Ռոմանոս Պետրոսյանը խախտել է ՀՀ ընտրական օրենսգիրքը

article-image

Երեկ՝ հունիսի 6-ին, Աբովյան քաղաքի 29/07 ընտրատեղամասում տեղի է ունեցել միջադեպ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ:

Ռոմանոս Պետրոսյանը իր ընտրատեղամասում ընտրելուց և հեռանալուց հետո կրկին վերադարձել է ընտրատեղամաս, և ներկայանալով որպես տվյալ ընտրատեղամասի ընտրող, վերցրել է հանձնաժողովի անդամ Վեներա Գյուլինյանի մոտ առկա անուն-ազգանուններով և հեռախոսահամարներով ցուցակը, ընտրատեղամասից դուրս գալով` լուսանկարել է այն, հանձնարարականներ է տվել ընտրական հանձնաժողովի նախագահին. «Հաղորդում եք տալիս, մնացածը իրավապահ մարմինները գնահատական կտան»։

Այդ ընթացքում Ռոմանոս Պետրոսյանը նաև անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դիտորդի նկատմամբ, ով փորձել է հասկանալ, թե ինչ իրավունքով է Պետրոսյանը վերցրել ցուցակը. «Դուք ո՞վ եք, դիտո՞րդ եք, հա, «Բարգավաճ Հայաստանի» ներդրված դիտորդն եք»։ Իսկ մեկ այլ դիտորդի հարցին, թե չհանդիսանալով ո՛չ այդ ընտրատեղամասի վստահված անձ, ո՛չ դիտորդ` որքանով է վստահ, որ որպես ընտրող ընտրատեղամաս մտնելու իրավունք ունի, Պետրոսյանը պատասխանել է, որ կարող են արձանագրություն կազմել, եթե կարծում են, որ խախտում է եղել։

Ավելի ուշ համացանցում հայտնված նկարից պարզ դարձավ, որ Ռոմանոս Պետրոսյանը հանդիսանում է Աբովյան համայնքի ղեկավարի թեկնածու Գրիգոր Գուլյանի վստահված անձը։

Հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մարզպետը, ընտրատեղամասից դուրս ներկայանալով որպես տվյալ տեղամասի ընտրող, ցուցում (հանձնարարական) է տալիս հանձնաժողովի նախագահին իրականացնելու որոշակի գործողություն։ Սակայն ՀՀ ընտրական օրենսգիրքը ընտրողին նման իրավունքով չի օժտել։

Եթե Պետրոսյանը իր գործողություններն իրականացրել է որպես վստահված անձ, ապա նա նախ և առաջ պարտավոր էր ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ գրանցվել ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար, որից հետո իրավունք կունենար իրականացնելու վստահված անձին վերապահված իրավունքները՝ լուսանկարներ անել, ընտրական հանձնաժողովի անդամներին ներկայացնել դիտարկումներ և առաջարկություններ, խնդրել, որ արձանագրեն խախտումը և այլն։ Մինչդեռ տեսանյութից ակնհայտ է դառնում, որ Պետրոսյանը չի գրանցվել գրանցամատյանում, հետևաբար որևէ իրավունք չուներ միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և իրականացնելու այն գործողությունները, որոնք կատարել է։

Իսկ եթե անգամ Պետրոսյանը իր գործողություններն իրականացներ գրանցամատյանում գրանցվելուց հետո, ապա այս պարագայում կչարաշահեր ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով վստահված անձին վերապահված իրավունքները, քանի օր օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վստահված անձինք իրավունք չունեն միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, ընտրական հանձնաժողովի անդամներին տալու ցուցումներ, միջամտելու քվեարկության ընթացքին: Ակնհայտ է, որ Պետրոսյանը, ցուցակը ձեռքին դուրս գալով ընտրատեղամասից, նախ հրաժարվում է ցուցակը հանձնել հանձնաժողովի նախագահին, ապա ցուցում է տալիս ընտրական հանձնաժողովի նախագահին. «Հաղորդում եք տալիս, մնացածը իրավապահ մարմինները գնահատական կտան», և դա անում է բավականին ագրեսիվ ձևով։

Պետրոսյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, նաև անհարգալից վերաբերմունք է դրսևորել իր գործառույթներն իրականացնող դիտորդի նկատմամբ՝ ագրեսիվ տոնով խոսելով վերջինիս հետ և նրան անվանելով «Բարգավաճ Հայաստանի» կողմից ներդրված, ինչով էլ, որպես մարզպետ, խախտել է հանրային ծառայողի վարքագծի մի շարք սկզբունքներ՝ բարեկրթությունը և հարգալիրությունը, բարեխղճությունը, օբյեկտիվությունը, քաղաքական չեզոքությունը։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Աիդա Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն