7 րոպե խոսել միջազգային անվտանգության և խաղաղության մասին և այդպես էլ ոչինչ չասել. վարչապետի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընթացքում

article-image

Այս տարի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի 75-րդ հոբելյանական նստաշրջանը ևս անցնում է արտակարգ պայմաններում: Աշխարհի տարբեր կողմերից պետությունների ղեկավարները իրենց ուղերձները հղում են հեռակա` նախապես ներկայացված տեսանյութերի տեսքով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հանդես է եկել ելույթով, որի տեսանյութը ինչպես մյուս երկրների առաջնորդներինը, հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում:

Իր ելույթում, վարչապետը, խոսել է միջազգային համագործակցության, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի, միջազգային համերաշխության, բազմակողմանի քաղաքականության, անվտանգության և խաղաղության մասին:  Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՄԱԿ-ի 75-րդ ամյակին` կարևորելով կազմակերպության դերը միջազգային հարաբերություններում: Հետաքրքիր է, սակայն այն փաստը, որը Հայաստանի վարչապետը իր ընդհանուր 7 րոպե տևողությամբ ելույթում այդպես էլ չանդրադարձավ Հայաստանին և, առավելապես, ոչ մի խոսքով չանդրադարձավ Արցախին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և բանակցություններին: Փոխարենը, Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի ոճով խաղաղության և համագործակցության կոչ էր անում և շեշտում համամոլորակային մարտահրավերների կարևորությունը:

Իսկ կարևորի մասին Նիկոլ Փաշինյանը լռում է` հերթական անգամ չկարողանալով օգտվել ստեղծված պատեհ առիթից համաշխարհային թիվ 1 ամբիոնից բարձրացնելու Հայաստանի առջև ծառացած խնդիրների և խոսել Արցախյան հարցի հայանպաստ և բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտության մասին: Ավելին, ելույթում տեղ են գտել անհասկանալի ձևակերպումներ: Օրինակ, «Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների»:

Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը` արտաբերելով այս նախադասությունը: Ի՞նչ բռնաճնշումների և նոր բռնությունների մասին է խոսում Փաշինյանը: Մի՞թե ինքնորոշման իրավունքը համարժեք է «բռնաճնշումներին և նոր բռնություններին»: Վերջապես, ու՞մ ինքնորոշման իրավունքի մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը. Արցախի՞, թե,՞ դարձյալ, համաշխարհային օրակարգին տուրք տալով, աշխարհում անկախության ձգտող այլ ժողովուրդների:

Փաշինյանը շարունակում է. «Այս դժվար ժամանակներում, աշխարհի չորս ծագերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, անխոհեմ ռևիզիոնիստները փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից՝ իրական վտանգ ներկայացնելով միջազգային խաղաղության և անվտանգության համար: Պատմական իրողությունների սոցիալական ինժեներիան և նույնիսկ այլոց քաղաքակրթական ժառանգության յուրացումը դառնում են սովորական երևույթ»: Անհայտ է, թե դարձյալ ում է ակնարկում Փաշինյանը: Սակայն մի բան հստակ է. Նիկոլ Փաշինյանը ելույթի նման տեքստերով հետագայում կարող է հաջողությամբ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի թեկնածու դառնալ: 

Ադրբեջանի նախագահի հերթական անպատասխան ելույթը

Սեպտեմբերի 21-ի երեկոյան հրապարակվել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը` ՄԱԿ ԳԱ 75-րդ նստաշրջանի շրջանակներում: Ալիևի ելույթը կազմված էր երկու հատվածից: Առաջին հատվածում Ալիևը, որպես «Չմիացած երկրների շարժման» համանախագահ պետության ղեկավար` ներկայացրել է շարժման խնդիրները և նպատակները: Ելույթի երկրորդ հատվածը ամբողջությամբ նվիրված էր Հայաստանին և Արցախին: Ադրբեջանի նախագահը առիթը բաց չթողեց ևս մեկ անգամ մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին: Նա Հայաստանին մեղադրում է «պատմամշակութային և կրոնական հուշարձաններին ոչնչացման, էթնիկ զտման» և մի շարք այլ հանցանքներում: Ալիևը նաև անդրադարձել է այս տարի հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանային լարվածությանը և ռազմական բախմանը: Ալիևը նշում է, որ Հայաստանի ղեկավարության կողմից առաջարկված 7 պայմանները ևս մերժվել են իրենց կողմից: Ադրբեջանի ղեկավարը մեղադրել է Հայաստանին նացիստական գաղափարախոսություն որդեգրելու մեջ: Նա կոչ է արել միջազգային հանրությանը` «հետ պահել Հայաստանին ռազմական ագրեսիայի մտքից»: Սակայն այն, ինչ կարող էր հեշտությամբ հակադարձել և ավելի ուժեղ հակահարված ստանալ, այդպես էլ մնաց անպատասխան:

Իսկ թե ինչ վիճակում է այսօր, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, և ինչ ահռելի վտանգների առաջ են կանգնած այսօր Հայաստանը և Արցախը, կարելի է միայն պատկերացնել` հետևելով պետական պատասխանատու պաշտոնյաների գործողություններին: Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը, հերթական անգամ օգտագործելով ստեղծված հարմար առիթը, առաջ է քաշում քարոզչական և հակահայկական թեզերը, սակայն այս բոլոր մեղադրանքները մնում են անպատասխան, քանի որ մեր պետության արտաքին գործերի նախարարը որևէ մեկնաբանություն չունի, ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնում է, որ «խորապես հիասթափված են Ադրբեջանի նախագահի հայտարարություններից», իսկ Նիկոլ Փաշինյանն էլ արդեն իսկ համաշխարհային ասպարեզ է դուրս եկել` գլոբալ խաղաղություն քարոզելու և խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարի` առաջ քաշելով 2050 թվականի համար իր ծրագրերը:

Միայն մի հարց մնաց, որը, ի դեպ, ժամանակին հուզում էր նաև պետության ԱԽՔ-ին. իսկ տիեզերք ե՞րբ ենք թռչելու:

 

Հեղինակ՝ Մելինե Հայրապետյան

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն