.jpg)
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել «Հայաստան» և «ՔՊ» խմբակցությունների պատգամավորների միջև։ Նիստի ավարտին իրավիճակը հարթվել է։ Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցները գնացել են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի աշխատասենյակ և հայտնել, որ նույն խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը պետք է ներկայանա ոստիկանության բաժանմունք։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Օհանյանը նշեց, որ իրավիճակը սրվել է, երբ իր աշխատասենյակ է եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և աղմուկ ու խառնաշփոթ առաջացրել միջանցքում և սենյակում։ Ոստիկաններն, օգտվելով Սիմոնյանի ներկայությունից, փոխել են վերաբերմունքը, հրմշտել պատգամավորներին։ Պատգամավորի փոխանցմամբ՝ իրեն հասած տեղեկատվությունների համաձայն՝ վեճն առաջացել է, երբ Վլադիմիր Վարդանյանը սադրել է հանձնաժողովի նիստի ընթացքում, ձեռքով սեղանին հարվածել, տեղից վեր կենալով շարժվել Սահակյանի ուղղությամբ, բայց նիստի ավարտին վիճակը հանդարտվել և հարթվել է։ Ըստ նրա՝ Մհեր Սահակյանը գնացել է ոստիկանների հետ Արաբկիրի բաժանմունք և այժմ այնտեղ է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ բաժանմունք է գնացել նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Աղբյուր՝ AntiFake.am