Այսօր ժամը 21:00-ի սահմաններում «Ադեկվադ» ՀԿ նախագահ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ Ոստիկանության բաժին բերման են ենթարկվել «Ադեկվադի» անդամներ: Ավելի ուշ Ոստիկանության բակում բերման են ենթարկվել նաև Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը և ևս 7 անձ:
«Ադեկվադը» հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես ասվում է.
«Հայտարարություն‼️
Քիչ առաջ Ոստիկանությունը բերման է ենթարկել «ԱԴԵԿՎԱԴ»-ի 11 անդամների առանց որևէ ակներև հիմքի։ Մեր անդամները չեն իրականացրել որևէ անօրինական գործողություն և նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է։
Հերթական անգամ հաստատվեց այն փաստը, որ ուժային կառույցների միջոցով իրականացվող ապօրինությունները մեր երկրում նոր թափ են հավաքում, և ոչ մի քաղաքացի այլևս ապահովագրված չէ` իր նկատմամբ դրսևորվող օրենքի կամայական կիրառումից։
Այլևս չի գործում անմեղության կանխավարկածը, իսկ դրա փոխարեն գործում են երկակի ստանդարտներն ու քաղաքական հետապնդումները։
Ակնհայտ է, որ իշխանությունների նյարդերը տեղի են տալիս, սակայն նմանատիպ ճնշումներով մեզ չեք վախեցնի և չեք կանգնեցնի։
ՄԵՆՔ ԿԱՆՔ և ՉԵՆՔ ՀԱՆՁՆՎԵԼՈՒ»
Ավելի ուշ, արդեն ազատ արձակված Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը հայտնեցին, որ կատարվածը քաղաքական հետապնդում է: Նրանք տեղեկացրին, որ եղել է ահազանգ, որ «Ադեկվադի» անդամները ահաբեկել են քաղաքացիներին: Նախաձեռնության անդամները նաև նշում են, որ հաղորդում են ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: