Ոստիկանությունը երեկ սկսե՞լ է «սևազգեստ անձանց հայտնաբերելու օպերացիան». պատգամավորի ահազանգն ու ոստիկանության պարզաբանումը

article-image

Երեկ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  «որոշ շրջանակներ»  որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության լեգիտիմացման քարոզ: Ըստ վարչապետի ունեցած օպերատիվ տեղեկությունների՝ «այդ շրջանակները» որոշել են ձևավորել «սևազգեստ մարդկանց խմբեր», որոնք քաղաքում շրջելով պետք է որոշակի տրամադրություն ստեղծեն և աչքի ընկնեն «լկտի» պահվածքով:

Վարչապետը ընդգծեց, որ այս դեպքում իրավապահ համակարգը պետք է «թավշյա չլինի» և պետք է կոշտ հակահարված տա նման երևույթներին: Վարչապետը կոչ արեց տեղորոշել «սևազգեստ խմբերին», կապել հնարավորինս վառ «բաբչկաներ» և «ճանապարհել» նրանց դեպի քաղաքակիրթ և օրինական կյանք:

Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից, երեկ երեկոյան  երկու «սևազգեստ մարդ» հարբած մոտեցել են իր մերձավորներից  մեկին՝ նրան կասկածելով իր իսկ կողմից վարձակալած տարածքի թալանի մեջ: «Սևազգեստ մարդիկ» ներկայացել են որպես ոստիկանության աշխատակիցներ, և քաղաքացու պահանջով ներկայացրել են իրենց  վկայականները:

Ըստ Խաժակյանի՝ ոստիկանները չեն հավատացել, որ այդ տարածքը վարձակալված է քաղաքացու կողմից, և նրան հարվածելով նստեցրել են մեքենա և ոստիկանության բաժանմունք հասնելու ճանապարհին ևս հարվածել են նրան: Իսկ երբ հասել են ոստիկանության բաժանմունքի դիմաց՝ նրանց են միացել մի քանի այլ ոստիկաններ, և նրանք միասին շարունակել են հարվածներ հասցնել քաղաքացուն: Այնուհետև նրանց է մոտեցել մեկ այլ ոստիկան, ով հասկացել է, որ քաղաքացին տվյալ տարածքի վարձակալն է, և նրան բաց է թողել: Հարվածների արդյունքում քաղաքացին դեմքի շրջանում կոտրվածքներ է ստացել:

Այս դեպքի առնչությամբ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որի հիման վրա ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Իսկ Խաժակյանի և ոստիկանապետ Օսիպյանի հեռախոսազրույցից հետո ծառայողական քննություն է սկսվել նաև ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում:

Միջադեպի մասին այսօր ԱԺ նիստի ընթացքում խոսել է ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: Վերջինս պատմել է միջադեպի մասին և ասել,  որ ցավում է, որ վարչապետի «սևազգեստ մարդկանց» դեմ պայքարելու հորդորը նման կերպ է կատարվում ոստիկանության կողմից:

Գորգիսյանի խոսքերը իշխանության ներկայացուցիչների կողմից միանշանակ չեն ընդունվել:

Մասնավորապես իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը դա որակել է որպես սուտ մատնություն և բացառել, որ ՀՀ-ում նման դեպք կարող է լինել:

Իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կոչ է արել չդրամատիզացնել և դիմել պատկան մարմիններին, քանի որ նման հանցագործությունները տեղի են ունենում բոլոր երկրներում:

Ուշագրավ է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորները տեղի ունեցածն անմիջականորեն կապում են Նիկոլ Փաշինյանի երեկվա հրահանգի հետ։

Եթե սա համապատասխանում է իրականությանն, ու ոստիկանների «գործողություններն» իսկապես տեղի են ունեցել «սևազգեստ անձանց հայտնաբերելու օպերացիայի» շրջանակներում, ապա կարող ենք արձանագրել, որ գործ ունենք շատ վտանգավոր իրավիճակի հետ, երբ Փաշինյանի հայտարարություններն ընկալվում են ուղիղ տեքստով, և հայտարարության ոճին համահունչ ձեռնարկվում են համապատասխան գործողություններ։ Այս պարագայում Նիկոլ Փաշինյանին այլ բան չի մնում, քան փոխել հռետորաբանությունն ու երկրում վերականգնել օրինականությունն ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը ոստիկանական բռնություններից։

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը