
Թուրքիայի երեք ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ դիմում են ներկայացրել Բարձրագույն ընտրական հանձնաժողով՝ պահանջելով գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանել մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակից։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Թուրքիայում գործող «Լավ», «Ժողովրդավարություն և բեկում» և «Հայրենիք» կուսակցությունները պնդում են, որ Էրդողանի առաջադրումը սահմանադրության խախտում է, քանի որ Էրդողանն արդեն երկու անգամ ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում։
Ընդդիմադիրները նշում են, որ 2014 և 2018 թվականների նախագահական ընտրություններում հաղթած Էրդողանը երրորդ անգամ առաջադրվելու իրավունք կունենա միայն այն դեպքում, եթե Թուրքիայի խորհրդարանը արտահերթ ընտրություններ նշանակի։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մարտի 28-ին հայտարարել է, որ ընտրություններին Էրդողանի մասնակցության համար որևէ խոչընդոտ չկա։ Չելիքի խոսքով՝ 2018 թվականին սահմանադրության փոփոխությունից հետո, Էրդողանն առաջին անգամ է ընտրվել նոր նախագահական համակարգով, հետեւաբար նրա նախկին նախագահական ժամկետը չի կարող հաշվի առնվել։
Թուրքիայի ընտրական գլխավոր հանձնաժողովը մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու 4 թեկնածուների անուններ է հրապարակել։ Նրանք են՝ գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմության միասնական թեկնածու, Ժողովրդա-հանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ու ևս երկու թեկնածուներ՝ Մուհամեր Ինջեն և Սինան Օղանը։ Ակնկալվում է, որ Թուրքիայի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի մարտի 31-ին։
Աղբյուր՝ AntiFake.am