Տեղեկատվության ստուգման կենտրոնը և ԱԳՆ-ն ապատեղեկատվություն են տարածում. Իրանի նախագահը նախկինում շնորհավորական ուղերձները հղել է Անկախության կամ դրա հաջորդ օրը

article-image

Այսօր մամուլը հրապարակել է Իրանի նախագահի կողմից ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ պետության ղեկավարներին ուղղված շնորհավորական ուղերձի «ուշացման» առնչությամբ փորձագիտական շրջանակների մեկնաբանությունները։

Մասնավորապես՝ իրանագետ Վարդան Օսկանյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Իրանի նախագահի կողմից Փաշինյանին ուղղված շնորհավորանքի ուշացումն արդեն ուղերձ է, որն անհանգստություն պետք է առաջացնի ՀՀ իշխանությունների մոտ։ Նա նաև նշել էր, որ սրանով Իրանն իր վերաբերմունքն է արտահայտում ՀՀ իշխանություններին Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու հարցի վերաբերյալ։

ՀՀ վարչապետին կից «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Տեղեկատվության ստուգման կենտրոնն անդրադարձել է փորձագետների վերլուծություններին՝ նշելով, որ վերլուծություններով փորձ է արվում հարցին որոշակի քաղաքական երանգ տալ: 

Տեղեկատվության ստուգման կենտրոնը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի կողմից ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ «ուշացող» շնորհավորական ուղերձի մասին փորձագետների մեկնաբանությունների առնչությամբ հրապարակել է նաև ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը, որում ասվում է. «Այս տարի Իրանի նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձը հղեց սեպտեմբերի 24-ին։ 2018 և 2019 թվականներին այդ ուղերձը հղվել էր նույնպես սեպտեմբերի 24-ին և 25-ին։ Տարիներ առաջ իրանական կողմի շնորհավորական ուղերձը ստացվել է անգամ ամիսներ անց։ Այստեղ որևէ արտառոց բան պետք չէ փնտրել»։

AntiFake.am-ը ստուգել է, թե նախորդ տարիներին երբ է Իրանի նախագահը շնորհավորական ուղերձնել հղել ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ։

Օրինակ, 2019 թվականին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հենց Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին։

2018 թվականին Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին Անկախության տոնի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 22-ին։

Ուստի՝ ԱԳՆ-ի պնդումը, թե 2018 և 2019 թվականներին նույնպես սեպտեմբերի 24-ին և 25-ին են հղվել ուղերձները, չի համապատասխանում իրականությանը։

Նշենք, որ Իրանի նախագահը ՀՀ անկախության տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև 2014 թվականին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որի մասին էլ, ըստ էության, հիշատակել է ԱԳՆ-ն։ Սակայն ի հակադրություն ԱԳՆ-ի պնդմանը, թե շնորհավորանքը ստացվել է Անկախության տոնից ամիսներ անց` պետք է նշենք, որ 2014 թվականի շնորհավորական ուղերձը նույնպես ստացվել է Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին։

Այսպիսով` կարող ենք փաստել, որ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող վարչապետին կից ՊՈԱԿ-ի Տեղեկատվության ստուգման կենտրոնը հերթական ապատեղեկատվությունն է տարածում՝ զլանալով ստուգել Արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված սխալ տեղեկությունները:

 

Աղբյուր՝ AntiFake.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն