռևանշիստներից իշխանությունը փրկելու համար» Ալիևից ժամանակ է խնդրել:

Հարց է, թե նման պարագայում ի՞նչ ոչ պաշտոնական խողովակներով «դրական ազդանշանների» մասին է խոսքը: Եթե Ալիևը այն «դրական ազդանշան» է համարում, այդ դեպքում Ադրբեջանի ղեկավարի համար ինչը կարող է «դրական» համարվել, եթե ոչ ադրբեջանամետ դիրքորոշմանը և պահանջներին որոշ չափով տուրք տալը և զիջելը:

Ի վերջո, Ադրբեջանի նախագահի խոսքերից պարզ է դառնում, որ բանակցություններ այլևս չկան: Իսկ որտեղ չկա բանակցություն, գալիս է պատերազմի հերթը: Ալիևի ակնարկները այս դեպքում ևս հասկանալի են: Ակնհայտ է, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է պատրաստվում:

Հետաքրքիր է, որ ներկայիս իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նախորդ իշխանություններին անդադար մեղադրում էին Լեռնային Ղարաբաղի հարցում դավաճանության, «հողերը հանձնելու», «պայմանավորվելու» մեջ այն դեպքում, երբ  ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որի իշխանությունը և՛ Իլհամ Ալիևը, և՛ Նիկոլ Փաշինյանը որակում են նույն կերպ` ռազմա-քրեական ռեժիմ (կարելի է հիշել Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարությունները ՀՀ և Արցախի զինվորական վերնախավի և գեներալիտետի մասին)` հենց այսօր Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բացահայտ պայմանավորվում, այլ նաև գաղտնի, «դրական» ազդակներ է ուղարկում Ալիևին: Այդ դեպքում ինչպես որակել Նիկոլ Փաշինյանի գործելաոճը եթե ոչ` դավաճանական քայլ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ:

 

Հեղինակ` Մելինե Հայրապետյան 

 Աղբյուր` AntiFake.am 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն