Արցախի տարածքում ադրբեջանական վերջին առաջխաղացումից հետո լիսագորցիներն ամբողջությամբ կտրվել են Արցախի մյուս մասից. Արդեն 5 օր է Ստեփանակերտ չեն կարողանում գնալ. Լիսագորի համայնքապետ

article-image

Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի կապն Արցախի մնացյալ հատվածի հետ մարտի 25-ից՝ Շուշիի չորս գյուղերը Ստեփանակերտի հետ կապող գրունտային ճանապարհի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ունեցած առաջխաղացումից հետո, ամբողջությամբ կտրված է։ Համայնքապետ Գագիկ Նասիբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն հինգ օր է, ինչ գյուղի բնակիչներից ոչ մեկը Ստեփանակերտ գնալ չի կարողանում։

«Տեղաշարժի ու հումանիտար բնույթի խնդիրներ առաջացել են դեռևս դեկտեմբերի 12-ից, երբ փակվեց Լաչինի միջանցքը, բայց գրունտային ճանապարհով էլի ինչ-որ չափով կարողանում էինք գնալ Ստեփանակերտ, մթերք, դեղորայք առնել ու գալ։ Մարտի 25-ից այս կողմ տեղաշարժը լրիվությամբ կասեցված է. ոչ մեկը չի կարողանում Ստեփանակերտ գնալ։ Մարդիկ ստիպված կրկնակի ճանապարհ են անցնում, հասնում Սյունիք, որ կենսական անհրաժեշտության ապրանքներ կարողանան ձեռք բերել։ Եթե Լիսագորից Ստեփանակերտ 30 կմ էր, ապա հիմա 60 կմ-ից ավել ճանապարհ են անցնում, որ հասնեն Գորիս»,-պատմում է համայնքապետը։

Բնակիչները հիմնականում մտահոգված են անվտանգային՝ հետզհետե խորացող խնդիրներով։ Այդուհանդերձ, Նասիբյանը վստահեցնում է, որ մարդիկ չեն շեղվում առօրյա կարևոր գործերից. ինտենսիվորեն տնամերձ հողատարածքներն են մշակում, մեղվաբուծությամբ զբաղվում, անասնապահությունը փորձում զարգացնել։

«Արցախի կառավարությունը կարտոֆիլի սերմացու է բաժանել գյուղացիներին։ Մարդիկ նաև այլ մշակաբույսերի սերմեր են ձեռք բերել իրենց ուժերով, որ հողն անմշակ չմնա։ Աշխատում են այգիներում, տնամերձում, դրա հետ մեկտեղ՝ անհանգստություն կա։ Ճիշտ է՝ անհանգիստ են, բայց ամենակարևորը՝ խուճապ չկա։ Հարմարվել՝ ապրում ենք այսպես։ Չգիտեմ էլ՝ մեր ժողովրդի՝ ամեն ինչին հարմարվելու հատկությունը լա՞վ է, թե՞ վատ այս պարագայում»,-անկեղծանում է Նասիբյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, չբավարարվելով Արցախը Հայստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելով, մարտի 25-ին կրկին ներխուժել ու առաջխաղացում է ունեցել Արցախի հանրապետության տարածքում՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ։

Աղբյուր՝ «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը
Կեղծ լուրերի վիճակագրություն