Փողոցային բառապաշարը և ժարգոնը «քաղաքական մշակույթի» առանցքում. Ազգային ժողովի նախագահը «հետ չի մնում»

article-image

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից անցել է մեկ տարի, և այդ մեկ տարվա ընթացքում հայաստանյան քաղաքական մշակույթը կտրուկ անկում է ապրել և ողողվել փողոցային բառապաշարով ու բռնության կոչերով: Դրան նպաստել են իշխանության մի շարք ներկայացուցիչներ պետական պաշտոնյային ոչ հարիր հայտարարություններով և ելույթներով։

Ասվածի ամենավառ օրինակը, թերևս, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից օգտագործվող բառերն են, որոնց իմաստը հասկանալու համար հաճախ պետք է լինում բառարաններից օգտվել: Վարչապետը կառավարության նիստերի և այլ հանդիպումների ընթացքում կիրառում է մուխլյոժ, բալանդ, օրթաղ և այլ ժարգոնային և «գողական աշխարհին» հատուկ բառեր։ Օրինակ՝ բալանդ բառի իմաստը կարելի է գտնել «ժարգոնի բառարանում»:

Այս ամենին զուգահեռ՝ Փաշինյանը մշտապես կոչ է անում փռել ասֆալտին, հարվածել ծնոտին, ծեփել պատերին, որոնք ևս հարիր չեն կառավարության ղեկավարին ու բռնության կոչի տարրեր են պարունակում: Եվ բնավ զարմանալի չէ, որ նրա արտահայտությունները կրկնվում են մյուս իշխանավոր իմքայլականների կողմից:

Մասնավորապես, հունիսի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կրկնելով Փաշինյանի խոսքերը, բառացիորեն կոչ է արել փռել ասֆալտին և պատերով տալ:

Միրզոյանի այս հայտարարությունը հետևել է Փաշինյանի՝ իրավապահներին ուղղված «սևազգեստ մարդկանց հայտնաբերելու և հնարավորինս վառ բաբչկա կապելու» կոչին:

Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ «սևազգեստ մարդկանց» մասին է խոսել Փաշինյանը, և ինչ տվյալներ կան նրանց մասին, ասել է, որ նման անհատները փորձում են քաոս առաջացնել, և հավելել, որ «հանցագործին վնասազերծելու համար պետք է փռել ասֆալտին և պատերով տալ», իսկ Փաշինյանի նմանօրինակ կոչերը նա չի համարել բռնության կոչ՝ ասելով, որ «կա պետության ուժ կիրառելու իրավունք…ոնց ուզում եք՝ մեկնաբանեք»:

Նշված օրինակները փաստում են այն մասին, որ «թավշյա հեղափոխականները» հայաստանյան քաղաքական մշակույթը իջեցրել են փողոցային բառապաշարի մակարդակի։ Եվ չնայած նրան, որ Նիկոլ Փաշինյանը որպես վատ օրինակ վկայակոչում է «քուչում պպզողներին և ճշտից խոսողներին», այնուամենայնիվ, նա և իր թիմը խոսում են հենց նմանատիպ անձանց բնորոշ բառապաշարով։ Իսկ բռնություն քարոզողների դեմ պայքարը իշխանության ներկայացուցիչներն իրականացնում են բռնության կոչերով՝ պատերին ծեփելով, ասֆալտին փռելով, ծնոտին հարվածելով, ախորժակը բալանդով կտրելով, թևերը կտրելով, սաղմնային վիճակում թաղելով, վզներից բռնելով և այլն։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն