ԼԳԲՏ շահերի պաշտպան Զարեհ Սինանյանը կնշանակվի՞ ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար

article-image

Վերջին շրջանում համացանցում լուրեր են շրջանառվում, որ Գլենդելի քաղաքային խորհրդի  անդամ և Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կնշանակվի ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար:

Տեղեկության աղբյուրը asbarez.com լրատվական կայքում տեղ գտած հրապարակումն է, ըստ որի՝ Զարեհ Սինանյանը դիմում է ներկայացրել և հրաժարվել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամությունից՝ ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի պաշտոնը զբաղեցնելու համար:

Թեև Զարեհ Սինանյանին ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար նշանակելու մասին այս պահի դրությամբ պաշտոնական տեղեկատվություն չկա, բայց իշխանության մի շարք ներկայացուցիչներ հասցրել են այդ լուրը որպես իրականություն կիսել իրենց սոցցանցային էջերում:

Խոսքը մասնավորապես ԱԺ պատգամավոր Անուշ Բեգլոյանի և Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի մասին է:

Բացի այդ, Wikipedia-ում Զարեհ Սինանյանը ներկայացվում է որպես ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար:

Հատկանշական է, որ Զարեհ Սինանյանը նախկինում ակտիվորեն քննադատել է նախկին իշխանություններին, նրանց սթափվելու կոչեր արել, իսկ ներդրումների բացակայությունն էլ պայմանավորել է իշխանությունների հանդեպ բացարձակ անվստահությամբ:

Վերջինս, ի աջակցություն 2018թ. հայաստանյան ցույցերի և Նիկոլ Փաշինյանի, Գլենդելում ցույցեր է կազմակերպել, ինչպես նաև մասնակցել է Հայաստանում տեղի ունեցած ցույցերին:

Սինանյանը ֆեյսբուքյան մի շարք գրառումներում ողջունել է հայաստանյան իրողությունները և Նիկոլ Փաշինյանի «հաղթանակը»  «հանցագործ ավտորիտար ռեժիմի նկատմամբ»: (1, 2, 3)

Ուսումնասիրելով Զարեհ Սինանյանի սոցիալական էջերը՝ պարզ է դառնում, որ Զարեհ Սինանյանը մտերիմ կապեր ունի Փաշինյանի ընտանիքի և հեղափոխականների հետ, ինչի ապացույցը բազմաթիվ ոչ պաշտոնական հանդիպումներից հրապարակված լուսանկարներն են (1, 2, 34): Օրինակ, դեռևս 2018թ. մայիսին Սինանյանը մասնակցել է Փաշինյանի վարչապետ ընտրվելու առիթով կազմակերպված խնջույքին, իսկ ամիսներ անց տեղի է ունեցել նաև պաշտոնական հանդիպում վարչապետի հետ:

Զարեհ Սինանյանի՝ ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար նշանակման մասին օդում կախված տեղեկությունները միանշանակ չընդունվեցին հասարակության կողմից՝ ԼԳԲՏ անձանց հետ կապ ունենալու տեսանկյունից։

Համացանցում լուսանկարներ տարածվեցին, որոնցում Զարեհ Սինանյանի հետևում ԼԳԲՏ անձանց դրոշն է: Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր սկսեցին տարածել նկարները՝ մատնանշելով Սինանյանի ԼԳԲՏ ակտիվիստ լինելու փաստը, մյուսներն էլ հակադարձեցին՝ ասելով, որ նկարը ֆոտոշոփի արդյունք է:

Մինչդեռ ուսումնասիրելով Զարեհ Սինանյանի կեսագրությունը՝ պարզ է դառնում, որ վերջինս կապ ունի  ԼԳԲՏ համայնքի հետ, և տարածվող նկարները կեղծ չեն:

Դեռևս 2017թ. Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում հպարտորեն հայտարարում է այն մասին, որ LGBTQIA անձանց խտրականությունը դատապարտող բանաձև է ընդունվել, և շնորհակալություն է հայտնել գլենդելցիներին իրեն քաղաքային խորհրդի անդամ ընտրելու և իրենց ու բազմազան համայնքներին ներկայացնելու հնարավորություն տալու համար:

Գրառումը փաստում է այն մասին, որ լինելով Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ` Սինանյանը լայնորեն աջակցել է ԼԳԲՏ անձանց և նպաստել նրանց դեմ խտրականությունը դատապարտող բանաձևի ընդունմանը:

Իսկ 2018թ. Equality Armenia-ի կողմից ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանելու համար Սինանյանը արժանացել է մրցանակի:

Նշենք, որ Equality Armenia-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը իր առջև նպատակ է դրել հավասար ամուսնության պայմաններ ստեղծել Հայաստանում, ինչը թույլ կտա օրինականացնել ԼԳԲՏ անձանց ամուսնությունները: Կազմակերպությունը աջակցում և խրախուսում է հայաստանյան համայնքներում կառուցողական երկխոսությունը ԼԳԲՏ անձանց հավասար իրավունքների և օրենքի առաջ հավասար պաշտպանության վերաբերյալ:

Պարզելու համար, թե ի վերջո Զարեհ Սինանյանը նշանակվել է ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար, AntiFake.am-ը կապ հաստատեց վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, ով, ըստ էության, չհերքեց տեղեկությունը՝ ասելով. «Վարչապետի լիազորությունների շրջանակում է դա, և ինքը կորոշի՝ ում կնշանակի այդ պաշտոնում և երբ նշանակի, երբ նշանակի, տեղյակ կլինեք այդ մասին»:

Այսպիսով՝ ԼԳԲՏ շահերի պաշտպան Զարեհ Սինանյանի՝ ՀՀ վարչապետին կից սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար նշանակվելու մասին լուրերը դեռևս մնում են օդում կախված, բայց հաշվի առնելով Սինանյանի հրաժարականը Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնից, իշխանականների շնորհավորական արձագանքները և ՀՀ վարչապետի մամլո խոսնակի կողմից տեղեկությունը չհերքելը՝ կարելի է ենթադրել, որ օդում կախված տեղեկությունը շուտով իրականություն կդառնա։

Հոդվածի ռուսերեն տարբերակը:

 

Հեղինակ՝ Մարի Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
նիկոլ-օ-մետր

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Ամենաընթերցվածը